Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-04 12:06
ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ ԻՆՉՊԵՍ ԿՓՈԽՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՆ
Համավարակից հետո գրասենյակային աշխատանքը կմնա անցյալում

COVID-19-ի պատճառով աշխարհում միլիոնավոր մարդիկ անցան հեռավար աշխատանքի։ Շատերն արդեն հասցրել են գնահատել ոչ գրասենյակային աշխատանքի առավելություններն ու թերությունները։ Գործատուներն էլ լրջորեն մտածում են՝ արժե՞ հսկայական գումարներ վճարել գրասենյակային տարածքների վարձակալման համար։ ՄԱԿ-ի նորությունների ծառայությունն այս հարցերը քննարկել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) փորձագետների հետ։

Արդեն վաղուց ակնկալվում էր, որ նոր տեխնոլոգիաները կփոխեն աշխատանքային պայմանները։ Դեռեւս անցյալ տարի աշխարհի խոշորագույն պետության՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Աշխատանքի միջազգային համաժողովում ունեցած իր ելույթում առաջարկել էր վերակազմակերպել աշխատաժամանակն այնպես, որ այն լինի ավելի մեղմ ու լոյալ՝ ճկուն գրաֆիկներ, հեռավար ձևաչափեր, աշխատակիցների պարտադիր ներկայություն միայն անհրաժեշտության պարագայում։ Այս գաղափարի հետ համաձայնել էին փորձագետներից շատերը՝ նշելով, որ անցումը որոշակի ժամանակ կպահանջի։ Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Համավարակը բոլորին ստիպեց խորհրդակցություններն անցկացնել առցանց կամ հեռախոսներով, վիրտուալ բազմաթիվ հարթակներ, որոնք նախատեսված էին նմանատիպ հանդիպում-քննարկումների համար, ստիպված էին շատ արագ վերազինվել, ամրապնդել իրենց տեխնիկական հնարավորությունները, որպեսզի կարողանան սպասարկել առավել մեծ թվով օգտատերերի, որոնց բանակն օրեցօր ստվարանում է։ Անգամ երեխաները անցան հեռավար կրթության։ Շատ փոքրիկներ արձակուրդի շրջանում շարունակում են այդպես շփվել իրենց ընկերների հետ։

Խոշորագույն որոշ ընկերություններ չնախատեսված այս նախագիծը արդեն իսկ  հաջողված են համարել և չեն թաքցնում, որ պատրաստ են վերանայելու աշխատանքի կազմակերպման իրենց սկզբունքներն ու մոտեցումները։ Մարդկանց գրասենյակներում այլևս չեն սպասում։ Տխրե՞լ, թե՞ ուրախանալ։ Սա լա՞վ է, թե՞ վատ։

Ի սկզբանե նշենք, որ սա բնավ էլ բոլորին չի վերաբերում։ ԱՄԿ-ի գնահատմամբ՝ եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում ընդհանուր աշխատուժի միայն 27%-ը կկարողանա անցնել հեռավար աշխատանքի։ Բայց սա չի նշանակում, թե նրանք անխտիր կօգտվեն այդ հնարավորությունից։ Այդուհանդերձ, այդ եղանակով կսկսի աշխատել մարդկանց մի հսկայական խումբ։ Փորձագետներն իրենց առաջ խնդիր են դրել բացահայտելու այսպիսի փոփոխությունների դրական կողմերն ու դրանց ընդլայնման հնարավորությունները, նաև պատկերացնել բացասական հետևանքները մեղմելու տարբերակները։

Նախ՝ լավ կողմերի մասին։ «Հեռավար աշխատանքի շնորհիվ բազմաթիվ ընկերություններ շարունակեցին աշխատել՝ միաժամանակ լուծելով աշխատակիցների առողջության պահպանման հարցը։ Մարդիկ կարողացան աշխատել, վճարվել դրա դիմաց՝ իրենց օրն անցկացնելով ընտանիքում, հարազատների հետ։ Ծնողները կարողացան իրենք իրենցից ժամանակ կորզել, որ օգնեն երեխաներին հաղթահարելու նոր եղանակով սովորելու դժվարությունները, նաև կարողացան խնամել ընտանիքի մեծահասակ անդամներին»,- նշում է ԱՄԿ-ի փորձագետներից Սյուզան Հայթերը։ Սրա հետ մեկտեղ փորձագետը նկատում է, որ վերացել է աշխատանքային և անձնական ժամանակների սահմանագիծը, ինչը շատերի համար ցնցումների ու սթերսի պատճառ է դառնում՝ հանգեցնելով հոգեբանական տարբեր խնդիրների։ Ոմանք բառացիորեն երկու կես են լինում՝ չհասցնելով նույն պահին լուծել ընտանեկան ու աշխատանքային խնդրները։ Նման լարվածությունը հարթելու նպատակով ԱՄԿ-ն առաջարկում է վերանայել աշխատանքի բաժանման ձևը։ Ընկերություները կարող են ապահովել առավել ճկուն աշխատանքային գրաֆիկ՝ պահպանելով աշխատատեղերը։ Սյուզան Հայթերն առաջարկում է կրճատել աշխատանքային շաբաթը, օրվա երկրորդ կեսի ամենամեծ ծավալի աշխատանքը վերաբաշխել մի քանի աշխատողի միջև հավասարապես։ Դա նույն ծանրաբեռնվածությամբ աշխատելու և կրճատումներից խուսափելու հնարավորություն կտա։ Մարդիկ կկարողանան համատեղել աշխատանքն ու ընտանեկան հոգսերը։

Առավելություններից մեկն էլ այն է, որ տնից աշխատելու դեպքում իրենց ծառայությունները կշարունակեն մատուցել այն աշխատակիցները, որոնք հասել են կենսաթոշակային տարիքի, սակայն հոգեբանորեն պատրաստ չեն վաստակած հանգստի անցնելուն։ Հիմնականում մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող այդ աշխատակիցները կկարողանան շարունակել իրենց օգտակար գործունեությունը և առավել նպատակահարմար ձևով տնօրինել իրենց ազատ ժամանակը։ «Այսուհանդերձ,- նկատում է փորձագետը,- այս պայմաններում աշխատելով՝ շատերն իրենց զգում են մեկուսացված։ Գրասենյակային աշխատանքն ունի նաև սոցիալական բաղադրիչ։ Վիրտուալ շփումը չի կարող լիովին փոխարինել անմիջական շփմանը, մարդիկ դադարում են իրենց աշխատանքային մեծ խմբի մի մասնիկը զգալուց»։

Զարգացող երկրների հեռանկարը

Երբ ծրագրային ապահովման կամ ֆինանսների ոլորտում աշխատող ընկերությունները համոզված լինեն, որ կարող են ապահովել կապուղիների և տվյալների բազայի անվտանգությունը, ապա շահագրգռված կլինեն աշխատողներ ներգրավել զարգացող երկրներից։ Այդ երկրներն էլ իրենց քաղաքացիներին աշխատանքով ապահովելու նպատակով կձգտեն ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ «Անշուշտ դա որոշակի ժամանակ կպահանջի, իսկ զարգացող երկրներում օրեցօր աճող գործազրկությունն արդեն իսկ ամենաբացասական ազդեցությունն է ունենում մարդկանց կենսամակարդակի և ապրելակերպի վրա»,- ասել է ԱՄԿ-ի ներկայացուցիչը։ Ընդհանուր առմամբ, ինչպես նկատում են Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետները, որակյալ, բարձրակարգ աշխատուժը պահանջարկ կունենա և նույնիսկ նկատելիորեն «կթանկանա», բայց մի շարք մասնագիտություններ, հատկապես ցածր վարձատրվող, ամենայն հավանականությամբ, կդադարեն պահանջված լ ինելուց։ Դա, անշուշտ, կհանգեցնի գործազուրկների թվի ավելացմանը։

«Պատմության ընթացքը ցույց է տվել, որ տնտեսական ցնցումները, համավարակներն ու պատերազմները խորացնում են անհավասարությունը,- ասել է Սյուզան Հայթերը։- Մերօրյա իրադարձությունները կհանգեցնե՞ն քաղաքական և սոցիալական անկայունության, թե՞ հակառակը՝ կնպաստեն արդար հասարակության հիմքերի ամրապնդմանը, առայժմ դժվար է ասել»։

Շատ ոլորտներ ստիպված կլինեն վերանայել իրենց գործունեությունը

ԱՄԿ-ի՝ Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում զբաղվածության հարցերով բյուրոյի գլխավոր մասնագետ Միխայիլ Պուշկինը, անդրադառնալով աշխարհում ստեղծված նոր իրավիճակին, նշում է, որ վիրտուալ հանդիպումները մեծ մասամբ կփոխարինեն նաև գործուղումներին։ Առանց երկրից երկիր, քաղաքից քաղաք մեկնելու, հենց տնից հնարավոր կլինի լուծել բազմաթիվ հարցեր։ «Ընկերությունները գումարներ կխնայեն, բայց դա նշանակում է, որ այդ գումարները մուտք չեն գործի ավիաընկերություններ, հյուրանոցներ ու ռեստորաններ։ Ասել է, թե՝ շատ շատերը, որ աշխատում էին այդ ոլորտներում, այլևս չեն կարողանա վերադառնալ իրենց նախկին աշխատանքին»,- ասել է Մ.Պուշկինը։

Նման մարդկանց պետք է օգնության ձեռք մեկնել հենց այսօր՝ օգտագործելով թվային հարթակները, առաջարկելով վերապատրաստման, նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ։ Մասնագետների համոզմամբ՝ կծաղկեն, կզարգանան հենց այս՝ կրթական ոլորտները, որոնք փայլուն ձևով «լեզու են գտնում» թվային տեխնոլոգիաների հետ։ Զարգացում ապրող ոլորտների թվում նշվում է նաև շինարարությունը. շատ երկրներ պետք է ուշադրության կենտրոնում պահեն ենթակառուցվածքների զարգացման հարցը։ Դրական գործոն է նաև այն, որ շինարարության ընթացքում հնարավոր է պահպանել սոցիալական հեռավորություն։