Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-15 19:44
ՌԵԺԻՍՈՐ ԿԱՐՈ ԲԱԼՅԱՆԸ ՕՆԼԱՅՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «ԹԹՎԱԾԻՆ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ
«թթվաԾին». այսպես է կոչվում ռեժիսոր Կարո Բալյանի նոր ներկայացումը, որի պրեմիերան կկայանա հուլիսի 17-ին` ժամը 18:00-ին, Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի (Yerevan Shakespeare International Theater Festival) «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Բալյանը տեղեկացրել է, որ թատերական նախագիծն առայժմ կլինի օնլայն հարթակում, սակայն չի բացառել նաև այն, որ  սահմանափակումների դադարեցումից  հետո ներկայացումը ցուցադրվի թատրոնի բեմում։

«թթվաԾին»-ը վերբատիմ ժանրի պիես է, որը թույլ է տալիս նվազագույն կորստով տեղափոխվել առցանց հարթակ: Պիեսի հեղինակը հենց ռեժիսորն է: Սա Բալյանի հեղինակած չորրորդ պիեսն է: Առաջին գործը սիրիական պատերազմի մասին է եղել, կրկին վերբատիմ ժանրի: «Ես երբեք չեմ խոսում ներկայացման ասելիքի մասին՝ այն թողնելով հանդիսատեսի դատին: Այս ներկայացումը համավարակի մասին է՝ հարցազրույցների հիման վրա ստեղծված: Այս պահին պետք է լինեի ՌԴ-ում, բայց սահմանների փակ լինելու պատճառով մնացի, և ծնվեց այս գործը: Հուսով եմ՝ ճանապարհները շուտով կվերաբացվեն, և ես կիսատ թողած բեմադրություններս այնտեղ ավարտին կհասցնեմ: Պետք է խոստովանել, որ կարանտինը նաև նոր նախագծի մեղավորն է, որի մասին շուտով կլսենք»,-նշել է ռեժիսորը:

Բալյանի խոսքով՝ ներկայացումն իրականացվել է առանց որևէ կառույցի ֆինանսական աջակցության: «Պետք է փաստեմ, որ ներկայացման ողջ կազմը հաճույքով ու նվիրումով է աշխատել: Տեսագրության տեխնիկական և մասնագիտական մասը իրականացրել է Freedom Company-ն, Հովհաննես Ղազարյանը, Վահե Ադամյանը և Ավո Գրիգորյանը, ձայնային մասը Հրայր Հովհաննիսյանը:Տեսանյութը մոնտաժել է Ռաֆայել Երկնափեշյանը: Նախագծում զբաղված են Մկրտիչ Արզումանյանը, Լուիզա Ներսիսյանը, Անուշիկ Առաքելյանը, Ստեփան Ղամբարյանը, Սաթենիկ Հազարյանը, Զառա Սահակյանը, Արման Մարգարյանը, Թամարա Գևորգյանը, Մխիթար Ավետիսյանը, Միլենա Ավանեսյանը, Արմեն Միքայելյանը: Իդեալական թիմ ու հաճելի աշխատանքային գործընթաց՝ չափազանց տհաճ թեմայի շուրջ»,- եզրափակել է Կարո Բալյանը: