Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-25 18:43
ՆՈՐԱՁԵՎ ՎԵՐԱՐԿՈՒՆԵՐ
Չնայած կուրտկաների հարմարավետությանը, կանանց զգեստապահարանում պարտադիր է ոճային վերարկուի առկայությունը։ Այս սեզոնում դիզայներներն առաջարկում են ցանկացած ճաշակի տարազան մոդելներ։

Սեզոնի հիթը ճոխ թևքերով վերարկուն է։ Դարձյալ հարգի են օվերսայզ ոճի վերարկուները։ մոդելներն առավելապես այրական վերարկու են հիշեցնում, առաջարկվում է նաև ազատ ուրվագիծ ունեցող երկար վերարկուներ, որոնց թևքերը ամբողջությամբ ծածկում են դաստակը։

Արդիական մեկ այլ թրենդ են նվազագույն տարրերով այրական խստաոճ դասական վերարկուները։ Աչք են շոյում հատկապես սև, մոխրագույն, կապույտ և մանանեխագույն երանգների մոդելները։ Կարելի է ընտրել տրանսֆորմեր օձիքով և գոտիով մոդել, որպեսզի հնարավոր լինի, հանգամանքներից ելնելով, փոխել ոճը։

Արդիական են մնում նաև ռետրո ոճի վերարկուները։ Որոշ ապրանքանիշների հավաքածուներում ուշադրությունից զերծ չեն մնացել երկշար ոսկեգույն կոճակներով մոդելները։

Դարձյալ գերնորաձև են տարբեր ֆասոնների ու երկարության քեյփերը։ Նորաձևության ճեմահարթակներին աչքի են ընկնում ինչպես զուգահեռ կոճակներով կարճլիկ քեյփերը, այնպես էլ միլիթարի ոճի տարրերով խստաոճ մոդելները, նաև անփույթ ձևվածքով քեյփերը։

Այս սեզոնի կաշվե վերարկուն հաճախ փեչվորք ոճով է և բաղկացած է կաշվի ու թավշակաշվի միագույն կամ տարագույն լաթակտորներից։

Այս սեզոնի թիկնոց վերարկուները հաճախ կարող են լրացված լինել տարազան տարրերով, օրինակ՝ գրպաններով, լայն բոլորածալերով, կողքից կոճակներով և այլն։

Որոշ հավաքածուներում ներառվել է պլեդ՝ ծածկոցաշալ հիշեցնող թավշյա տաքուկ վերարկուներ։ Առանձնապես արդիական են շոկոլադագույն երանգափնջերով մոդելները, ինչպես նաև դաջանախշով մոդելները։

Վանդականախշ վերարկուները դիրքերը չեն զիջում։ Դիզայներները իրենց մոդելներում օգտագործում են ինչպես դասական նախշերը, այնպես էլ դրա ինքնատիպ տարբերակները, օրինակ՝ փսիխոդելիկ սագանախշը կամ երանգանցումով տարտանը։

Վերարկուների նորաձև գունապնակը բավական բազմազան է։ Հարգի են հատկապես կարմիրի, նարնջագույնի, դեղինի տարբեր երանգները, նաև բեժը, սրճագույնը, ֆուքսիայի գույնը և դեղնականաչը։ Նորաձև են բազմագույն ծովային երանգների, ինչպես նաև վառ վարդագույն վերարկուները։

Սպիտակ վերարկուն, չնայած պրակտիկ չլինելուն, միշտ էլ շքեղ ու նրբաճաշակ տեսք ունի։ Այդուհանդերձ հիշեք, որ գունամատիտային երանգները գիրացնում են, իսկ մուգը, հակառակը, կազմվածքը ձգում, սլացիկ է դարձնում։