Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-30 08:28
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԿԻԼԻԿԻԱՆ ԵՎ ԿԻԼԻԿԻԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ» ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՕՐԵՐԸ
«Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» գիտաժողովը, որը նվիրված է 1920-1921 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին, տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 30-31-ին ՀՑԹԻ գիտաժողովների դահլիճում:

Գիտաժողովը կազմակերպվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորությամբ։

Թեմայի հանգամանալի դիտարկմանն են նվիրված լինելու գիտաժողովի ընթացքում հնչելիք ավելի քան երկու տասնյակ զեկուցումները։ Զեկուցողներն ինչպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներն են, այնպես էլ ներկայացնում են ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության, հնագիտության և ազգագրության ինստիտուտները, Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական մանկավարժական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Բեյրութի Հայկազյան համալսարանը, Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտը, «Օրբելի» հետազոտական կենտրոնը։

Գիտաժողովների դահլիճին կից միջանցքում բացված է «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ հատուկ շեշտադրմամբ ներկայացվում են կիլիկիահայության մղած ինքնապաշտպանական մարտերը՝ ուղղված նախ երիտթուրքական վարչակարգի ցեղասպան քաղաքականության (1915թ.՝ Ֆընտըճագի, Մուսա լեռան ինքնապաշտպանությունները, Ամանոսի գոյամարտը), ապա՝ այն շարունակող քեմալականների դեմ (1920 թ. Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունները):

Խորագրային պանելներից բացի կներկայացվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահվող հնատիպ և նոր գրքերը՝ նվիրված Կիլիկիայի պատմության տարբեր դրվագների: Ցուցադրության համադրողներն են Սեդա Պարսամյանը, Ռոբերտ Թաթոյանը, Գոհար Խանումյանը, ցուցադրության գեղարվեստական ձևավորողն է Քրիստինե Վարդանյանը։