Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-08 18:09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԸՍՏ ԿԱՐԻՔԻ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ
Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցի ուսուցիչները հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում, եթե առաջանա նման անհրաժեշտություն:

Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Մենք հավաքագրել ենք և տիրապետում ենք, թե հիմա մոտավորապես քանի արցախցի ուսուցիչ կա Հայաստանում: Նրանք շարունակում են հաշվառվել նախարարության տվյալների բազայում: Եվ այն դպրոցներում, որտեղ կառաջանա ուսուցչի խնդիր, մեր ուսուցիչները ներգրավվելու են և դասավանդելու են Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնի համապատասխան կաբինետներից: Այսինքն, միասնական և կենտրոնացված ձևով է լինելու Արցախի ուսուցիչների դասավանդումը»,-ասաց Ղարախանյանը:

Նա շեշտեց, որ բոլոր ջանքերը պետք է համատեղել, որպեսզի կրթության ոլորտում նահանջ ու պարտություն չլինի: «Մենք մեր դաշտում կերտում ենք մեր պատմությունը, պետք է թիկունքում ճիշտ և գրագետ ձևով տանենք բոլոր աշխատանքները»,-նշեց Ղարախանյանը:

Նախարարի խոսքով՝ այս ընթացքում շատ հետաքրքիր կրթական նախաձեռնությունների առաջարկներ են ստացել: Առաջիկայում ուսուցիչների վերապատրաստումներ կանցկացվեն: «Կան տարբեր հոգեբանների խմբեր, որոնք տարբեր տեղեր են այցելում և աշխատում են Արցախից եկած երեխաների հետ: Ամեն ինչ այստեղ արվել է, որ երեխաներն իրենց պաշտպանված զգան»,-ասաց Ղարախանյանը:

Հայաստանում ապաստան գտած արցախցի դպրոցականները և նրանց կրթական կարիքները հաշվառվում են: Արցախցի դպրոցականների հանրակրթության կազմակերպման գործընթացը կսկսի նոյեմբերի 13-ից, 5-12-րդ դասարանների աշակերտները կպարապեն առցանց, իսկ տարրական դասարանների աշակերտների մասով դեռ հայտարարություն կարվի: