Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-08 18:10
ԱՐՑԱԽՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍԿՍԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՑ
Հայաստանում սկսվել է ապաստան գտած արցախցի դպրոցականների, նրանց կրթական կարիքների հաշվառումը, աշակերտների հանրակրթության կազմակերպման գործընթացը կսկսի նոյեմբերի 13-ից, 5-12-րդ դասարանների աշակերտները կպարապեն առցանց, իսկ տարրական դասարանների աշակերտների մասով դեռ հայտարարություն կարվի:

Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

Նա նախ հիշեցրեց, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում այս պահին Արցախում կա 70 և ավելի ավերված դպրոց, 10 և ավելի մանկապարտեզ, 10 և ավելի մշակութային օջախներ: Այս պատերազմի հետևանքով 24 հազար դպրոցական մնացել է անուսում: Խախտվել է մոտ 30 հազար սովորողի իրավունք, որոնցից 24 հազարը դպրոցականներ են, մոտ 4000-ը՝ նախադպրոցահասակ երեխաներ և մնացածը՝ ուսանողներ՝ ուսումնարանների, քոլեջների, ԲՈՒՀ-երի:

«Քանի որ պատերազմական գործողությունները դեռ շարունակվում են, և մենք, բառի բուն իմաստով, հնարավորություն չունենք Արցախում որևէ մակարդակում կրթություն կազմակերպելու մեր աշակերտության և ուսանողության համար, ուստի որոշել ենք Հայաստանում ապաստան գտած մեր աշակերտների և ուսանողների կրթությունը մինչև պատերազմի ավարտը կազմակերպել այստեղ»,-ասաց Ղարախանյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում սկսել են արցախցի աշակերտների հաշվառման գործընթացը: Եվ արդեն կան մեծ թվով հաշվառված աշակերտներ, սակայն դեռ կան չհաշվառվածներ ևս: «Այս պահին մեր աշակերտները գրանցվում են, հաշվառվում են նրանց կրթական կարիքները՝ մասնավորապես դասագրքեր, գրենական պիտույքներ, տեխնիկական միջոցներ: Եվ մենք համատեղ աշխատանքի արդյունքում նախատեսում ենք նոյեմբերի 13-ին սկսել հանրակրթության կազմակերպման գործընթացը»,-ասաց նա:

Առաջիկա երկու օրերին պարզ կլինի՝ տարրական օղակը կանցնի առկա ուսուցման, թե ոչ: Իսկ 5-12-րդ դասարանի աշակերտները պարապելու են առցանց:

«Հաշվառման համար ծնողները կամ դիմում են համայնքապետարանին, որտեղ հիմա գրանցված են կամ հարակից բնակավայրում գտնվող կրթական հաստատությանը՝ կլինի դպրոց, թե պետական մանկապարտեզ: Փաստաթղթերի պարտադիր ներկայացման պահանջը հանվել է, Արցախից առանց փաստաթղթերի են եկած երեխաներին կհաշվառեն առանց դրանց: Դպրոցներում և մանկապարտեզներում հանված է լիցենզիայի սահմանափակ լինելու հարցը»,-ասաց նախարարը: