Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-25 18:12
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… «ՄԱՐՄԵԼԱԴ»
Մարմելադը քաղցրավենիք է, որը պատրաստվում է մրգերից և շաքարից (որպես խտացուցիչ օգտագործում են պեկտիններ, ագար-ագար, ժելատին):

Եվրոպայում մարմելադն առաջին անգամ հայտնվել է 14-րդ դարում, իսկ Արևելքում այն հազարամյակների պատմություն ունի։ Քաղցրավենիքի պատմությամբ զբաղվողներից շատերն այն կարծիքին են, որ մարմելադի անմիջական նախնին ռահատ լոխումն է, որը աստվածաշնչյան ժամանակներից ի վեր եփում էին մեղրից, օսլայից, մրգերից և վարդաջրից։ Արևմտյան Եվրոպայում մինչ շաքարի ի հայտ գալը չգիտեին, թե ինչ է մուրաբան։ Եվրոպացիների առաջին ծանոթությունը մարմելադի հետ տեղի է ունեցել Խաչակրաց արշավանքների ժամանակ Փոքր Ասիայում։ 16-րդ դարից հետո, երբ Եվրոպա սկսեցին ներկրել ամերիկյան էժան շաքար, այստեղ սկսեց զարգանալ հրուշակագործությունն ու բազմազան քաղցրավենիքի, ջեմերի ու կոնֆիտյուրների արտադրությունը։ Արդեն 18-րդ դարում ֆրանսիացիները պատրաստում էին իրենց մարմելադը խնձորից, սերկևիլից և ծիրանից։ Ֆրանսիացի հմուտ խոհարարներից շատ ժամանակ չպահանջվեց՝ պարզելու համար, որ հենց այդ մրգերն է հնարավոր եփել այնքան, որ սառչելուց հետո եփված պտղամիսը (պարունակած պեկտինի շնորհիվ) թանձրանա՝ ի տարբերություն մուրաբաների։

Անգլալեզու երկրներում եթե փորձեք մարմելադ գնել, ձեզ կառաջարկեն ցիտրուսային, հատկապես նարնջային մուրաբա: Հույները մարմելադը կոչում էին «պելտե»։ Ինչ անուն էլ ունենա այս քաղցրավենիքը, ինչ մրգից էլ պատրաստեն, միևնույն է, այն շատ սիրված է և տարածված։

Եվ այսպես, մարմելադի պատմական հայրենիք են համարվում Մերձավոր Արևելքը և Միջերկրական ծովի արևելյան ափը։ Մրգերի և հատապտուղների հյութը պահպանելու համար դրանք եփում էին այնքան, որ թանձրանան։  Սակայն տարատեսակ մարմելադներ պատրաստելու արվեստը մեծապես ծաղկեց Եվրոպայում։

Բոլոր ազգերից շատ մարմելադ սիրում են անգլիացիները. բրիտանական յուրաքանչյուր երկրորդ ընտանիքը չի պատկերացնում իր նախաճաշն առանց նարնջի մարմելադով տոստի։ Կարծիք կա, որ մարմելադը ստեղծել է Շոտլանդիայի թագուհի Մարիայի անձնական բժիշկը։

Նա թագուհու ծովային հիվանդությունը բուժելու համար նրան տալիս էր կեղևը չմաքրած նարնջի շերտեր՝ վրան շաղ տալով շաքարի փոշի։ Ֆրանսիացի խոհարարն էլ իր տիրուհու ախորժակը բացելու նպատակով նրա համար պատրաստում էր սերկևիլի և նարնջի եփուկ։ Այդ համեղ եփուկը այնքան էր դուր եկել թագուհուն, որ մշտապես գտնվում էր նրա մահճակալի մոտ։ Որոշ ուսումնասիրողներ առաջ են քաշել այն կարծիքը, որ «մարմելադ» բառը առաջացել է Marie est malade-ից։ Սակայն առավել հավանական է, որ «մարմելադ» բառի հիմքում պորտուգալերեն marmelo բառն է, որը նշանակում է «սերկևիլ»։

Ի դեպ, ֆրանսերենում, որից ամբողջ աշխարհը փոխառել է մի շարք խոհարարական անվանումներ, «մարմելադ» ի սկզբանե նշանակել է հենց սերկևիլի մուրաբա։

Շոտլանդիայում մարմելադի ծագման մասին այսպիսի լեգենդ է տարածված. այս քաղցրավենիքը «հայտնագործել է» ոմն Ջենիթ Քեյլեր։ 18-րդ դարի սկզբին նրա ամուսինը փոթորկից հրաշքով փրկված իսպանական նավից մեծ քանակությամբ էժան նարինջ էր գնել։ Պարզվեց, որ նարինջները շատ դառն էին։ Հնարամիտ միսիս Քեյլերը խուճապի չմատնվեց և նարնջից ջեմ եփեց, որը շատ շուտով համաշխարհային ճանաչում ստացավ։ Դժվար չէ նկատել նաև «ջեմ» բառի և «Ջենիթ» անվան հնչյունների նմանությունը։

Այսօր շուկայում առկա բոլոր քաղցրավենիքներից համեմատաբար «ճիշտը» համարվում է մարմելադը՝ շնորհիվ բաղադրության մեջ մտնող պեկտինի բարձր քանակության։ Պեկտինը բնական պոլիսախարիդ է, որը համարվում է օրգանիզմը շլակներից մաքրող բնական միջոց։ Երբեմն մարմելադի մեջ ավելացնում են նաև ջրիմուռներ (ագար-ագար), որպեսզի այն  ավելի օգտակար դառնա։

Մերօրյա՝ տարբեր ձևերով կտրտված հատիկավոր մարմելադի նախատիպի մասին առաջին հիշատակությունները վերաբերում են 19-րդ դարին։ Հենց այդ ժամանակ ամերիկյան հրուշակագործության պատմության մեջ ի հայտ եկավ «Ջելլի Բին» անվանումը։ Այս անվանումով էլ հատիկավոր մարմելադները մտան վաճառքի և շատ արագ հրապուրեցին մարդկանց ոչ միայն համային հատկանիշներով, այլև երկար պահելու հնարավորությամբ, տեղափոխման հարմարավետությամբ։ Շատ արագ հասկանալով և գնահատելով նոր մթերքի առավելությունը՝ ամերիկացի Վիլյամ Շրաֆտը, որը զբաղվում էր մարմելադի արտադրությամբ, բանակցություններ վարեց բանակի ղեկավարության հետ և քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսային ճակատում մարտնչող զինվորների համար մարմելադ մատակարարելու պայմանավորվածություն ձեռք բերեց։ Զինվորներին մարմելադը շատ դուր եկավ։ Դա նպաստեց քաղցրավենիքի լայն տարածմանը արդեն խաղաղ ժամանակներում։

Աստիճանաբար մարմելադը դարձավ ԱՄՆ-ի ամենահայտնի և տարածված քաղցրավենիքներից մեկը։ Այն դարձավ ամերիկյան մի քանի սերնդի «մանկության համը»։ Մինչ օրս տիպիկ ամերիկացին չի պատկերացնում իր Զատկի սեղանը առանց «Ջելլի Բինի». այս անվանումով է Միացյալ Նահանգներում մինչև օրս արտադրվում մարմելադը։ Եվրոպացիներին էլ այդպիսի մարմելադը շատ դուր եկավ և տարածում գտավ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին։ Նույն ժամանակաշրջանում էլ այն Գերմանիայից և Իսպանիայից ներմուծվեց Ռուսաստան, թեպետ  Ռուսական կայսրությունում մարմելադը հայտնի և սիրված էր որպես «մրգային դոնդող»։ Կտրտված մարմելադը այստեղ նույնպես շատ արագ տարածում գտավ և նվաճեց թե՛ մանուկների, թե՛ մեծահասակների սրտերը։ Բնականաբար, այս անուշեղենը մեծ տարածում է վայելում երեխաների շրջանում, բայց այն փաստը, որ մարմելադ սիրում են նաև մեծահասակները, այս մթերքի հանդեպ առկա վստահության ապացույցն է։

Սովորաբար մարմելադի վրա շաքարավազ են շաղ տալիս, որը ոչ միայն կլանում է ավելորդ խոնավությունը, այլև առավել գրավիչ է դարձնում մարմելադը՝ քողարկելով անհարթությունները։

Աշխարհի ամենամեծ մարմելադե արջուկը պատրաստել են Gummi Bear Factory ընկերության աշխատակիցները։ Արջուկի բարձրությունը 1մ 70սմ էր, քաշը՝ ավելի քան 600կգ։

Այսօր մեծ տարածում ունեն նաև ծամվող մարմելադները, որոնք և՛ շատ գունեղ են, և՛ բազմազան։ Դրանք հատկապես երեխաների շրջանում դարձել են ծամոնի յուրօրինակ մրցակիցն ու փոխարինողը։

Սևաստոպոլ քաղաքում կա Մարմելադի թանգարան։ Մանկական «Լուկոմորյե» կոչվող ավանում գործող թանգարանը փոքրիկ այցելուներին պատմում է այս քաղցրավենիքի ստեղծման պատմությունը, ներկայացնում է արտադրության տեխնոլոգիան։