«Օրինակ՝ լսողության  խնդիր ունեցող հաշմանդամները, որոնք օգտվում են լսողական սարքերից, ընդհանրապես չեն կարող դիմակ կրել: Երբ  նրանք դիմակ են կրում,  շարժումները հավելյալ աղմուկ են առաջացնում լսողական սարքի մեջ, նրանք սկսում են դժվար լսել, և մեծ վնաս է հասցվում  առողջությանը։ Խնդիր է, օրինակ, սայլակների ախտահանումը, ինչպես պետք է դա արվի։ Կամ՝ սայլակ վարելիս դիմակ պետք է, թե՞ ոչ։ Մարզվելիս կամ հեծանիվ վարելիս պետք չէ, բայց սայլակ քշելը որոշ դեպքերում ավելի բարդ է, քան հեծանիվ քշելը կամ վազելը»։

Ինչպե՞ս պետք է պահպանվի հեռավորությունը սայլակի վրա գտնվող հաշմանդամի ու այն վարողի միջև, արդյո՞ք հնարավոր և անհրաժեշտ է այս դեպքում պահպանել սահմանված հեռավորությունը։  Սոցիալական հեռավորություն չեն կարող պահպանել նաև կույրերը, որոնք տեղաշարժվում են ուղեկցողի օգնությամբ։  Ախտահանության հարցը ինչպես կարող է լուծել, օրինակ, մարդը, որը շոշափելիքի միջոցով է  տեղեկատվություն ստանում։ «Նրանք հատուկ գրականություն են օգտագործում, որը շոշափելու հետ կապ ունի, և այստեղ դժվար է մտածել կանոնների մասին»,-ընդգծում է Արմեն Ալավերդյանը: Հաշմանդամների սոցիալական խնդիրների մասին․

«Իհարկե, ոմանք զրկվեցին աշխատանքից՝ ոչ պաշտոնապես։ Նրանց դժվար է աջակցել, որովհետև ասում են՝ մի արի աշխատանքի, աշխատավարձ չեն վճարում, բայց չեն էլ ազատում աշխատանքից։  Եվ նրանք չեն ստանում աջակցություն՝ ոչ պետությունից, ոչ էլ  որևէ կազմակերպությունից, քանի որ ձևականորեն համարվում են աշխատող՝ դեռևս։  COVID 19-ի շրջանակում պետությունը բացարձակապես չի անդրադարձել  հաշմանդամություն ունեցող  անձանց։ Միջոցառումների մեջ նույնիսկ հաշմանդամ բառը նշված չէ»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանի պարզաբանմամբ՝ աջակցության ծրագրերում հաշմանդամները՝ որպես առանձին խումբ, ներկայացված չեն եղել, քանի որ պետական աջակցության ծրագրերն ունեցել են հստակ տրամաբանություն․

«Դրանք ուղղված են եղել այն անձանց, ովքեր համավարակի հետևանքով ունեցել են եկամտի զգալի կորուստ․ կորցրել են իրենց աշխատանքը կամ ընտանիքում, օրինակ, եղել է անչափահաս երեխա, որն ունի որոշակի այլ կարիք։ Այսինքն՝ կառավարության աջակցությունն ուղղված է եղել այն անձանց, ովքեր  ստեղծված իրավիճակի հետևանքով են հայտնվել դժվար պայմաններում։ Այդ իսկ պատճառով  կառավարությունը որևէ առանձին խմբի աջակցություն չի տրամադրել։ Բոլոր այն քաղաքացիները, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցողները, ովքեր կարող էին շահառու հանդիսանալ երկու տասնյակից ավելի ծրագրերի, իրենք  հանդիսացել են շահառու»։

«Իհարկե, միջոցառումների մեջ չէր բացառվում նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ընդգրկումը, բայց , օրինակ ես ոչ որպես հաշմանդամ և ընտանիքում ևս մեկ հաշմանդամ ունեցող քաղաքացի, և ոչ էլ որպես հաշմանդամների «Ունիսոն» կազմակերպության նախագահ  պետությունից  որևէ դրամ չեմ ստացել»,-նկատում է Արմեն Ալավերդյանը։

 Ոլորտը համակարգող նախարարության ներկայացուցչի խոսքով՝  արտակարգ դրություն հայտարարելուց հետո  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կազմվել է  շահառուների ավելի քան 50 ցուցակ՝ տարբերակված ըստ խմբերի և կարիքների։ Դրանցում ընդգրկված են եղել նաև միայնակ տարեցները և առավել խոցելի հաշմանդամները։ Նրանց տրամադրվել է օժանդակություն հասարակական ու միջազգային կառույցների  միջոցով։

«Ցուցակներում ներառված բոլոր քաղաքացիներին միջազգային և հասարակական կազմակերպությունների մեր գործընկերների  միջոցով փոխանցել ենք սննդի և հիգիենայի պարագաներ։ Որպես առանձին խումբ մենք դիտարկել ենք հատկապես նպաստառու ընտանիքների հաշմանդամ երեխաներին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեր գործընկերների հետ մոտավորապես 3110 երեխաների դրամական օգնություն է տրամադրվել՝ 26500 դրամի չափով՝  յուրաքանչյուր երեխայի համար»։

Արմեն Ալավերդյանն ասում է, որ սննդի կամ անհրաժեշտ պարագաների տրամադրումը այս կամ այն կազմակերպության կողմից , իհարկե, ողջունելի է, բայց մեծ հաշվով դրանք չեն լուծում հաշմանդամների սոցիալական և  հատկապես  հոգեբանական խնդիրները, որոնք համավարակի շրջանում  էականորեն սրվել են։  

«Որոշ կազմակերպություններ, որտեղ աշխատում են հաշմանդամներ, նրանց ազատել են աշխատանքի գալու պարտականությունից՝ ասելով մնացեք տանը, միաժամանակ վճարում են։ Դա իհարկե շատ բարի քայլ է, բայց պատկերացրեք  հաշմանդամի հոգեբանական վիճակը, որին   ասում են ՝ մի՛ արի, այսինքն՝ դու պետք չես։  Հոգեբանորեն նրանք ճնշվում են, էլ  չեմ ասում այն մարդկանց մասին, որոնք, ընդհանրապես, ոչ աշխատանք ունեն, ոչ զբաղմունք և զրկված են կյանքի ամենափոքր հաճույքներից»։

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի փոխդեկան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ  Անահիտ Սահակյանի գնահատմամբ՝ համավարակի շրջանում հաշմանդամների հոգեբանական խնդիրները ևս ոչ թե կրկնապատկվել, այլ բազմապատկվել են։ Նրանց բնորոշ մեկուսացման հոգեվիճակն այս դեպքում  կրկնակի ինքնամեկուսացման է վերածվել։ Հաշմանդամների դեպքում  առավել ընդգծված է նաև վարակվելու վախը, տագնապայնությունը, քանի որ նրանք, իսկապես, առավել խոցելի են, քան մյուսները։ Վախն ու տագնապն ավելանում են նաև հաշմանդամներին շրջապատող մարդկանց մեջ, ինչը  նրանց վարքագծում  ևս որոշ փոփոխություններ է առաջացնում։  Հաշմանդամի վրա բացասական լուրջ ազդեցություն է գործում հատկապես մարդկային շփումների պակասը։

«Ի տարբերություն կենդանիների, որոնք կարող են մենակ ապրել և չտխրել, մարդը չի կարող ապրել առանց իր նմանի։ Պրոբլեմները, որոնք հատուկ են մարդկանց դեպրեվացիայի, մեկուսացման պայմաններում , բնորոշ է նաև հաշմանդամներին, բայց ավելի մեծ չափով»։

Օտարվածության, անտեսված լինելու զգացում, շփման հմտությունների դեգրադացիա և այլն․ հոգեբանական խնդիրներ, որոնց բախվում  է հաշմանդամություն ունեցող անձը  նման  իրավիճակներում։

Վերադառնալով նրանց խնդիրներին առհասարակ՝ «Ունիսոն» կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանն ընդգծում է՝ պարզապես  անհրաժեշտ են պետության կողմից իրականացվող հատուկ միջոցառումները  հենց հաշմանդամության հիմքով։ Այլապես ինչու ենք վավերացրել  ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիան ու հաշմանդամներին առնչվող միջազգային մի շարք փաստաթղթերը։ Ըստ նրա՝  պետությունն այստեղ պետք է առավել ակտիվ միջամտություն ցուցաբերի, որպեսզի մեր երկրի  առնվազն 190 հազար քաղաքացիները նման խնդիրներ չունենան։ Մոտավորապես այդքան է Հայաստանում գրանցված հաշմանդամների թիվը: