Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-06 22:35
ԴՈՄԻՆԳՈ ՀԻՆԴՈՅԱՆԸ ԿՍՏԱՆՁՆԻ ԼԻՎԵՐՊՈՒԼԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Փարիզի «Նոր Յառաջ» պարբերականը տեղեկացնում է, որ դիրիժոր Դոմինգո Հինդոյանը 2021 թվականի սեպտեմբերին ստանձնելու է Լիվերպուլի Արքունի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը:

Նրա գնահատմամբ՝ նվագախումբը հիանալի հավաքական ուժ է՝ կազմված փայլուն անհատներից։ Նա խանդավառվել է ոչ միայն նվագախմբով, այլև Լիվերպուլ քաղաքի աշխուժությամբ, երաժշտության ու սպորտի հետ քաղաքի պատմական կապով: «Նվագախումբը արվեստի հիմնական դեսպանն է, և մեր առաջնահերթ մտահոգություններեն պիտի ըլլա մեր կատարած երաժշտության մեծ ժառանգությունը պահպանելը, աննախադեպ հնչյուններով հանդիսատեսը ողջունելը և արդյունավետ ուսումնական նախագծերով նոր սերունդներու համար ապագա կերտելը: Միասնաբար պիտի կերտենք երաժշտության պատմության մեջ նոր գլուխ մը»,- ասել է հայազգի դիրիժորը։

Նա այժմ Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ գլխավոր դիրիժորն է: Հինդոյանն աշխատել է միջազգային ճանաչում ունեցող մի շարք նվագախմբերի և օպերային թատրոնների հետ, դրանց թվում՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Մետրոպոլիտեն» օպերայի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկի և «Մարիինյան» թատրոնի նվագախմբի հետ:

Դոմինգո Հինդոյանը ծնվել է 1980-ին Վենեսուելայի Կարակաս քաղաքում։ Մայրը հալեպահայ  է: Իր մասնագիտական գործունեությունն սկսել  իբրև ջութակահար, երաժշտական կրթությունը կատարելագործել է Ժնևում։