Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 27-04-2016
«Ջինսի սերունդ» Կարեն Գիլոյանի հետ
Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը խորհուրդ է տալիս կարդալ վրացի գրող Դաթո Տուրաշվիլիի «Ջինսի սերունդ» վեպը:

Այսօր «Կարապի լիճ» սրճարանում կազմակերպվել էր գրքի քննարկում մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էր նաեւ գրքի հեղինակը՝ Դաթո Տուրաշվիլին: Վեպը Կարեն Գիլոյանի ուշադրությանն արժանացել է նրա համար, որ այնտեղ ներկայացվում է 1989 թ.-ի դեպքերը Վրաստանում, երբ ուսանողների մասնակցությամբ բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Գիրքն ընթերցելուց հետո մարզական մեկնաբանի մոտ կերպարային ընկալումների կտրուկ փոփոխություններ է լինում:

Դաթո Տուրաշվիլին ծնվել է 1966 թ.-ին Թբիլիսիում: 1989 թ.-ին Վրաստանում տեղի ունեցած ուսանողական բողոքի ցույցերի առաջնորդներից մեկն է: Ուսանողները բողոքում էին, որովհետեւ վրացական վանքերից մեկի շրջակայքում ԽՍՀՄ բանակն անցկացնում էր ռազմական վարժանքներ, վանքի տարածքում ռազմական գործողություններ էին տեղի ունենում: Այդ օրերի իրադարձություններն էլ արտահայտվել են Տուրաշվիլիի առաջին պատմվածքներում: Բացի վեպերից եւ պատմվածքներից՝ գրել  է նաեւ պիեսներ, ֆիլմերի սցենարներ: Հայտնի է նրա «Դոդոյին սպասելիս» պիեսը: «Ջինսի սերունդը» հեղինակի ամենահայտնի գործերից մեկն է, որն ունի նաեւ իր պիես տարբերակը, որը բեմադրվել է Թբիլիսիում 2001 թ.-ին: Գիրքը հրատարակվել է հինգ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

«Երբ իմացա, որ գիրքը 1989 թ.-ի իրադարձությունների մասին է, որոշեցի կարդալ: Ես Ջավախքում եմ ծնվել եւ իրադարձությունները կատարվում էին մեր դեռահասության տարիներին: Այդ իրադարձությունները շատ մեծ արձագանք էին գտել, շատ էր խոսվում, քննարկվում, շատ գաղտնիքներ մնացին: Ուզում էի հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել: Իմ մեջ գիրքը շատ բան փոխեց: Այն ավելի շատ փաստագրական վեպ է, միաժամանակ՝ շատ զգացմունքային, հուզական եւ շատ տխուր ավարտով»:

Երկար ժամանակ այդ շրջանում ինքնաթիռը գրաված երիտասարդներին Կարեն Գիլոյանը հրեշներ է պատկերացրել, միայն գիրքը կարդալուց հետո նրա ընկալումներում շատ բան է փոխվել. «Այն ժամանակ, երբ մենք դեռահաս էինք եւ իմացանք, թե ինչ է կատարվել, շատ երկար ժամանակ այդ ակտիվիստ երիտասարդներին որպես հրեշներ էին ներկայացնում, ովքեր ինքնաթիռ էին առեւանգել: Ներկայացվում էին որպես ցոփ ու շվայտ, ոսկե երիտասարդության ներկայացուցիչներ, ովքեր, իրենց կյանքից ձանձրացած, որոշել էին արկածախնդրության դիմել եւ փախչել արտերկիր: Այդպես էլ մեր մեջ տպավորվել էր, որ նրանք դիվային կերպարներ են: Բայց գրքի ընթերցումը սպիտակեցրեց այդ երիտասարդների կերպային ընկալումը: Իհարկե, մնում եմ այն համոզմանը, որ հանցագործություն է կատարվել. անկախ գաղափարներից՝ ոչ ոք իրավունք չունի այլ մարդու կյանքի հետ խաղալ, անգամ եթե իրենք չէին սպանողները»:

Գրքի հեղինակը՝ Դաթո Տուրաշվիլին նշեց, որ վեպը, այսպես կոչված, ջինսի սերնդի ձգտումների, երազանքների եւ խորտակված պատրանքների դրամատիկ պատմությունն է.  «Նրանք հոգեպես խեղդամահ էին լինում ԽՍՀՄ-ում, նրանց Ամերիկան էր ձգում եւ ազատությունը: Եվ այնտեղ հասնելու համար վրացի երիտասարդները պատրաստ էին վտանգել անգամ իրենց կյանքը»:

Հեղինակը կարծել է, որ գիրքը գրվելուց հետո երբեք չի տպագրվի. «Ես չէի կարծում, որ երբեւէ կհրատարակեմ այս գիրքը, որովհետեւ միամտորեն ենթադրում էի, որ Սովետական Միության փլուզումից հետո Վրաստանի խորհրդային անցյալը միայն իբրեւ դառը հիշողություն կմնար, բայց պարզվում է, որ անցյալը կարող է վերադառնալ եւ հատկապես այն դեպքում, երբ մենք ինքներս չենք կարողանում բաժանվել այդ անցյալից»:

Պատկերասրահ՝ «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը շարունակվում է