Նյութը՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-08-28 07:23
ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՎԻԴ-19-Ի ՀԵՏևԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ» ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Օգոստոսի 28-ին «Իմ Հայաստան» ծրագիրը ՀՀ ԿԳՄՍՆ-ի, ԻԿՕՄ Հայաստանի և ՌՕՔԵՄՓ կենտրոնի հետ համատեղ կիրականացնի «Թանգարանների և արգելոց-թանգարանների ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագրի» նվիրատվության միջոցառումը՝ ԿՈՎԻԴ-19-ի արդյունքում առաջացած մարտահրավերները մեղմելու և հաղթահարելու նպատակով:

ԿՈՎԻԴ-19 համաճարակը զգալիորեն ազդել է Հայաստանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության ոլորտների վրա, և 2020 թվականի մարտի 16-ից երկրի թանգարանները փակել են դռները այցելուների առաջ: Հինգ ամիս է, ինչ թանգարանները դադարեցրել են այցելուների ընդունելությունը և հանրության հետ հաղորդակցվել են միայն թվային հարթակների միջոցով: Թեև որոշ թանգարաններ կարողացան հաղթահարել թվային մարտահրավերը, սակայն բոլորը չեն կարողացել՝ հաճախ սարքավորումների պակասի կամ թվային հարթակներում աշխատելու բավարար հմտությունների բացակայության պատճառով:

Ծրագրի առաջին փուլով աջակցությունն ուղղվում է ՀՀ 5 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր և Սյունիք, 36 թանգարաններին ու արգելոց-թանգարաններին։ Մարզերի ընտրությունը պայմանավորված է «Իմ Հայաստանի» կողմից ծավալվող գործունեության աշխարհագրությամբ։