Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 13-05-2016
Արմեն Մարգարյան. «Խուսափում եմ բանսարկու մարդկանցից»
Սիրված դերասան Արմեն Մարգարյանը, չնայած երիտասարդ լինելուն, կերտել է հարուստ կենսագրություն:

Նա նկարահանվել է բազմաթիվ  ֆիլմերում, հանդես եկել մի շարք ներկայացումներում:

Դերասանի հետ հանդիպեցինք Պետական կամերային երաժշտական թատրոնում, որտեղ նա ակտիվորեն աշխատում էր: Արմենի հետ խոսեցինք ներկայացումներից, անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխություններից, ինչպես նաեւ ապագա անելիքներից, կարճ ասած, դերասանի թույլտվությամբ թերթեցինք նրա կյանքից մի քանի էջ:

- Արմե՛ն, քիչ առաջ ակտիվորեն ի՞նչ էիք քննարկում դերասանների հետ եւ մի՞շտ եք աշխատանքում այդքան  էներգիա ծախսում:

- Քննարկում էինք «Սեքսուալ խառնաշփոթ» ներկայացումը, որն արդեն երեք տարի է, ինչ բեմում է: Հիմա համատեղության կարգով վերադարձել եմ թատրոն. ինձ առաջարկել են փոքր- ինչ փոփոխություն կատարել ներկայացման մեջ, այսպես ասած՝ ձգել այն: Ներկայացումն այդպիսի օրգանիզմ է. եթե այն նույն կերպ երկար է մնում, ապա փլվում է, ուստի պետք է հղկել, վերամշակել այն: Այդ հղկումը վստահվեց ինձ, ինչի շուրջ էլ քիչ առաջ ընթանում էին աշխատանքները: Ինչ վերաբերում է էներգիա ծախսելուն, ապա՝ այո՛, քանի որ բեմադրման աշխատանքն այնպիսին է, որ մեծ սեր եւ էներգիա է պահանջում:

- Կրկին վերադարձել եք Պետական կամերային երաժշտական թատրոն, կխնդրեի` մի փոքր այդ մասին խոսեիք:

-Այս թատրոնն ինձ համար շատ հարազատ է, նախ  դեռ ուսանողական տարիներից ես այստեղ եմ եղել, սա կարծես իմ տունը լինի, ուստի շատ ուրախալի է ինձ համար այս վերադարձը, բայց ցավոք թատրոնում այսօր նկատում եմ խնդիրնր, որոնք իմ ժամանակ չեն եղել: Երկար ժամանակ թատրոնը մատնված էր պարապուրդի եւ Արմեն Մելիքսեթեյանին աշխատանքից հեռացնելուց հետո խումբը հանձնվել Է գեղարվեստական խորհրդին, այս խորհրդի մեջ ներգրավված են թատերական դաշտի հայտնի անուններ, ովքեր իրենց գերզբաղվածության և այլ պատճառներով չեն կարողանում պատշաճ ուշադրություն դարձնել թատրոնի ստեղծագործական կյանքին, ինչը թատրոնը տանում է դեպի ստեղծագործական փակուղի: Այդ բացը փորձել են լրացնել ինձ համար անընդհունելի և ծիծաղելի կերպով. Անհասկանալի պատճառներով թատրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն է նշանակվում թատրոնի ադմինիստրատորը, ով ստանձնելով այդ դերը և շահարկելով այն, խոչնդոտում է թատրոնի ստեղծագործական աշխատանքներին, ինչը պայմանավորված է աշխատանքային պարտականությունների չիմացությունից, անփորձությունից: Ավելի պարզ արտահայտվելու համար ասեմ որ այդ անձնավորությունը այնքանով է հասկանում թատրոնի գեղարվեստական մասից, որքանով նույն թատրոնի գեղխորհրդի անդամները տիեզերանավերի կառուցման գծագրերից: Իմ կարծիքով, նման իրավիճակից դուրս գալու համար, այսօր թատրոնին  շտապ անհրաժշտ է գլխավոր ռեժիսոր, ով ի տարբերություն նախորդի, թատրոնում կստեղծի ստեղծագործական կայուն մթնոլորտ:

- Արմե՛ն, անցում կատարենք Ձեր կյանքին. ծնվել եք Բաքվում, հիմա գտնվում եք Երեւանում, կպատմե՞ք Ձեր կյանքի առաջին մի քանի էջերի մասին:

- Այո՛, ես երբեք չեմ թաքցրել՝ որտեղ եմ ծնվել: Իմ հայրական պապիկը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղբայրների հետ տեղափոխվել է Բաքու: Հայրս այնտեղ է ծնվել, մորս ընտանիքը նույնպես ապրել է Բաքվում: 1987 թվականին ծնվեց եղբայրս, իսկ 88-ին` ես: Երբ սկսվեցին վայրագությունները, մենք փախանք Հայաստան, եկանք փախստականի կարգավիճակով: Ի դեպ, հայրական պապիկս արմատներով Գորիսից է, ուստի ես նույնպես գորիսեցի եմ:

- Հ
անդես եք եկել բազմաթիվ ներկայացումներում, մարմնավորել բազմաթիվ կերպարներ: Ո՞րն է այն ներկայացումը կամ կերպարը, որում Արմենն իրեն զգացել է այնպես, ինչպես ձուկը ջրում:

- Կան մի քանի ներկայացումներ, որտեղ ես ինձ զգում եմ այնպես, ինչպես ձուկը ջրում: Կամերային երաժշտական թատրոնում ունենք «Սասունցի Դավիթ» ներկայացումը, որտեղ ես մարմնավորում եմ Ձենով Օհանին, Հ. Պարոնյանի անվան թատրոնում ունենք «Տիկին Մինիստրուհին» ներկայացումը, որը նույնպես ինձ հոգեհարազատ է: Կան մի քանի ներկայացումներ, որտեղ ես ինձ իրոք կարողանում եմ գտնել:

- Վ. Ալենի «Մահը թակում է դուռը» ներկայացման մեջ մարմնավորել եք մահը. դժվար չէ՞ր: Կկիսվեք` ի՞նչ էիք զգում այդ ժամանակ:

- Այդ ներկայացման մեջ գործողություններն ընթանում են մի մեծահարուստի տանը, որտեղ մահը գալիս է նրա հետեւից, բայց այդ մեծահարուստն այնքան ճարպիկ եւ բանիմաց է լինում, որ կարողանում է հաղթել մահին: Այդ ներկայացման շրջանակում շատ քննարկումներ եղան, թե ինչպիսին պետք է լինի մահվան կերպարը. ի վերջո, ոչ ոք չգիտե`մահն ինչ արտաքին ունի, որեւէ մեկը մահին չի տեսել: Մենք որոշեցինք չընտրել մահվան ավանդական արտաքինը, եւ արդյունքում ես ներկայացա որպես դրական, ուրախ մահ՝ ժպիտով:

- «Ապրելու իրավունք». այս պիեսի առաջին ընթերցողներից եմ: Ի՞նչ եղավ հետո, ի՞նչ եք անելու այս ստեղծագործության հետ:

- Վերջերս քննարկում էի այդ պիեսի հետ կապված հարցերը: Կարծում եմ` մոտ ապագայում պիեսը լույս աշխարհ կգա ներկայացման տեսքով: Շատ եմ սպասում, ի դեպ, մյուս շաբաթվանից կսկսվեն ընթացիկ փորձերը: Այդ պիեսի հիման վրա ներկայացում ունենալն իմ նպատակներից մեկն է:

- Այդ պիեսի մեջ ներկայացված է Ձեր իսկ կողմից արված հոգեբանական հետազոտությունը, արդյո՞ք  ինքնասպանության երեւույթը միշտ է Ձեզ հետաքրքրել:

- Ինձ միշտ հետաքրքրում էր` ինչ են զգում մարդիկ այդ պահին: Սկսեցի նյութեր ընթերցել, գրքեր կարդալ, ուսումնասիրել ինքնասպանություն ասվածը, շփվում էի հոգեբանների հետ: Հստակ ոչ ոք ոչինչ չէր ասում, միակ բանը, որ փաստում էին բոլորը, այն էր, որ առաջին խոչընդոտը վախն է: Հենց այդ վախն էր, որը ես փորձեցի ուսումնասիրել:

- Թե՛ «Գիսանե»-ում, թե՛ «Արտավազդ»  մրցանակաբաշխությունների ընթացքում արժանացել եք տարվա լավագույն երիտասարդ դերասան մրցանակին: Ի՞նչ են փոխել այդ մրցանակները Ձեր կյանքում:

- Մրցանակները շոյում են, ոգեւորում, բայց ինձ դրանք չեն փոխել, մրցանակներն ինձ ուղղակի ոգեւորել են:

- Արմե՛ն, գիտեմ, որ կինոման եք: Ո՞ր ֆիլմն է մեծ ազդեցություն ունեցել Ձեր կյանքում:

- Որակյալ ֆիլմերն իմ տարերքն են: Անչափ սիրում եմ Ալեխանդրո Գոնսալեսի, Քրիստաֆոր Նոլանի ֆիլմերը: Շա՜տ-շատ սիրում եմ Հենրիկ Մալյանի ֆիլմերը, խենթանում եմ Փելեշյանի, Փարաջանովի ֆիլմերի համար: Կարծում եմ՝ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը միշտ կարելի է նայել, եւ ոչ միայն նայել, այլեւ ամեն անգամ ինչ-որ նոր բան սովորել: Իմ կարծիքով՝ դա մի ամբողջ վարպետության դաս է:

- Այսօր ղեկավարում եք դերասանական ստուդիա, ո՞րն է նպատակը, եւ ինչպիսի՞ն են Արմեն Մարգարյանի սաները: Ի՞նչ խորհուրդ է տալիս Արմեն Մարգարյանն իր սաներին:

- Այո՛, սակայն «Կետ» թատրոն-ստուդիան կվերսկսի իր աշխատանքները սեպտեմբերից: Ներկայումս դասավանդում եմ «Դիսնեյ» արվեստի դպրոցում, ունեմ մյուզիքլի խումբ, սաներիս խորհուրդ եմ տալիս հետևյալը «Ցանկացած հիմարություն արեք, չափազանց լրջորեն եւ դրանից արվեստի հոտ կգա»: Այս արտահայտությունը լսել եմ իմ դասախոսներից և հիմա փորձում եմ փոխանցել սաներիս, չնայած շատ բաներ ես նրանցից եմ սովորում:

- Ինչի՞ց է առհասարակ խուսափում Արմեն Մարգարյանը:

- Խուսափում եմ բանսարկու մարդկանցից, որոնք այսօր շատ են, խուսափում եմ այդ մարդկանց հետ հանդիպելուց, նրանց հետ խոսելուց:

- Արմե՛ն, Ձեր հասցեին բամբասանքները շատ չեն, սակայն վերջերս լուրեր են պտտվում, որ Դուք այլեւս միայնակ չեք:

- Բամբասանքը պարապ մարդկանց զբաղմունք է, բամբասում են, թո՛ղ բամբասեն, սակայն ինչ վերաբերում է իմ անձնականին, ապա՝ այո՛, ես այլեւս միայնակ չեմ, կարծում եմ՝ շուտով ամեն բան առավել լավ կլինի:

- Ձեզ հաճախ ենք տեսնում հեռուստաեթերում, թատրոնում, սակայն մոտ ապագայում հանրությունը կտեսնի՞  գեղարվեստական ֆիլմ, որի գլխավոր հերոսը կլինի Արմեն Մարգարյանը:

- Մենք հիմա նկարահանում ենք Նար-Դոսի «Ես եւ նա» գործի հիման վրա քսանհինգ մասից բաղկացած ֆիլմաշար, որի մի մասի գլխավոր դերում ես եմ: Ինչպես նաեւ կնկարահանվի երկու կարճամետրաժ ֆիլմ՝ «Ես կվերադառնամ» եւ «Ական», որոնցում Արմեն Մարգարյանը կրկին կներկայանա հանրությանը: