Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-10 19:01
ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) դեմ սանձազերծված պատերազմը տարածաշրջանում նաև նոր դերաբաշխման համար մղվող պայքար է, որտեղ Թուրքիան փորձում է անմիջական ու ծանրակշիռ ներգրավվածություն ունենալ:

Թուրքիան ու Ադրբեջանը հայկական կողմին պարտադրել են մի պատերազմ, որի նպատակը տարածաշրջանում անվտանգության ընկալումների և ուժերի հավասարակշռության փոփոխումն է: Նման հեռանկարի թիրախավորումը ենթադրում է նոր դերակատարների ներգրավում՝ դերերի համապատասխան վերաբաշխումով: Համընդհանուր ընկալումն այն է, որ պատերազմի ցանկացած արդյունք որոշիչ նշանակություն կունենա տարածաշրջանային դերակատարների համար` երկարաժամկետ հեռանկարում: Հետևաբար, Հայաստանն ու Արցախն այս պահին պատերազմում են ոչ միայն սեփական անվտանգության ապահովման, այլ նաև տարածաշրջանում կայունության հաստատման երկարաժամկետ հեռանկարի համար:

Թուրքիա–Ադրբեջան դաշինքի քարոզչության թիրախում են հայտնվել մի շարք տարածաշրջանային դերակատարներ: Փորձ է կատարվում փոխելու նաև հակամարտության իրավական ընկալումները: Մասնավորապես՝ Թուրքիան և Ադրբեջանը քննադատում են ՄԱԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը.

  1. ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը իրավիճակային բնույթի բանաձևեր են, որոնք բխեցվել են հակամարտության կոնկրետ փուլի ռազմական գործողությունների արդյունքներից` 1993 թ. ընթացքում: Դա է պատճառը, որ հետագայում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը 27 տարի շարունակ այլևս չի անդրադարձել հիշյալ բանաձևերին:
  2. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության քննադատությանը, թե իբր այն խիստ հեռու է հակամարտության կարգավորմանն ուղղված լինելուց («they are very far from being solution oriented») և անգործության է մատնված, ապա իրականությունն այլ է: 28 տարի շարունակ ԵԱՀԿ-ն ակտիվ և անմիջական ներգրավվածություն է ունեցել ինչպես ռազմական գործողությունների դադարեցման, այնպես էլ հակամարտության սառեցման և կառավարման (Conflict Management) գործում: Հակամարտության կարգավորմանն ուղղված վերջինիս բազմաթիվ մեխանիզմներ ու տարբերակներ մերժել է հենց Ադրբեջանը` վերադարձնելով հիմնախնդիրը զինադադարի մեկնակետին:

Ակնհայտ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության թիրախավորումն ու, այսպես կոչված, անգործության վերաբերյալ Թուրքիայի պնդումների նպատակները: Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ազդեցության լծակները Ղարաբաղյան հիմնախնդրում. ռազմական ագրեսիայի իրականացում, որին կհաջորդի ռազմաքաղաքական ակտիվությունը: ՈՒրվագծվում է նաև առաջին նախապայմանը. Թուրքիան պետք է անմիջական մասնակցություն ունենա բանակցային գործընթացում: Պաշտոնական Բաքուն և Անկարան, հավանաբար, Թուրքիայի համար նախատեսել են ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի կարգավիճակը: Տարիների ընթացքում հետևողականորեն զարգացվում է այն միտքը, որ Մինսկի խմբի համանախագահությունում ֆրանսիական մանդատը պետք է փոխարինվի թուրքականով: Դա փորձում են հիմնավորել խմբում հավասարակշռություն ապահովելու կեղծ թեզով` Ֆրանսիային դիտարկելով որպես հայամետ դիրքորոշում ունեցող միջնորդի:

Բացառված չէ նաև, որ Թուրքիան առաջարկի քառանախագահության նոր ձևաչափ: Անկարան և Բաքուն պարբերաբար խոսում են այն մասին, որ միայն Ռուսաստանն ու Թուրքիան են ունակ կարգավորելու հիմնախնդիրը` դրանով իսկ փորձելով մեղմել ռուսական արձագանքը և օրինականացնել սեփական ներգրավվածությունը: Կարող է թվալ, թե այս թեզը հակասում է ԱՄՆ-ի շահերին, սակայն իրականում Թուրքիայի ներգրավումը մեծացնում է նաև ՆԱՏՕ-ի ներկայությունը տարածաշրջանում և Ղարաբաղյան հակամարտությունում: Թեև հայ-ֆրանսիական բարեկամությունն ու ռազմավարական համագործակցությունն ավանդական բնույթ են կրում, Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է: Հետևաբար, ներկա պատերազմում անմիջական մասնակցություն ունեցող Թուրքիայի ներգրավումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ենթադրում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դոմինանտ դիրքերի ապահովում համանախագահների խմբում: Եթե նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող` ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա) չունեին անմիջական սահման հակամարտության գոտու հետ, ապա Թուրքիայի ներգրավմամբ կլուծվի նաև այդ խնդիրը: Իրադարձությունների նման զարգացումն անխուսափելի է դարձնում ԻԻՀ անմիջական նեգրավման հեռանկարը:

  1. Իրավական ընկալումները: Թուրքիան և Ադրբեջանը պնդում են, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը հետխորհրդային իրողություն է, որին տրամաբանորեն հետևում է այն միտքը, թե իբր խախտվել է ներկայիս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը երբևիցե չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Խորհրդային Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու գործընթացի իրավական հիմքերը դրվել են 1988 թ. փետրվարին, իսկ 1991 թ., երբ Ադրբեջանը հայտարարեց իր անկախության վերականգնման մասին, Լեռնային Ղարաբաղն արդեն իսկ հռչակել էր իր անկախությունը` միջազգային իրավական նորմերի շրջանակներում և համաձայն ԽՍՀՄ սահմանադրությանը և համապատասխան օրենքներին: Պատահական չէ, որ 1992–1994 թթ. Լեռնային Ղարաբաղը մասնակցել է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, իսկ 1994 թ. հակամարտության գոտում հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը ստորագրվել է եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի Հանրապետություն – Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – Ադրբեջանի Հանրապետություն:
  2. Թուրքիան և Ադրբեջանը իրենց քարոզչության մեջ հաճախ են հիշատակում Լեռնային Ղարաբաղի տարածքից հայկական ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը: Մինչդեռ հայկական զորքերի ներկայությունն Արցախում հայկական բնակչության անվտանգության միակ երաշխիքն է: Ընդ որում, Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են հակամարտությանը տալ կրոնական երանգ, ինչն անչափ վտանգավոր հեռանկար է: Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն ներգավում են ռադիկալ ահաբեկչական կառույցները ներկայացնող վարձկանների, այլև կրկնակի ու կանխամտածված հարձակում իրականացնում Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա: Ընդգծենք, որ հայկական կողմը Շուշիում վերանորոգել է Գոուհար-աղա պարսկական մզկիթը:

Ադրբեջանի և Թուրքիայի ակնհայտ հայատեցության պայմաններում հայկական կողմը բացառում է Արցախի Հանրապետության ցանկացած ենթակայությունը Ադրբեջանին և միանգամայն տրամաբանական համարում ղարաբաղյան կողմի ներգրավումը բանակցային գործընթացում:

Իր հերթին, Թուրքիան փորձում է հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների համատեքստում: Պաշտոնական Անկարան Ֆրանսիային դիտարկում է որպես 1915 թ. Հայոց Ցեղասպանությունը ճանաչած պետություն՝ հարցականի տակ դնելով վերջինիս անկողմնակալությունը: Ավելին, պաշտոնական Անկարան հարցականի տակ է դնում նաև Մինսկի խմբի մյուս համանախագահների անաչառությունը Ղարաբաղյան հիմնախնդրում՝ ելնելով հիշյալ երկրների` ՀՀ-ի նկատմամբ ունեցած դիրքորոշումից: Նման տրամաբանությունը բխում է հայերի վերաբերյալ թուրքական ընկալումից, քանզի Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսը (ՌԴ, Ֆրանսիա) լիովին, իսկ ԱՄՆ-ը` Կոնգրեսի զույգ պալատների մակարդակով, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այսպիսով, Հայաստան–Թուրքիա հարաբերությունները որպես մեկնակետ դիտարկելով` Թուրքիան փորձում է ղարաբաղյան հակամարտությունն օգտագործել, իր ռազմաքաղաքական շահերը պարտադրել նաև Ադրբեջանին: Պատահական չէ, որ հայաստանյան հանրությունն ավելի ուշադիր է հետևում նախագահ Էրդողանի և վերջինիս մամլո քարտուղար Իբրահիմ Քալընի, քան Իլհամ Ալիևի և ադրբեջանցի այլ պաշտոնյաների ուղերձներին:

Թուրքիայի հիմնական նպատակներից է քանդել այն պատնեշը, որը ռուսական արտաքին քաղաքականության մեջ ստացել է «Հարավային դարպաս» անվանումը: Հարավային Կովկասում և մասնավորապես` Ադրբեջանում, թուրքական ազդեցության մեծացումը գրեթե զրոյացնում է հնարավորությունները, թե Եվրոպան կարող է ինտեգրել Ադրբեջանին: Ավելին, Թուրքիա–Ադրբեջան հարաբերությունների ներկայիս սերտացումն ու Թուրքիայի՝ Ադրբեջանի անունից հանդես գալը ԵՄ–Ադրբեջան հարաբերությունները փաստացի հանգեցնում են ԵՄ–Թուրքիա հարաբերությունների:

Հաշվի առնելով վերջին տարիներին պաշտոնական Անկարայի անթաքույց պանթյուրքիստական նկրտումները, ինչպես նաև հարևան Վրաստանի որոշ շրջանների (մասնավորապես` Աջարիայի) նկատմամբ հավակնությունների մասով պաշտոնական հայտարարություններն ու մեսիջները` խորապես համոզված ենք, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականության միայն մեկ ուղղությունն է, որից հետո տհաճ անակնկալներ կարող են սպասվել նաև Վրաստանին և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող Աբխազիային ու Հարավային Օսեթիային: Ղարաբաղյան հիմնախնդիրը Թուրքիայի Կովկասյան զավթողագործության և հակամարտության էսկալացիայի առաջին փուլն է միայն:

Այսպիսով, Արցախյան ռազմաճակատում այս պահին որոշվում է ավելի լայն աշխարհաքաղաքական վերադասավորումների հարց. տարածաշրջանում Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայության աճը սպառնում է Հարավային Կովկասի, նրա հարևան երկրների անվտանգությանը, տարածաշրջանում տնտեսական ու քաղաքական շահեր հետապնդող ուժային կենտրոններին ու հակաահաբեկչական պայքարի մեջ ներգրավված ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Այս մարտահրավերների պայմաններում պաշտոնական Ստեփանակերտի, Երևանի ու միջնորդ կողմերի խնդիրը պետք է լինի բանակցային գործընթացում Թուրքիայի` որևէ ձևաչափով ներկայության բացառումը:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանալիները Մոսկվայում են: Հիշյալ փաստը վերահաստատվեց Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարների 2020 թ. հոկտեմբերի 10-ի հայտարարության մեջ: Փաստաթղթում հատկապես կարևորվում են պրեամբուլան և 3-րդ ու 4-րդ կետերը: Պրեամբուլան («Ի պատասխան ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումի, և համաձայն ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Ալիևի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ներքոնշյալ քայլերի վերաբերյալ») ոչ միայն շեշտում է ՌԴ բացառիկ դերը, այլև իրավաբանական առումով ԱԳ նախարարների հայտարարությունը բարձրացնում նախագահների ու վարչապետի մակարդակի: Սա բացառում է փաստաթղթի փաստացի մերժումը հետագայում: Փաստաթղթի 3-րդ և 4-րդ կետերը («Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա սկսում են առարկայական (субстанционный) բանակցություններ` խաղաղ կարգավորման նպատակով»: «Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը») բացառում են բանակցային նոր ձևաչափի ընդունումը և ունեն ավելի՛ երկարաժամկետ ուղղվածություն:

Այսպիսով, 2020 թ. հոկտեմբերի 10-ի հայտարարությունն առնվազն քաղաքական գործընթացներում փաստացի խաղից դուրս թողեց Թուրքիային և ամրագրեց ՌԴ դիրքորոշումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոփոխման ենթակա չէ: 

Սակայն Թուրքիան ռազմաքաղաքական տեսանկյունից շարունակում է իշխել Ադրբեջանում, հետևաբար կձգտի վերանայելու խաղի` արդեն իսկ ձևավորված կանոնները:

 

Վահրամ Պետրոսյան, պ. գ. թ., դոցենտ

Ռոման Կարապետյան, պ. գ. թ., դոցենտ