Նյութը՝ Զավեն Բասմաջյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-08 13:44
ԱՐՃԵՇԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿՂԵՑԻՆ ՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԵՐԻՑ ԴՈՒՐՍ Է ՀԱՅՏՆՎԵԼ
Պոլսո «Ակօս» պարբերականն հայտնում է, որ Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով ցամաքում է հայտնվել հայկական պատմական եկեղեցին: Գիտնական Մետաթ ՈՒլուկանան ահազանգել է, որ եկեղեցին գանձագողերի թիրախ է դարձել:

Արճեշ քաղաքը գտնվել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառում, միջին դարերում եղել է գավառի կենտրոնը: Արճեշը 15-րդ դարում հայկական մշակույթի կենտրոններից էր՝ գրչության կարևոր օջախ:  Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով հին Արճեշն աստիճանաբար անցել է ջրի տակ, և 19-րդ դարի երկրորդ կեսից այլևս չէին երևում շենքերը, եկեղեցիներն ու մյուս կառույցները: Միայն ուժեղ ալեկոծությունների ժամանակ, երբ ալիքները նահանջում էին դեպի լճի խորքերը հազիվ նշմարվում էին պաշտպանական պարիսպների ու դրանց աշտարակների մնացորդները:

Պատմական Արճեշը ջրի տակ մնալուց հետո, դրանից հյուսիս, ավելի բարձրադիր վայրում կառուցվում է Ականց անունով /Նոր Արճեշ/ քաղաքը, որը 19-րդ դարի սկզբին ուներ 1500 տուն, մեծ մասը հայեր, իսկ 20-րդ դարի սկզբին՝ ընդամենը 260 տուն հայ և քուրդ բնակիչ:

Այս քաղաքում է 1905թ. ծնվել ականավոր ռազմական գործիչ, 1941-1945 թթ. 3700 կիլոմետր՝ Կովկասից մինչև Բեռլին մարտական ուղի անցած հայկական Թամանյան դիվիզիայի հրամանատար՝ գեներալ-մայոր Նվեր Գևորգի Սաֆարյանը: