
«Սողոմոնի երգերը» ֆիլմը պատմում է Կոմիտասի մանկության մասին, որը համընկնում է Համիդյան սարսափելի ջարդերի տարիներին` 1894-96 թվականներին: Գեղարվեստական պատումի մեջ տեղ է գտել նախորդ դարի հայոց ցեղասպանության իրական պատմությունների մի շարան: Ֆիլմը հիմնականում նկարահանվել է Արցախում։ Հայաստանի ազգային կինոակադեմիայի որոշմամբ՝ «Սողոմոնի երգերը» ֆիլմը կներկայացվի Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
Այս օրերին էլ Թուրքիան և Ադրբեջանը չեն թաքցնում հայերիս՝ մեր իսկ բնօրրանում վերստին բնաջնջելու իրենց նկրտումները։ Հայոց ցեղասպանությունը, որ դեռ սպասում է արդար դատի, այսօր կրկնվում է նույն հանցագործների ձեռքերով համայն քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ: «Մեր երազանքն է, որ այս ֆիլմը կարողանա թափանցել աշխարհի մարդկության հոգիները, և, վերջապես, Հայկական հարցը լուծում ստանա»,- նշում են ֆիլմի ստեղծողները։