Նյութը՝ Girls in Tech Հայաստանից
Լուսանկարները՝ Girls in Tech Հայաստանից
Տեղադրվել է 2019-12-23 20:24
«Հավասարության սերունդ», երբ որոշում, մասնակցում և փոխում են երիտասարդները
Դեկտեմբերի 21-ին Լոռու մարզի Դեբեդ համայնքում՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնում կայացավ «Հավասարության սերունդ. որոշի՛ր, մասնակցի՛ր, փոխի՛ր» միջոցառումը, որին մասնակցում էին շուրջ 100 երիտասարդներ Երևանից և Հայաստանի մի քանի մարզերից:

ՕքսԵՋեն հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից նախաձեռնված այս միջոցառումը միանում էր Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակին և «Հավասարության սերունդ» գլոբալ շարժմանը՝ ապահովելու կանանց իրավունքների և հնարավորությունների իրացումը: Միջոցառման նպատակն էր մի հարկի տակ հավաքել բոլոր նրանց, ովքեր իրենց կհամարեն «հավասարության սերունդ» և պատրաստ են հանդես գալ #ԳործենքՀԱՎԱՍԱՐ կարգախոսով:  Հանդիպման կազմակերպման հարցում աջակցել էր Girls in Tech Հայաստանը:  

Միջոցառմամբ հետաքրքրված երևանցի երիտասարդներին միացել էին տասնյակ երիտասարդներ Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերից: Նրանք միասին նախ հնարավորություն ունեցան լսելու երլույթներ քաղաքանության մեջ կանանց մասնակցության մասին, ինչպես նաև հարցեր ուղղել խոսնակներին՝ «Ընտանիքի Ակադեմիա» ՀԿ-ի ղեկավար, հանրային հեռուստաընկերության պրոդյուսերներից Գոռ Պետրոսյանին և Ազգային Ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանին:

«Ես դեռ 14 տարեկանից մտածում եմ քաղաքական գործիչ դառնալու մասին, հիմա արդեն 19 տարեկան եմ և Դուք ինձ շատ ոգեշնչեցիք այսօր», - հարցուպատասխանի ժամանակ նշեց մասնակից երիտասարդներից մեկը:

Միջոցառման երկրորդ հատվածը նվիրված էր նորագույն տեխնոլոգիաներին, մեդիա նորարարությունների և սոցիալական ցանցերիդերին: Մասնավորապես քննարկվեցին այսօր աշխարհում բովանդակություն՝ կոնտենտ ստեղծելու և տարածելու առաջնահերթությունները, արդյունավետ հարթակներն ու ձևափաչերը: Խոսնակների շարքում էին Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Սեդա Պապոյանը, «Ազատություն» TV-ի վիդեո թիմի ղեկավար Հասմիկ Սմբատյանը և «Աղջիկները խոսում են» նախաձեռնության համահիմնադիր Աիդա Մարուքյանը: Խոսնակները համաձայն էին, որ աշխարհում այսօր վիդեո բովանդակությունն է առաջնահերթ, որն էլ հիմք է ստեղծում վլոգինգի կամ վիդեո բլոգինգի աննախադեպ զարգացման համար, իսկ երիտասարդներին ուղղված խորհուրդները հետևյալն էին՝ լինել ազնիվ ու ստեղծել որակյալ բովանդակություն՝ հաշվարկելով բոլոր հնարավոր ռիսկերը:

«Հավասարության սերունդ. որոշի՛ր, մասնակցի՛ր, փոխի՛ր» միջոցառումն ավարտվել ինտերակտիվ խաղ-մցույթով, որի օգնությամբ հնարավոր եղավ մասնակից երիտասարդներին փոխանցել կանանց քաղաքական մասնակցության մասին հետաքրքիր տեղեկություններ: Իսկ ամփոփվեց միջոցառումը նախապես հայտարարված առցանց մրցույթի ամփոփմամբ. հաղթող ճանաչվել էին 4 կարգախոսների և 4 հեշթեգերի հեղինակներ Հայաստանի ամենատարբեր համայնքներից: Նրանցից 16-ամյա Գոռ Մուրադյանը Գյումրիից է և ներկա գտնվելով միջոցառմանը՝ ստացավ իր մրցանակը #փողկապը_սեռ_չի_ճանաչում հեշթեգի համար:

«Հավասարության սերունդ. որոշի՛ր, մասնակցի՛ր, փոխի՛ր» միջոցառումը նախաձեռնվել էր «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համատեղ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: