Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-04-2016
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության»
Ապրիլի 23-ին Երեւանում կկայանա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը, որի ընթացքում կքննարկվեն Հայոց ցեղասպանության եւ առհասարակ ցեղասպանության հանցագործությանն առնչվող հարցեր:

Այսօր` լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր ֆորում ունենալու է իր թեման, իսկ այս տարի ֆորումի թեման փախստականների խնդիրներն են. «Ֆորումի մասնակիցները կենտրոնացած են լինելու ցեղասպանության կենդանի վերապրողների խնդիրների վրա»: 

Վիգեն Սարգսյանը փաստեց, որ Երեւանում նախորդ տարի անցկացված  «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի բազմաթիվ մասնակիցներ Հայաստանին կոչ են արել մտածելու այն մասին, թե ինչպես Հայաստանը կարող է հարթակ դառնալ ցեղասպանության հանցագործությանն առերեսվող մարդկանց, խմբերի, ժողովուրդների համար.

«Այդ հանցագործության մասին խոսելը ոչ միայն Հայաստանի իրավունքն է, այլեւ պարտականությունը՝ հանցագործության կանխարգելման եւ զոհերի իրավունքների պաշտպանության համար: Աշխատելով բազմաթիվ գործընկերների հետ՝ եկանք այն գաղափարին, որ Հայաստանում 2015-ին կազմակերպված գլոբալ ֆորումը պետք է դառնա պարբերական: Որոշեցինք այն անցկացնել երկու տարին մեկ անգամ` ապրիլին Երեւանում, հրավիրել խորհրդարանականների, դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, մեդիա, հոգեւոր առաջնորդների»:

Նշենք, որ ֆորումը, ինչպես նաեւ ապրիլի 24-ին Երեւանում անցկացվելիք «Ավրորա» մրցանակաբաշխությունը լուսաբանելու են արտասահմանյան 70-ից ավելի լրատվամիջոցներ:

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ Ցեղասպանության ճանաչման գործում մեր կարեւոր ձեռքբերումներին` առանձնացնելով դեկտեմբերի 9-ը Հայաստանի առաջարկով Ցեղասպանության կանխարգելման,  ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանության միջազգային օր հռչակելուն. «Մենք ամեն տարի այդ օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հետ համապատասխան միջոցառումներ ենք կազմակերպելու»:

Երկրորդ կարեւոր ձեռքբերումը, ըստ նրա, առնչվում է ցեղասպանագետների խնդիրներին, ովքեր երկար տարիներ մեծ աշխատանք են կատարել ցեղասպանության հանցագործության ուսումնասիրությունների, դրա դեմ պայքարի ձեւերի քննարկման ուղղությամբ. «Արձանագրվեց, որ մի մեծ պակաս կա այդ ուղղությամբ: Այդ պակասը հասարակական, քաղաքական պլատֆորմի բացակայությունն է: Կան իրավական որոշ փաստաթղթեր, ընթացակարգեր, բայց չկա քաղաքական այն հարթակը, որտեղ քաղաքական ուժերի, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պարբերաբար կհավաքվեն՝ քննարկելու ցեղասպանության հիմնախնդիրները»:

Ասուլիսին ներկա էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով` ֆորումին հնչող բոլոր մտքերը, ելույթները, մտահոգությունները կարող են դառնալ տարբեր երկրների խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների, ընկերակցությունների համար քննարկման նյութ եւ վերածվել տարբեր փաստաթղթերի. «Մեր նպատակն է Երեւանում անցկացվող ֆորումը դարձնել միջազգային հանրության ֆորում»: