Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության
Տեղադրվել է 2020-08-12 21:33
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՀ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2021-2025 ԹԹ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Սույն թվականի օգոստոսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարության նախագծի մշակման աշխատանքային խմբի հանդիպումը՝ տեսակապի միջոցով:

Մասնակցային ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան՝ աշխատանքային խմբում բացի ԿԳՄՍՆ ներկայացուցիչներից մրցակցային հիմունքներով ընդգրկված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, երիտասարդական ոլորտի փորձագետներ, երիտասարդներ:

Իր բացման խոսքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներին ներգրավման համար՝ կարևորելով երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման գործընթացի մասնակցայնությունը, դրանում բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են Հայաստանի Հանրապետության առաջիկա հինգ տարիների երիտասարդության քաղաքականության տեսլականն ու թիրախները՝ հիմք ընդունելով նախընթաց տարիների փորձառությունը, տարբեր երկրների և մասնավորապես արևելաեվրոպական երկրների երիտասարդության քաղաքականության փորձը, ինչպես նաև Հայաստանում երիտասարդների կարիքների և ակնկալիքների բացահայտմանը միտված հետազոտություններից ու վերլուծություններից բխող առաջարկները:

Քննարկումների արդյունքում հաստատվել է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի մշակման ժամանակացույցը, ըստ որի, նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2020 թվականի տարեվերջին: