Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-30 10:04
ՓԱՍՏԱՑԻ ՎԱՐՈՒՄ ԵՆՔ 5-ՐԴ ՍԵՐՆԴԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ ԲՆՈՐՈՇ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀՈՎԱՆՆԻՍՅԱՆ
Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում սկսված պատերազմի թափն ու ռազմագիտական բաղադրիչներն աննախադեպ են:

Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բացառիկ ու աննախադեպ է այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները: Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ: Կան ընդգծված առանձնահատկություններ, վերլուծությունը մեր հաղթանակից հետո: Միայն մի բան ասեմ. հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում»,-գրել է Հովաննիսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ: