Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2019-12-25 13:08
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի
Կառույցի արտահերթ ժողովի ժամանակ ՀՖՖ նախագահ է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը, որը կղեկավարի ֆուտբոլային ընտանիքը հետագա 4 տարիներին։

Դեկտեմբերի 23-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 19-րդ արտահերթ ժողովը։ Ժողովի օրակարգը բավականին հագեցած էր։ Այնտեղ ընդգրկված հարցերի թվում էր ՀՖՖ նոր նախագահի ընտրության հարցը, քանի որ ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը շաբաթներ առաջ հրաժարական էր ներկայացրել՝ փոխհամաձայնության հասնելով կառույցի գործադիր կոմիտեի անդամներից շատերի հետ ֆուտբոլային ընտանիքի թարմացման հարցի շուրջ։

Մինչեւ ընտրությունների վերջին պահը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին առաջադրվել էր երեք թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյան, Խորեն Հովհաննիսյան եւ Թովմաս Գրիգորյան։ Արտահերթ ժողովից ժամեր առաջ ինքնաբացարկ հայտարարեց Խորեն Հովհաննիսյանը, ինչի արդյունքում հիմնական պայքարը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար ծավալվել երկու թեկնածուների միջեւ։

Ֆուտբոլային ընտանիքի նոր կազմը հաստատելուց, մի շարք անդամ կազմակերպությունների՝ ոչ ակտիվ գործունեության պատճառով անդամակցությունը ՀՖՖ-ին դադարեցնելուց հետո էլ տեղի ունեցավ կառույցի նախագահի ընտրությունը։ Քվեարկության արդյունքում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13 ձայն, Թովմաս Գրիգորյանը՝ 7: Եվս երեք քվեաթերթիկ համարվեց անվավեր:

Այսպիսով, վերջին 14 ամիսներին ՀՖՖ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Բացի ֆուտբոլային կառույցի գլխավոր պատասխանատուի՝ նախագահի ընտրությունից, տեղի ունեցավ նաեւ ՀՖՖ գործադիր կոմիտեի կազմի թարմացում։