Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-14 13:12
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ. ՀԱՅ ԱՍՏՂԵՐԸ ՆՈՐ ԵՐԳ ԵՎ ՀՈԼՈՎԱԿ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ՝ ՔԱՋԱԼԵՐԵԼՈՎ ԶԻՆՎՈՐԻՆ
Երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող հայ աստղերը համախմբվել և հանրությանn են ներկայացրել «Հաղթելու ենք» երգը, որի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:

Կոմպոզիտորը և խոսքերի հեղինակը Վահրամ Սարգսյանն է, գործիքավորումն իրականացրել է Լիլիթ Նավասարդյանը, երգը կատարում են Գևորգ Հակոբյանը, Սրբուկը, Մավր Մկրտչյանը, Գոռ Սուջյանը:

Երգը ձայնագրվել է Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում: Հնչյունային օպերատորը Տիգրան Կուզիկյանն է, օպերատորները՝ Հովնան Բաղդասարյանը և Սիսակ Ռաֆայելյանը, տեսահոլովակի մոնտաժն իրականացրել է Դավիթ Մարտիրոսյանը, պրոդյուսերը Սերգեյ Ումրոյանն է, գլխավոր պրոդյուսերը` Վահրամ Սարգսյանը:

Երգի թողարկման ամբողջ բյուջեն (4000$-ը կրկնապատկված) մասնակիցները նվիրաբերում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտեր են մղում նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրեր: