Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 2019-12-13 09:34
Հայտնի են «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019» ծրագրի հաղթողները
Ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում էր 11 անվանակարգերում՝ արժեւորելով այս տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած եւ ամենատարբեր նվաճումներ գրանցած երիտասարդներին ու երիտասարդական խմբերին։
Երեւանի պետական կամերային թատրոնում հանդիսավոր արարողությամբ եւ մրցանակների հանձնմամբ կայացավ «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019» ծրագիրը։ Հայտերի ընդունումը սկսվել էր հոկտեմբերի 21-ից եւ շարունակվել մինչեւ նոյեմբերի 23-ը։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ծրագրի իրականացմամբ առաջնային նպատակ ուներ խթանել հանրային կյանքին երիտասարդների մասնակցությունը։
 
Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման ակտիվ գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումն էլ մյուս կարեւոր նպատակն էր։ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող ծրագիրը տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների ու երիտասարդական խմբերի, վերջիններիս գործունեությանը նպաստող երիտասարդական հասարակական կազմակերպությունների մեծ ծավալի աշխատանքի խրախուսման, նրանց ձեռքբերումների արժեւորման յուրատիպ միջոց էր:

Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում էր 11 անվանակարգերում: Առցանց հայտը կարող էր լրացնել յուրաքանչյուր անձ՝ առաջարկելով 2019 թ.-ի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լիներ երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում: Բոլոր անվանակարգերի լավագույն եռյակում հայտնված երիտասարդները հրավիրվել էին մասնակցելու միջոցառմանը, որի ժամանակ էլ պետք է տեղի ունենար հաղթողների որոշումը՝ առցանց քվեարկությամբ եւ Երեւանի պետական կամերային թատրոնում գտնվող ներկաների մասնակցությամբ։
 
Ստորեւ ներկայացնում ենք բոլոր 11 անվանակարգերը եւ քվեարկության արդյունքում հաղթած մրցանակակիրներին՝
1. Երիտասարդ բժիշկ - Լիլիթ Խաչատրյան
2. Երիտասարդ բնապահպան - GyumRiver
3. Երիտասարդ գյուղատնտես – Արամ Վերդյան
4. Երիտասարդ գիտնական – Մարիա Անտոնոսյան
5. Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ - Սաղարա
6. Երիտասարդական աշխատող – Լիլիթ Մակարյան
7. Երիտասարդ մարզիկ – Արթուր Ավետիսյան
8. Երիտասարդ հայրենադարձ – Նարեկ Սուսանի 
9. Երիտասարդ գործարար – Անի Անտոնյան
10. Տարվա երիտասարդ – Տիգրան Մալխասյան

Հայրենիքի երիտասարդ պաշտպան անվանակարգում որոշվեց ներկայացված թեկնածուներին (Արեն Շախկյան, Հրանտ Սարկիսով, Արգիշտի Ղարդաշյան) պարգեւատրել մրցանակով՝ հաշվի առնելով վերջիններիս կատարած ծառայությունը, պարտքն առ հայրենիք։ Մրցանակակիրներին պարգեւատրած ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը եւս մեկ անգամ ընդգծեց հայրենիքի երիտասարդ պաշտպանի դերը՝ նշելով, որ առաջադրված բոլոր թեկնածուները իսկապես արժանի են մրցանակներին. «Նրանք նաեւ արժանի են մեծարանքի եւ հոտնկայս բարձր ծափողջույնների»։ Դահլիճը թնդաց...

«Երիտասարդ գյուղատնտես» անվանակարգում հաղթած, Արցախի Մարտակերտի շրջանում գյուղատնտեսությամբ զբաղվող Արամ Վերդյանը նշեց, որ անակնկալ կերպով է իմացել իր՝ ծրագրին մասնակցելու մասին. «Ընդամենը 20 ժամ առաջ են ինձ տեղեկացրել, որ պետք է ներկա լինել այս միջոցառմանը։ Ամեն ինչ թողել եմ ու եկել, բայց ճանապարհին շատ եմ խորհել, թե ինչ եմ անում մեր երկրի ու պետության համար, որպես երիտասարդ ինչպես եմ նպաստում երկրիս շենացմանը, մարդկանց կյանքի բարելավմանը, առկա տնտեսական ցուցանիշների դինամիկ, կայուն զարգացմանը, նկատելի հաջողությունների արձանագրմանը։ Սա շատ կարեւոր է ամեն երիտասարդ անհատի համար, քանի որ այդպես հասկանում ես, թե ինչպես կարող ես օգնել ու նպաստել երկրիդ շենացմանը։ Կարելի է ասել, որ այստեղ գալիս վերափոխվել եմ։ Իսկապես շնորհակալ եմ, որ այսպիսի բարձր պատվի եմ արժանանում»։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որը մրցանակ հանձնեց «Երիտասարդ գիտնական» անվանակարգում հաղթած Մարինա Անտոնոսյանին։ Ըստ նախարարի՝ այսպիսի վառ անհատներն իրենց օրինակով կարող են մեր հասարակության համար առաջընթաց ապահովել. «Անհատը, որպես մեր հասարակության կարեւոր բաղադրիչ, ինքն է ապահովում մեր առաջընթացն անձնական վերափոխմամբ։ Երբե՛ք չդադարեք երազել, երբե՛ք։ Դա հաղթանակների ու հաջողությունների հասնելու համար ամենակարեւոր բաղադրատոմսն է»։

Մրցանակաբաշխության ժամանակ ներկաների համար հնարավորություն եղավ գեղեցիկ երաժշտություն ունկնդրելու։ Երաժշտական կատարումներով ելույթ ունեցան «Նեմրա» հայկական ռոք խումբը, «Տիեզերք» բենդը եւ «Լավ Էլի» հայկական ալտերնատիվ ռոք-խումբը։

Հ.Գ.։ Մրցանակաբաշխության արդյունքում առաջացած մի շարք տեխնիկական և կազմակերպչական հարցերի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության կողմից հավելյալ պարզաբանում է սպասվում: Այդ թեմային Eritasard.am-ն անպայման կանդրադառնա:

Պատկերասրահ՝ Երիտասարդական մրցանակաբաշխություն - 2019