Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-06 22:33
ՋՈՐՋԻՈ ԱՐՄԱՆԻՆ ԵՎ ՋԻՆՈ ՍՈՐԲԻԼՈՆ՝ ՄԱԿ-Ի ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐ
Զբոսաշրջության ոլորտում ճգնաժամը հաղթահարելու, եվրոպական մի շարք երկրների միջև սահմանները վերաբացվելու առիթով նորաձևության աշխարհահռչակ իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին և հայտնի շեֆ-խոհարար Ջինո Սորբիլոն դարձել են ՄԱԿ-ին առընթեր Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) նոր դեսպանները։

Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրությունը։ Կազմակերպությունը հույս է հայտնել, որ նոր նշանակումները կամրապնդեն Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հարաբերությունները Իտալիայի հետ:

«1975-ին սեփական ընկերության ստեղծումից հետո Ջորջիո Արմանին դարձել է իտալական ոճի խորհրդանիշը: Որպես շեֆ խոհարար Ջինո Սորբիլոն հայտնի է դարձրել ավանդական նեապոլական պիցցան և բացել մրցանակակիր ռեստորաններ ամբողջ աշխարհում։ Որպես նորաձևության և գաստրոնոմիայի  բնագավառի առաջատարներ, Արմանին և Սորբիլոն ներկայացնում են Իտալիայի տնտեսության երկու խոշորագույն ճյուղերը, որոնք նպաստում են երկիրը տուրիզմի ոլորտում համաշխարհային առաջատարի վերածելուն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կազմակերպությունը հույս է հայտնում, որ որպես դեսպաններ Արմանին և Սորբիլոն կօգտագործեն իրենց հեղինակությունը և ազդեցությունը երկրում զբոսաշրջությունը խթանելու,  Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աշխատանքներին աջակցելու համար:

Հիշեցնենք, որ հայ-իտալական արմատներով հռչակավոր դիզայներ Ջորջիո Արմանին 2002 թվականին ընտրվել էր ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Հայաստանի փախստականների հարցերով։ 2005 թվականին իր Emporio Armani Red մակնշմամբ ապրանքի վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրել է ՁԻԱՀ-ով հիվանդ աֆրիկացի կանանց և երեխաներին։