Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-24 17:51
ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐԻ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ
Սեպտեմբերի 25-ին և 26-ին Տավուշի մարզի սահմանամերձ 13 բնակավայրերում կհնչեն ազգային երգեր:

«Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնին ընդառաջ՝ փառատոնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ Վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն այցելել էր Բերդի համայնքապետարան:
Խոսելով կայանալիք փառատոնի մասին՝ Արսեն Գրիգորյանը նշել է. «Սպասվում է ազգային տոն: Մենք 250 հոգով գալու ենք այստեղ՝ տարբեր քաղաքներից: Սա հրաշալի առիթ է՝ մեր երախտագիտությունը հայտնելու Տավուշ աշխարհի ժողովրդին՝ մեր սահմանը, մեր դարպասներն ամուր պահելու համար: Յուրաքանչյուրս պետք է արժևորենք սահմանում ապրող մարդկանց։ Նպատակը նաև մեր ազգային ավանդական երգն ու պարը տարածելն է և ժողովրդին վերադարձնելն այն, ինչ ստեղծել է հենց ժողովուրդը։ Սպասում եմ բոլորիդ, որ գաք, ձեռք ձեռքի տանք և միասին պարենք մեր ազգային պարերը։ Թո՛ղ Տավուշ աշխարհում միայն տոնական պայթյուններ հնչեն»։

Ամփոփիչ համերգը կկայանա սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին, Բերդ քաղաքում՝ Բերդի համայնքապետարանի հարակից հրապարակում:Բերդ կտեղափոխվի հզոր և ժամանակակից մեծ բեմ, գերհագեցած լուսային և ձայնային սարքավորումներ։ Ապահովվելու է ամբողջությամբ կենդանի հնչողություն և կատարումներ: Փառատոնի ընթացքում կպահպանվեն համավարակի կանխարգելման բոլոր կանոնները: