Նյութը՝ Զավեն Բասմաջյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-14 14:54
ՍՈՒՐԲ ԹԱԴԵԻ ՎԱՆՔԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԵՌՕՐՅԱ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍ ՏԱՐԻ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ
Ալիք օրաթերթը Թեհրանից տեղեկացնում է, որ համաճարակային պայմաններից ելնելով այս տարի ուխտագնացություն Ս Թադեի վանք տեղի չի ունենալու.

 «այսու տեղեկացնում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Հայրապետական հրահանգով եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի ու Թեմական խորհրդի տնօրինութեամբ, Ս. Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, որը տեղի էր ունենալու հինգշաբթիից շաբաթ, 23-25 յուլիսի 2020-ին, բացառապէս այս տարւայ համար չեղարկւեց»:

 2008 թ. Սուրբ Թադևոսի վանքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ Ս.Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ միասին, «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։

Ավանդության համաձայն վանքը հիմնադրել է Թադևոս առաքյալը 66թ.-ին, այնուամենայնիվ կառուցման թվականը վերագրվում է 4-ից  6-րդ դարերին: Վանական այս համալիրը մի քանի անգամ ավերվել է երկրաշարժերից և կրկին վերակառուցվել: Վերջին անգամ վերակառուցվել է 1946թ. Թավրիզի Առաջնորդարանի ջանքերով, իսկ 1954թ.-ից Սուրբ Թադևոս Առաքյալի նահատակության օրը , հայ ուխտավորների խմբերը Թավրիզից շարժվեցին դեպի վանք:

Ամեն տարի հազարավոր հայ քրիստոնյաներ աշխարհի տարբեր անկյուններից ուխտագնացության  են գալիս Սուրբ Թադեի վանք: Եվ այսօր քրիստոնյա համայնքն ու վանակաները իրենց աղոթքն են ուղղում առ Աստված՝ մարդկությանը պատուհասած այս վարակից շուտափույթ ազատվելու հույսով:

 «Ապաւինելով Աստծու օգնականութեան, աղօթում ենք, որ Տէրը ընդունի բոլոր նրանց ուխտը, որոնք ցանկութիւն ունէին այս տարի աշխարհի տարբեր երկրներից ուխտաւորաբար լինել Ս. Թադէի վանքում: Տայ Աստւած, որ սոյն վարակիչ հիւանդութեան պատուհասը շուտով վերանայ մարդկութեան կեանքից, եւ Ս. Թադէի վանքը դաձեալ դառնայ հայ ուխտաւորի սուրբ ժամադրավայրը»: