Նյութը՝ Զավեն Բասմաջյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-08 12:16
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐԱԾ ՀԱՅՈՒՀԻՆ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԹՈՒՐՔԵՐԵՆՈՎ
Պոլսո հայկական «Արաս» հրատարակչությունը անգլերենից թուրքերեն է թարգմանել և հրատարակել Արլեն Ոսկի Ավագյանի «Առյուծ կնոջ ժառանգությունը» գիրքը:

Թարգմանիչը Մերալ Ճամճընն է, խմբագիրը՝ հրատարակչության տնօրեն՝ Ռոբեր Քոփթաշը:

Գրքի հեղինակի տատը Էլմաս Թութույանն է, ով Հայոց ցեղասպանությունից փրկված հասել է Միացյալ Նահանգներ: Նա իր կենաց ու մահու պայքարի մանրամասները պատմել է թոռնուհուն՝ Արլենին և պատգամել այն փոխանցել ամբողջ աշխարհին: Հեղինակը երկար տարիներ ոչ մեկին չի համարձակվել պատմել իր ընտանիքի պատմության այդ տխուր էջերը, որովհետև ենթադրում էր, որ ավելի պիտի օտարանար, իր համար առանց այդ էլ խորթ ամերիկյան հասարակությանը:

Տասնամյակներ հետո, երբ արդեն հեղինակի կարծիքով՝ իր և իր մեծ մոր կյանքի պատմությունները միաձուլվել էին, Արլենն արդեն գրի առավ և հրատարակեց Էլմաս Թութույանի պատմությունը: Գիրքն անգլերեն լույս տեսավ 1992 թվականին. «երբ լոյս տեսաւ Առյուծ Կնոջ Ժառանգությունը,,, վերջապես կատարեցի մեծ մօրս պատմութիւնը աշխարհին պատմելու յանձնառութիւնը: Սակայն հիմա, երբ իր պատմութիւնը կը պատմուի իր ծնած երկրին մէջ, պարզապէս ուրախալի է: Էլմասին պատմութիւնը այս գիրքով կը վերադառնայ հայրենիք», նշում է հեղինակը: