Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-05 19:21
ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՇԱ ՄՆՋՈՅԱՆԸ ՀԻԱՑՐԵԼ Է «ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՁԱՅՆԻ» ԺՅՈՒՐԻԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
«Հայաստանի Ձայնի» հաղթող Մաշա Մնջոյանը առաջին անգամ ելույթ ունեցավ «Ավստրալիայի ձայն»-ում։

Մաշայի կատարման «կույր» ունկնդրության ընթացքում ժյուրիի չորս անդամները շրջեցին իրենց աթոռները՝ դեմքով դեպի երգչուհին, իսկ վերջում նրան պատվեցին հոտնկայս ծափահարություններով։

Մաշան հոյակապ կերպով կատարեց Սելին Դիոնի «All By Myself» (թարգմ․՝ Լիովին միայնակ) երգը, որից հետո՝ որպես «Ավստրալիայի ձայն» նախագծում իր մարզիչ ընտրեց Քելլի Ռոուլենդին՝ «Destiny’s Child»-ի հանրահայտ երգչուհուն։

Բոյ Ջորջը, Դելտա Գուդրեմը և Գայ Սեբաստիանը, երեքն էլ խանդավառ առաջարկներ արեցին Մաշային՝ իրենց թիմ միանալու համար, սակայն Մնջոյանը ի վերջո ընտրեց Գրեմմիի մրցանակակիր Ռոուլենդին։

blob հղում՝ https://www.facebook.com/fa9e8d78-73b8-44a7-919c-98b752412ed0

 

Ներկայումս Մաշան ուսանում է Ավստրալիայում և արդեն 18 ամիս է ապրում է այնտեղ։ Առաջին անգամ նա այցելել է Ավտրալիա 2014 թվականին՝ մի խումբ հայ երգիչների հետ։

«Ի սկզբանե ես իրապես սիրել եմ այս երկիրը․ դրա քաղաքները, մարդիկ, իմ համայնքը, ավստրալացիները բոլորը հիանալի են։ Ես շատ եմ ճամփորդել, այցելել եմ եվրոպական շատ երկրներ ու Ամերիկա, բայց Ավստրալիան տարբերվեց», - պատմել է Մաշան «The Sydney Morning Herald» ամսագրին տված իր հարցազրույցում։

«Հայաստանում ես հաղթեցի «Հայաստանի ձայնը» 2013-ին, դա իմ ամենամեծ հաջողությունն էր իմ երկրում, բայց ինչ-որ պահի ես հասկացա, որ դա բավարար չէ, ես ավելիի կարիքն ունեի, իմ երկրում՝ մի փոքր գեղեցիկ երկրում, ես արեցի այն ամենն ինչ հնարավոր էր, բայց շուկան այնտեղ այնքան մեծ չէ, որքան՝ Ավստրալիայում։ Ու ես կայացրեցի այս որոշումը, ես սիրում եմ այս երկիրը, սիրում եմ ժողովրդին, ես այստեղ նույնպես ընտանիք ունեմ, ու ես պետք է փորձեի, հակառակ դեպքում ես կզղջայի», - նշել է երգչուհին։