Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ «Զանգակ» գրատան
Տեղադրվել է 2019-12-22 13:16
Նունե Սարգսյան. «Երեխաներն իմ մտքերի աղբյուրն են, որոնցից սովորում եմ, քաղում գաղափարներ»
«Զանգակ» գրատանն օրերս մանկական մթնոլորտ էր. մեծ ու փոքր եկել էին տոնելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանի «Կախարդական կոճակներ» գրքի շնորհանդեսը:



«Զանգակ» հրատարակչությունն այս տարվա ընթացքում ներկայացնում է Նունե Սարգսյանի երրորդ գիրքը: Շուտով ընթերցողի սեղանին կրդվի նաեւ «Կախարդական կոճակներ»-ի ռուսերեն տարբերակը: Հեղինակի խոսքով՝ հեքիաթը պատմում է 19-ամյա Սադափ Դարզիի մասին, անվախ աղջնակ, որը փորձում է չար վհուկներից փրկել աշխարհն ու իր պապիկին, որը կախարդանքի արդյունքում կապույտ գույնի է դարձել: Այդ պատմությունն ավելի դյուրին ընկալելու համար նկարազարդումներ է արել տաղանդավոր նկարիչ Ագնես Ավագյանը։ 

««Կախարդական կոճակներ» գիրքը կարեւոր ասելիք ունի, եւ այս հեքիաթում ցանկանում եմ ընդգծել ընտանիքի դերն ու կարևոր նշանակությունը: Հեքիաթի հերոսն ամեն ինչ անում է, որ չար կախարդանքից փրկի քաղաքի բոլոր բնակիչներին եւ իր պապիկին: Հայ փոքրիկներն էլ են այդպիսին. ուզում են միայն բարին անել եւ խաղաղ, մաքուր, չաղտոտված աշխարհում ապրել, աշխարհ, որտեղ մարդիկ հաշտ ու համերաշխ են»,- ասաց Նունե Սարգսյանը:



20-ից ավելի մանկական գրքերի հեղինակ Սարգսյանն անկեղծանում է՝ երեխաներն իր մտքերի աղբյուրն են, որոնցից սովորում, քաղում է գաղափարներ: Մանկագիրն այժմ աշխատում է հեքիաթի հաջորդ մասի վրա, որում հերոսը՝ Սադափը նոր փորձություններ է հաղթահարում, փորձում բարեկամանալ ոսկե վիշապի հետ, որի անունը Կարկանդակ է:

Ինչպես նախորդ գրքերում, այնպես էլ «Կախարդական կոճակներ»-ում Նունե Սարգսյանը խոսում է երեխաներին հասկանալի ու պարզ լեզվով, ընթերցողին փոխանցում ջերմություն ու անկեղծություն։ Նա գիտի ինչպես զրուցել իր գրքի հասցեատիրոջ հետ եւ գուշակել, թե ինչ են իրենից սպասում երեխաները։ 



«Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանի խոսքով՝ «Կախարդական կոճակներ» գրքով հարստացավ իրենց մանկական գրականության ցանկը: Մկրտչյանը վստահ է՝ փոքրիկ ընթերցողին դուր է գալու այս հեքիաթը՝ նաեւ այն պատճառով, որ գրքում կան նաեւ նկարազարդումներ, որոնք ավելի գրավիչ են դարձնում ընթերցանությունը. «Տիկին Սարգսյանի հետ շատ լավ համագործակցություն է ստացվել։ Նրա «Կապույտ գետաձիու եւ վարդագույն մկնիկի պատմությունը» երկու գիրքն էլ շատ սիրվեց երեխաների կողմից։ Պետք է ասեմ նաեւ, որ այս տարի մեզ համար շատ «բերքառատ» տարի էր, հայտնաբերեցինք բազում նոր եւ ճանաչված հեղինակների։ Այնուամենայնիվ, չեմ կարող չժխտել նաեւ այն իրողությունը, որ մեր օրերում լավ մանկագիրների պակաս է նկատվում»։



Նունե Սարգսյանը չմոռացավ նաեւ անդրադառնալ Ամանորի խորհրդին։ Ըստ նրա՝ Նոր տարին հրաշալի ընտանեկան ու բարեկամական տոն է, որին սպասում են ամբողջ տարվա ընթացքում, հատկապես երեխաները․ «Տոնն իր հետ բերում է հետաքրքիր համեր, վառ գույներ, ուրախություն, երաժշտություն: Համոզված եմ, որ 2020 թվականը հաջող, առողջ ու երջանիկ տարի կլինի։ Իմ ընթերցողներին ասեմ նաեւ, որ առաջիկայում ներկայացնելու է նաեւ «Մրջնակերի պատմությունը» նկարազարդ գիրքը, որը երեխաներին սովորեցնելու է՝ ինչպես խնամել ատամները»:



Հ․Գ․։ 7-12 տարեկան երեխաների համար նախատեսված «Կախարդական կոճակներ» հեքիաթի հիման վրա մյուզիքլ է պատրաստում։ Հեքիաթի հեղինակն այժմ աշխատում է բալետի խորիոգրաֆի հետ, որպեսզի այն վերածվի նաեւ բալետի։