Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-04 12:26
ԱՄՌԱՆ ՆՈՐԱՁԵՎ ԴԱՋԱՆԱԽՇԵՐԸ
Դաջանախշերը հատուկ տեղ են զբաղեցնում ամռան նորաձև թրենդների շարքում։

Դրանք մեր հայացքը շրջում են դեպի 20-րդ դարի 60-ական թվականները, երբ դարձյալ չափազանց պահանջված էին տարազան  դաջանախշերը։ Նորաձևության վարպետներից շատերը նախապատվությունը տվել են խոշոր ծաղիկներին, որոնք կարող են անփութորեն սփռված լինել զգեստով մեկ, երբեմն այնպես, ասես միմյանց են խառնվել տարբեր երանգների ջրաներկեր։ Ոմանք էլ ընտրել են գունամատիտային նրբագույն մանր քնքուշ ծաղիկներ։ Դրանք գեղեցիկ տեսք ունեն ոչ միայն զգեստների, այլև բլուզների ու փեշերի, երբեմն էլ՝ աքսեսուարի վրա։

Ամառային սեզոնի տարածված միտումը կրոշե տեխնիկայով ստեղծված ցանցկեն հելունագործ զգեստներն են։ Դիզայներներն առաջարկում են հատուկ ուշադրություն դարձնել հյուսածո մինի զգեստներին, միջին երկարության փեշերին ու տոպերին։

Ռոմանտիկ կերպարը, որը ստեղծվում է ծաղկային դաջանախշերի օգնությամբ, կարելի է լրացնել բայքերական կիսաճտքակոշիկներով կամ սպորտային կեդերով, որոնք ոճային տեսք ունեն թեթև զգեստների և ալիքվող փեշերի հետ։

Այս սեզոնում արդիական են նաև ծաղկային դաջանախշով տաբատները, որոնք կարելի է համակցել ծավալուն ֆուտբոլկայի, սպիտակ վերնաշապկի, կարճ ժակետի կամ տոպի հետ։

Շատ դիզայներներ օգտագործել են ծավալուն ծաղկային բանվածք, որն առանձնապես գեղեցիկ տեսք ունի երեկոյան զգեստների ու կիսաթափանցիկ բլուզների վրա։

Սեզոնի հիթը ծաղկային դաջանախշերի միքսն է, օրինակ՝ բլուզի և փեշի վրա, տոպի և տաբատի։

Հետաքրքիր կերպարներ կարելի է ստեղծել՝ ծաղկային դաջանախշը համակցելով միագույն կտորի կամ զոլավոր դաջանախշի հետ։ Արդիական է նաև զոլավոր և վանդակավոր դաջանախշերի համակցությունը։

60-70-ականների նորաձևությունից վերադարձել են միաշար կոճակներով նստեցված ժակետները, որոնք կարելի է համակցել զանգաձև փեշերի և տաբատների հետ։ Ոճային վանդականախշ կամ զոլավոր ժակետը կարելի է համակցել ջինսե տաբատների և սպիտակ ֆուտբոլկայի, ինչպես նաև միագույն դասական զգեստի հետ։ Դրանց հետ վայելուչ կլինեն սպիտակ կեդերը։

Սեզոնի նորաձև թրենդը ազատ ձևվածքի պերճաշուք սպիտակ կոստյումն է։

Շատ դիզայներներ իրենց հավաքածուներում ներառել են սպիտակ ալիքվող կտորներից հագուստներ, որոնք հիշեցնում են հին հունական դիցուհիների քնքուշ հանդերձները։ Ուշագրավ են մի ուսի վրա հանգույցով մոդելները և  այն զգեստներ, որոնց ցայտերանգ գույները սեղմիրանի ու փեշի պատրանք են ստեղծում։ Նորաձևության երիտասարդ հետևորդների ուշադրությունից չեն վրիպի զանգաձև ջինսե տաբատները, ծալովի օձիքներով վերնաշապիկներն ու լայն ուսերով ժակետները։ Շատ դիզայներների ոգեշնչել են 70-80-ականների ծոպերիզավոր ուսադիրները։