Նյութը՝ panorama.am կայքի
Լուսանկարները՝ panorama.am կայքի
Տեղադրվել է 2020-06-06 12:20
ԱՐՑԱԽՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՆՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՖԻԼՄՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ
Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնի ծրագրում ընդգրկված է Ֆրանսիայում ճանաչված հայազգի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։ Փառատոնի կայքից տեղեկանում ենք, որ այն ընդգրկված է The First Features ծրագրում։

kinoashkharh.am-ի հաղորդմամբ, արցախայան թեմայով ֆիլմը համատեղ արտադրություն է․ Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա։

«Պատկերի և ձայնի բացարձակ վարպետության համար՝ Ֆրանսիայում ճանաչված հայազգի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանն այսօր դասավանդում է Բորդոյի արվեստի ակադեմիայում: Երիտասարդ կինոռեժիսորի «Միջանցիկ քամի» և «1937» ֆիլմերը Պոմպիդու արվեստի կենտրոնի հավաքածուի մաս են կազմում: Նորա Մարտիրոսյանի ղարաբաղյան թեմայով «Եթե քամին վրա հասնի» (Si Le Vent Tombe)  կինոնախագիծը  հեղինակի առաջին լիամետրաժ ֆիլմն է»,- գրել է kinoashkharh.am-ը։ 

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունից հայտնում են, որ հայկական մասնակցությունը ֆիլմում՝ ի դեմս Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, 43.000.000 ՀՀ դրամ է: Մասնագիտական բացառիկ աշխատանքի արդյունքում ֆիլմարտադրությանը մասնակցություն է ունեցել նաև Եվրիմաժը, որին անդամակցում է Հայաստանը:

«Ընդհանրապես, այս եզակի հաջողությունը գրանցվել է երկարատև տքնաջան ու պրոֆեսիոնալ լուրջ աշխատանքի արդյունքում: Թե հայկական, թե մասնակից մյուս պրոդյուսերական թիմերը հսկայական ծավալի աշխատանք են իրականացրել:

Թեև «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը Նորա Մարտիրոսյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, Նորա Մարտիրոսյանը, սակայն, ճանաչված անուն է կինոաշխարհում: Նրա «Միջանցիկ քամի» և «1937» ֆիլմերն ընդգրկված են Պոմպիդու արվեստի կենտրոնի հավաքածուում:

Ֆիլմն արցախյան թեմայով է, մեծ ծավալի նկարահանումներ են իրականացվել Արցախում, ֆիլմի ստեղծման աշխատանքներում ընդգրկված են եղել նաև հայաստանյան ստեղծագործական ու տեխնիկական աջակցման թիմեր»,- հայտնում են միությունից։

Նախօրեին փառատոնի նախագահ Պիեր Լեսկյուրը և տնօրեն Թիերի Ֆրեմոն հայտարարեցին (live) այս տարվա Կաննի 73-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ֆիլմերի պաշտոնական ընտրության արդյունքները։ Տարբեր մրցութային ծրագրերում ընտրված  56  ֆիլմերը կցուցադրվեն կինոթատրոններում և որոշ փառատոներում։
Համավարակի պատճառով փառատոնը չեղարկվել է, սակայն կազմկոմիտեն որոշել էր հայտարարել մրցութային ֆիլմերի պաշտոնական ընտրության  արդյունքները։ Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն այդպես աջակցել այդ ֆիլմերին ապագայում՝ վարձույթի ժամանակ. դիստրիբյուտորները կկարողանան օգտագործել Կաննի փառատոնի ծրագրում ընդգրկված լինելու փաստը: Հետագայում այս ժապավենները կկարողանան մասնակցել այլ փառատոների։