Նյութը՝ Panorama.am լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-16 19:10
2021-ԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՈՂՋ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵՐՆԱԽԱՎԸ ԳԱԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Այս տարի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնական համերգները նախատեսված էին աշնանը։

Փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանն այս փաստը «բախտավորություն» համարեց, քանի որ ստիպված չէին համավարակի պատճառով հետաձգել արդեն ծրագրած համերգները։ Միայն մայիսի 12-ին նախատեսված դաշնակահար Իվո Պոգորելիչի համերգն է տեղափոխվել հաջորդ տարի։ Սեպտեմբերի 12-ին Հայաստանում ելույթ էր ունենալու աշխարհահռչակ դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիները Մոնտեվերդի երգչախմբի և իր նվագախմբի հետ։

«Իմաստ չունի օրը թողնել ուժի մեջ՝ անգամ եթե համերգային դահլիճները բացվեն։ Նվագախմբի համար պահանջվում է նախնական պատրաստվածություն, ինքնաթիռների վարձույթ, 140 հոգի մարդ է գալու։ Հաջորդ տարվա մայիս ենք տեղափոխել»,- ասաց Ս. Հովհաննիսյանը։
Աշնանը նախատեսված է աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլյասոնի, 11 Գրեմմի մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակի համերգները, սեպտեմբերին Հայաստան է գալու հայկական ծագումով հանրահայտ դիրիժոր Պիտեր Ունջյանը, ելույթ է ունենալու Երևանում և Գյումրիում։

«Այս և մյուս պրոեկտներն ուժի մեջ են, նաև մեր փառատոնի 20-ամյակի հոբեյանական երեկոն»,- ասաց նա։

Փառատոնի գլխավոր մենեջերի խոսքով, հետևում են կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին։

«Փառահեղ համերգներ ունենք աշնանը, ցանկալի է, որ տեղի ունենան։ Հույս ունենք, որ բաց կլինեն համերգասրահները, գուցե ինչ-որ սահմանափակումներով ու փառատոնը կկայանա։ Մարդիկ շատ են գրում, զանգում, հարցում։ Կարծում եմ՝ աշնանը այդ համերգներով կհագեցնենք մշակութային ծարավը»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով, եթե հանկարծ համերգները չկայանան, ամեն դեպքում ձևեր կգտնեն ու արդեն հաջորդ տարի կկայանան։

Նա տեղեկացրեց, որ այս տարվա գարնանը Իռլանդիայում պետք է կայանար Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի գագաթաժողովը։

«Ամեն տարի մի փառատոն է հյուրընկալում։ Այս տարի պետք է դրոշը փոխանցվեր Հայաստանին, որովհետև հաջորդ տարի մեզ մոտ է տեղի ունենալու գագաթաժողովը։ Դա մեր տարիների աշխատանքի արդյունքն է, 2013 թվականից սկսած աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի այդ գագաթաժողովը ու միջազգային արվեստի համաժողովը տեղի ունենա Երևանում։ Այդ գագաթաժողովը տեղափոխվել է նոյեմբերի վերջ։ Կարծում եմ՝ կգնանք, կմասնացենք ու այդ պատվավոր դրոշը կբերենք Հայաստան, որը մի տարի կմնա այստեղ։ Շատ երկրներում  քաղաքապետերի, մշակույթի նախարարների մակարդակով է արվում, որովհետև Եվրամիության պաշտոնյաներ են գալիս, Եվրոպայի գրեթե բոլոր առաջատար փառատոների ղեկավարներ, գործարարներ, լրատվամիջոցներ,- ասաց Ս. Հովհաննիսյանը։

Նա հայտնեց, որ եղել են այլ թեկնածու փառատոներ, քանի որ ցանկացած երկրի համար ցանկալի է իր մոտ կազմակերպել այդ միջոցառումը։

«Մեր  երկրի համար անչափ մեծ  գովազդ է լինելու, 400-500 հոգի կգան Հայաստան։  Մեր երկրի համար մշակութային տուրիզմի, Եվրոպայում ճանաչելիությունը մեծացնելու առումով կարևոր իրադարձություն է»,- ասաց նա։

Սոնա Հովհաննիսյանի խոսքով, առաջին անգամ է Հայաստանում նման ծավալի միջոցառում կազմակեպվելու, երբ Եվրոպայի ողջ մշակութային վերնախավը գալու է մեր երկիր։