Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-14 14:41
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՐԵԿՎԱ, ԱՅՍՕՐՎԱ ԵՎ ՎԱՂՎԱ ՄԱՍԻՆ. ՌԵԺԻՍՈՐ ԳՈՌ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է «ԳԱՐԴԵՆԻԱ» ՊԻԵՍԻՆ
Երիտասարդ ռեժիսոր Գոռ Մարգարյանն առաջին անգամ ներկայացում է բեմադրում Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Բեմադիչը որոշել է հանրության դատին հանձնել լեհ ժամանակակից դրամատուրգ Էլջիբեթա Հովանեցի «Գարդենիա» պիեսը, որը արդիական է և բացահայտում է մարդկային բազմաբնույթ հարաբերությունները:

Մարգարյանը ներկայացման փակագծերը բացել է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված տեսանյութում:

««Գարդենիա» ներկայացման մեջ զբաղված են թատրոնի առաջատար դերասանուհիներից Ելենա Վարդանյանը, Իրա Հարությունյանը, Հայարփի Զուռնաչյանը և Աննա Մանուչարյանը: Պիեսը երեկվա, այսօրվա և վաղվա մասին է. ասել է թե՝ հավերժականի մասին: Այն անդրադառնում է մարդուն և միջանձնային  շատ տարբեր հարաբերությունների: Հնարավոր է՝ հանդիսատեսն իրեն կամ իր հարազատին գտնի այս բեմադրության մեջ»,-նշում է Մարգարյանը:

Ռեժիսորի հավաստիացմամբ՝ ներկայացումը հետաքրքիր է և այլ բեմադրություններից  տարբերվում է ձևաչափով ու բեմադրական լուծումներով: «Ներկայացումը խաղալու ենք բացօթյա հարթակում ոչ այն պատճառով, որը մեզ այսօր թելադրում է աշխարհում տիրող իրավիճակը: Ի սկզբանե մտածված էր այն բեմադրել Ռուսական թատրոնի բակում, որտեղ կատարվել են բեմանկարչական աշխատանքները: Սա մեզ համար և՛ հետաքրքիր է, և՛ նոր»,-պատմում է Մարգարյանը:

Խոսելով խոչընդոտներից՝ բեմադրիչը խոստովանում է, որ դրանք քիչ չեն: Երբեմն փողոցի աղմուկն է խանգարում, բայց բոլոր խնդիրները փորձում են օգտագործել ի շահ ներկայացման, ի շահ սեղծագործության: Ռեժիսորը կարծում է, որ թատերասերներին անակնկալներ են սպասվում նաև բեմանկարչի՝ Նելլի Բարսեղյանի շնորհիվ, որը  հետ աշխատելը հաճույք է պատճառում: