Նյութը՝ Ա. Տուրյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 01-04-2016
Տաթեւիկ Ավետիսյան. «Հայաստանը կարող է դիտարկվել որպես հաղորդակցության ոլորտի մասնագետներին համախմբող կենտրոն»
«Երիտասարդ» առցանց պարբերականը «PR Summit Armenia»-ի մասին զրուցել է «Deem Communications»-ի PR տնօրեն Տաթեւիկ Ավետիսյանի հետ:

Երրորդ տարին անընդմեջ Հայաստանում «Deem Communications»-ի կողմից իրագործվում է PR-ին նվիրված մեծ գագաթնաժողով: «Երիտասարդ» առցանց պարբերականը փորձել է մինչեւ միջոցառման կազմակերպումը հասկանալ, թե որոնք են «PR Summit»-ի կազմակերպչական դժվարությունները: Խոսելով «Deem Communications»-ի ծրագրած լայնածավալ միջոցառման մասին` «Deem Communications»-ի PR տնօրեն Տաթեւիկ Ավետիսյանը պատմել է «PR Summit»-ի կազմակերպման մի շարք առանձնահատկությունների մասին:

- Ի՞նչ է սպասվում PR-ին նվիրված եռօրյա միջոցառման ընթացքում: Ի տարբերություն նախորդ տարիների՝ ինչպիսի՞ փոփոխություններ են եղել կազմակերպչական մասով:

- PR գագաթնաժողովը կամ «PR Summit Armenia»-ն միջազգային փորձի եւ գիտելիքների փոխանակման հարթակ է՝ ոլորտի մասնագետների հետ շփվելու եւ միասին խնդիրներն ու լուծումները քննարկելու: Արդեն 3-րդ տարին է, ինչ «PR Summit»-ի շրջանակներում տարբեր երկրներից հրավիրում ենք հանրային հարաբերությունների եւ հաղորդակցության փորձառու մասնագետների, ովքեր իրենց միջազգային փորձով ու գիտելիքներով գագաթնաժողովը բովանդակության առումով բացառիկ են դարձնում:

Փոփոխությունների եւ զարգացումների մասին խոսելով՝ նշենք, որ «PR Summit Armenia»-ի լսարանը տարեցտարի ընդլայնվում եւ բազմազան է դառնում, եւ դրա հետ մեկտեղ առավել մեծ պատասխանատվություն ենք զգում հարուստ ու բովանդակալից ծրագիր մատուցելու համար: 

Հավելել ենք քննարկվող թեմաները, խոսնակների կազմը թե՛ արտերկրից եւ թե՛ Հայաստանից: Այս անգամ հյուրընկալելու ենք խոսնակներ այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, Սլովակիան, Լիտվան եւ Վրաստանը: Այս տարվա կարեւոր առանձնահատկություններից է նաեւ այն, որ փորձ է արվել այն ներկայացնելու նաեւ հարեւան տարածաշրջաններում եւ երկրներում՝ ակնկալելով, որ հետզհետե Հայաստանը կարող է դիտարկվել որպես հաղորդակցության ոլորտի մասնագետներին համախմբող կենտրոն:

«PR Summit Armenia»-ի` 2016 թ.-ի հաճելի անակնկալներից է նաեւ «Gala Dinner»-ը, որի ժամանակ մասնակիցներն անմիջական շփման հնարավորություն կունենան թե՛ խոսնակների եւ թե՛ այլ մասնակիցների հետ, ինչպես նաեւ քննարկել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնահերթությունները ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոյի ներկայացմամբ:

- Միջոցառման շրջանակում ելույթ կունենան բավականին փորձառու եւ անվանի ընկերությունների ներկայացուցիչներ, հայտնի խոսնակներ: Ինչպե՞ս է ստացվել, որ հենց նրանց եք հրավիրել: Այդպիսի մասնագետներին հրավիրելը բա՞րդ է:

- Ի սկզբանե մեր նպատակն է ներգրավել հարուստ միջազգային փորձ ունեցող փորձագետների, ովքեր իրենց եզակի փորձն ու գիտելիքները կներկայացնեն տեղի PR մասնագետներին: Առաջին հերթին հենց դրանով է պայմանավորված PR գագաթնաժողովի բացառիկ լինելը: Իհարկե, նման մակարդակի փորձագետներին հրավիրելը պայմանավորված է մի քանի գործոններով:

Ամենամեծ բարդությունը, երեւի, այն է, որ այդ մարդիկ շատ զբաղված ու պահանջված են եւ իրենց զբաղվածությունը պլանավորում են ոչ թե ամիսներ, այլ նույնիսկ տարիներ առաջ: Այնուամենայնիվ, մեզ հաջողվում է անել այնպես, որ գերծանրաբեռնված օրակարգով հանդերձ՝ նրանք հետաքրքրություն ցուցաբերեն Հայաստանի հանդեպ եւ ժամանակ հատկացնեն այցելությանը:

Ուրախալի է, որ այցելելուց հետո միջազգային խոսնակները իրենց գործընկերներին խորհուրդ են տալիս այցելել Հայաստան եւ ներդրում ունենալ այս նախաձեռնության մեջ: Այդպես ունենում ենք փորձագետների ցանց:

Որպես երկրորդ դժվարություն կնշեի ֆինանսական գործոնը: Նման փորձագետների ժամանակը շատ թանկ արժե, իսկ Հայաստանում եւ այլ երկրներում վճարունակությունը բնականաբար տարբեր է: Արդյունքում ստացվում է, որ շատ ավելի թանկարժեք փորձագետների ժամանակը PR գագաթնաժողովի շրջանակում մատուցվում է շատ ավելի մատչելի պայմաններով, ինչը նույնպես բացառիկ է դարձնում գագաթնաժողովը: 

- Դեռեւս նախորդ տարի «Deem Communications»-ի հիմնադիր եւ ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը կարծիք-տեսակետ էր հայտնել, որ եկել է արդեն ժամանակը, որպեսզի «PR Summit Armenia»-ն դառնա տարածաշրջանային կարեւոր հավաքույթ PR մասնագետների համար: Արդյո՞ք այս տարի մասնակցելու հայտեր կան նաեւ հարեւան երկրներից: Դեռեւս նկատի ունեմ՝ Իրան, Վրաստան...

- Նախորդ տարիների համեմատ՝ այս տարվա մեծ առաջընթացն է հենց այն, որ PR գագաթնաժողովը դարձել է միջազգային ոչ միայն ներգրավված խոսնակների, այլեւ մասնակցության տեսանկյունից: Շուկան ուսումնասիրելուց հետո եկանք այն եզրակացության, որ նաեւ տարածաշրջանի PR մասնագետների համար այս մասնագիտական միջոցառումների շարքը հնարավորություն է շփվելու Արեւմուտքի փորձագետների եւ միմյանց հետ, ինչպես նաեւ ծանոթանալու Հայաստանի շուկային, իսկ հետագայում նաեւ համագործակցային հարաբերություններ ձեւավորել: Սա դեռեւս առաջին տարին է, որ PR գագաթնաժողովը բաց է միջազգային մասնակիցների համար, եւ մենք արդեն տեսնում ենք մեծ հետաքրքրվածություն Վրաստանից, Ռուսաստանից եւ նույնիսկ Մերձավոր Արեւելքից:

Հուսով ենք, որ որոշ ժամանակ անց «PR Summit Armenia»-ն կդառնա կարեւոր մասնագիտական իրադարձություն ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում՝ դրանով կարեւորելով նաեւ մեր երկրի դերակատարությունը հաղորդակցության ոլորտում:

- Հատկապես ապրիլի 9-ի միջոցառումների ծրագիրը բավականին հագեցած է, սակայն ոչ պակաս կարեւոր օրեր են նաեւ ապրիլի 8-ը եւ 10-ը: Մի փոքր կբացեք չակերտները, թե PR գագաթնաժողովի մասնակիցները կոնկրետ ինչո՞վ են զբաղվելու: 

- PR գագաթնաժողովը կառուցված է այնպես, որ ընձեռված հնարավորությունից կարողանան օգտվել թե՛ սկսնակ մասնագետները եւ թե՛ խորը մասնագիտացում ունեցողները: Օրակարգն ու թեմաները կազմված են այնպես, որ միջազգային մեծ փորձ ունեցող եւ համաշխարհային մակարդակով պահանջված փորձագետներին հնարավորություն ունեն լսելու եւ՛ ուսանողները, եւ՛ տարբեր ոլորտներում աշխատող PR մասնագետները, եւ՛ ընկերությունների ղեկավարները: Յուրաքանչյուրը կարող է ընտրել իրեն առավել համապատասխան փաթեթը: Հենց դրանով է պայմանավորված PR գագաթնաժողովի եռօրյա օրակարգը:

Ապրիլի 8-ին տեղի կունենա բաց դասախոսություն PR-ի եւ հաղորդակցության վերաբերյալ, որը կվարի հայտնի «Ogilvy» PR ընկերության փորձագետ Սերժ Վայեզին: Դասախոսությանը, որի մուտքն ազատ է, կարող են մասնակցել բոլոր հետաքրքրվածները: 

Ապրիլի 9-ի ծրագիրը նախատեսված է հաղորդակցության մասնագետների համար եւ իր բնույթով ավելի խորը մասնագիտական է: Այդ օրը դասախոսություններով եւ սեմինարներով հանդես կգան «PR Summit Armenia»-ի շրջանակում հրավիրված բոլոր միջազգային եւ տեղական փորձագետները: Իսկ ապրիլի 10-ին տեղի կունենա փոքր լսարանի համար նախատեսված հատուկ դասընթաց (coaching) ԱՄՆ-ից ժամանած խորհրդատուի՝ Շերիլ Պրոկտեր-Ռոջերսի կողմից, որն առավել օգտակար է ընկերությունների ղեկավարների, ինչպես նաեւ ավելի մեծ փորձ ունեցող PR մասնագետների համար, ովքեր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում: 

- Իհարկե, հասկանալի է, որ հայտերի հիմնական ընդունելությունը կարող է լինել վերջին պահին, սակայն չէիք ցանկանա նշել, թե այս պահի դրությամբ քանի՞ կազմակերպություն եւ որքա՞ն մասնակից են գրանցվել:

- Հետաքրքրությունն ընդհանուր առմամբ ոգեւորիչ է: Հայաստանում մեծամասնությունը սովորաբար սպասում է վերջնաժամկետին, որն ապրիլի 4-ն է: Ըստ նախկին տարիների փորձի՝ մասնակիցների թիվը հասնում է մոտ հարյուրի: Ակնկալում ենք, որ գրանցման միտումներով այս տարի եւս դրան մոտ թիվ կունենանք: Առավելապես կարեւորում ենք քննարկումների դինամիկան, որի համար նման մասնակցությունն արդյունավետ է:

- Գուցե տարօրինակ կհնչի, սակայն ի՞նչ կտա «PR Summit»-ը մասնակիցներին, եւ ի՞նչ կկորցնեն այն PR մասնագետները, եթե չմասնակցեն միջոցառմանը:

- «PR Summit Armenia»-ն մասնակիցներին թույլ կտա նոր գիտելիքներ եւ գաղափարներ ձեռք բերել, ծանոթանալ միջազգային փորձին եւ մասնագիտության միտումներին, շփվել համաշխարհային համբավ ունեցող փորձագետների հետ, գործընկերային կապեր հաստատել: PR մասնագետներին եւ PR-ով հետաքրքրվողներին հորդորում ենք բաց չթողնել այս հնարավորությունը: 

- Ինչպե՞ս «DEEM Communications»-ում օգտագործեցիք նախկին փորձն այս միջոցառումն իսկապես յուրօրինակ դարձնելու համար: Կա՞ր հստակ մշակված ծրագիր:

- «PR Summit Armenia»-ի հաջողության հիմքում ընկած են մեր լայն կապերը: Տարբեր գործընկերների հետ համագործակցության շնորհիվ մեզ հաջողվում է բազմազան դժվարություններ հաղթահարել: «Deem Communications»-ն արդեն 10 տարեկան է: Ընկերությունն ունի կապեր թե՛ Հայաստանում եւ թե՛ արտերկրում, եւ հաջողվում է այս նախաձեռնության գաղափարի շուրջ համախմբել, ներգրավել եւ ոգեւորել մեր գործընկերներին, որոնց շնորհակալ ենք իրենց ներդրման համար: Մեր աշխատելաոճի հիմքում ընկած են պրոֆեսիոնալիզմը, ազնվությունն  ու շուկայում նոր ձեռնարկումներ ներկայացնելու համարձակությունը, ինչը թույլ է տալիս փոխադարձ վստահության վրա հիմնված ամուր կապեր ստեղծել: