Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Տաթև Ազատյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 2019-12-21 23:05
«Պետք է կոտրվի այն կարծրատիպը, որ իրավական համակարգի աշխատանքը միայն տղամարդկանց համար է». Տաթևիկ Ազատյան
Մարդկային հոգեբանությունն ամենամեծ առեղծվածն է, որը բացահայտելու համար օգնության են գալիս, իհարկե, հոգեբանները: Սակայն շատ կարևոր գործառույթ են իրականացնում, հատկապես, իրավական ոլորտի հոգեբանները: Նրանց աշխատանքը մարդկային շատ ավելի բարդ և խորը հոգեբանությունն է: Erit.am-ի զրուցակիցը հոգեբան Տաթև Ազատյանն է:

- Տաթևի՛կ, ինչպե՞ս կայացրեցիք հոգեբան դառնալու որոշում։ Գուցե նախապատմություն կա՞։ Հոգեբան դառնալու համար, ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինել։

- Հստակ չեմ կարող ասել, թե ինչն ուղղորդեց ինձ դառնալ հոգեբան, բայց որ կյանքիս ամենաճիշտ որոշումներից մեկն է եղել, միանշանակ: Չկա ավելի սիրուն երևույթ, քան մարդու ներաշխարհի ուսումնասիրումն է։ Հոգեբան դառնալու համար նախ պետք է օժտված լինել հումանիստական հատկանիշներով, պատասխանատվության բարձր մակարդակով, կարևորել մարդու բացառիկությունն ու արժեվորումը և մի բան պետք է հստակ գիտակցել, ինչպես նշում է հումանիստական հոգեբանության հիմնադիրներից Կ. Ռոջերսը՝ յուրաքանչյուր մարդ անառարկելի արժեք է և արժանի է հարգանքի։

Հոգեբանությունն իմ կյանքն է, այն թույլ է տալիս բացահայտել մարդու հզոր ներուժը, այս մասնագիտության հզորության և առօրյայում դրա դրական հնարավորությունների կիրառումը միանշանակ իմ մարդ տեսակի հարցում ունի իր ակնհայտ ազդեցությունը։

Մասնագիտական հաջողության հասնելու համար կարևոր է հստակ գիտակցել՝ ուր ես գնում և ինչի համար։ Պետք է զբաղվել նրանով, ինչը կգոհացնի քեզ և օգուտ կտա հասարակությանը՝ ամուր պահելով տեսակդ ու արժեհամակարգդ։

- Նշեցիք, որ հոգեբան դառնալն ամենաճիշտ որոշում էր. ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ, իհարկե, բացի տեսական գիտելիքներից և ուսումնական պրոցեսից: 

Համալսարանը գիտելիքին զուգահեռ ինձ տվեց դասախոսներ, որոնց ներկայությունը կյանքումս վայելում եմ մինչև այսօր և շնորհակալ եմ, նաև ամենակարևորը՝ հենց այդ նույն համալսարանը հիմք դրեց կյանքումս ամուր և առողջ ընկերության։



- Ի՞նչն է ոգեշնչում, մոտիվացնում Ձեզ։

Կյանքի տարբեր շրջաններում մոտիվացիան ենթակա է փոփոխման՝ կախված քո պահանջունքներից և ինքդ քո անձի նկատմամբ ունեցած սպասելիքներից։ Որոշ ժամանակ առաջ ընտրել էի ընդհանրապես ինձ հետ կապ չունեցող աշխատանքի ոլորտ։ Բայց ես արդեն ունեի կայացրած որոշում և չունեի ցանկություն այդ որոշումից ետ կանգնելու, մնում էր առաջ շարժվել։ Առաջին օրերին բառի բուն իմաստով լաց լինելով աշխատանքի էի գնում, նույնիսկ չգիտակցելով, որ սկզբի անհարմարությունները, որոնք կարող են առաջանալ նոր ոլորտում, նոր բնագավառում, բնական են։ Սկսեցի խորանալ այդ մասնագիտության մեջ, այստեղ ուսումնասիրեցի նոր բնագավառ, ձեռքբերեցի նոր գիտելիքներ և հրաշալի գործընկերներ։ Այս ընթացքում էլ կյանքումս հայտնվեցին եզակի մարդիկ, ովքեր ամրացրեցին արժեքային կողմնորոշիչներս։

Այլ է մոտիվացիան, երբ արդեն որոշակի փորձություններ հաղթահարած և ավելի հասուն տարիքում ես որոշումներ կայացնում։ Այս դեպքում մի կողմից ինձ համար նոր ոլորտում նոր գիտելիքներ ձեռք բերելն էր, մյուս կողմից հայրենիքի զարգացման գործում ոստիկանության դերի կարևումն էր՝ որոշեցի փորձս ու գիտելիքներս ծառայեցնել ի նպաստ այս համակարգի զարգացմանը։ Աչքիս առաջ կրկին ունենալով օրինակելի սպայի և օրինակելի մարդու տեսակ, ով էլ դարձավ ինձ համար մոտիվացիայի նոր աղբյուր։

- Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող ենք մեր ներդրումն ունենալ մեր հայրենիքի զարգացման գործում։

Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ մեզանից յուրաքանչյուրի այդ մեկ քայլից է կախված մեր նոր և հզոր հայրենիքի ապագան և մեզանից յուրաքանչյուրը պետք է լինի հայրենիքին ուժ տվողն ու խաղաղություն բերողը, որ մեր միտքը, հոգին և բազուկը պետք է ծառայեցնենք մեր հայրենիքին։ Կարևոր է, որ յուրաքանչյուրս լինենք ՀՀ պատվավոր քաղաքացի, աշխատանքին վերաբերվենք ամենայն պատասխանատվությամբ, մտածված գործելաոճով։

- Նշեցիք, որ ավելի հոգեհարազատ է իրավաբանական հոգեբանությունը, ինչո՞ւմն է Ձեզ համար դրա կարևորությունը։

Ներկայիս արժեհամակարգային փոփոխությունների շրջանում կարևոր եմ համարում հոգեկան երևույթների և օրինաչափությունների ուսումնասիրումը մարդ-իրավունք հարաբերությունների համակարգում և դրա ուսումնասիրումն ու որոշակի քայլերի ձեռնարկումը հնարավորություն կտա նման ուղղությամբ։

- Իսկ որն է այլ ոլորտի առանձնահատկությունը, ինչպիսի դժվարությունների եք հանդիպել և ինչպիսի՞ն է իրավական ոլորտում հոգեբան դառնալու դինամիկան:

Կանանց պատրաստակամությունը՝ ոստիկանությունում աշխատելու դինամիկան դրական է, ինչը շատ ոգևորիչ է: Շատ են կանայք, ովքեր պատրաստ են ոստիկանի, կնոջ և մոր հաճելի պարտականությունները համատեղել: Կարծում եմ կանայք այստեղ անելիք շատ ունեն, նախ պետք է կոտրվի այն կարծրատիպը, որ համակարգի աշխատանքը միայն տղամարդկանց համար է: Եվ հետո կին ոստիկանը ծառայում է օրենքին, հայրենիքին առանձնահատուկ ջերմությամբ և պատասխանատվությամբ, միաձուլելով կամային ուժեղ հատկանիշներով և կանացիությունը, դրսևորելով արդարադատություն ու պարկեշտություն: 



- Դուք այն մարդկանցից եք, որոնց համար հեշտ է ճանաչել ցանկացած մարդու տեսակ: Սակայն ի՞նչն եք կարևորում մարդկային հարաբերություններում։

Մարդկային փոխհարաբերություններն այնքան կարևոր են և դրանցում այնքան պատվավոր արժեքներ կան։ Ամբողջ խոսքիս ընթացքում փորձեցի ընդգծել հենց այն իրողությունը, թե ինչքան կարևոր դերակատարում ունեն մեր կյանքում մեր սիրելիները։ Շուրջդ պետք է լինեն նրանք, ում փայփայած արժեքները համապատասխանում են քո արժեքներին։ Կա մի արտահայտություն, որ առանձնանում է ինձ համար մարդկային փոխհարաբերություններում՝ ներքին դաստիարակություն։ Հենց այդպիսի մարդիկ էլ դառնում են իմ ընկերները:

-Մենք՝ սովորական մարդիկ, ովքեր ինչ-որ խնդիրների  ենք բախվում, դիմում ենք հոգեբանի օգնությանը: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք հաղթահարում Ձեր կյանքի դժվարությունները։

Իհարկե, սկզբում առաջանում է իրավիճակային դիմադրություն, ապա որոշակի փուլեր անցնելուց հետո ընդունում ես իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա և հաղթահարման ուղիներ փնտրում: Երկու ճանապարհ ունես՝ կամ կընկնես ու կանէանաս կամ վեր կկենաս ու կօգնես՝ ինքդ քեզ, սիրելիիդ, դիմացինին ու ինչու չէ նաև անօգնականին։ Ծուլանալուց, չարանալուց, հանձնվելուց հեշտ բան չկա աշխարհում ու միայն հավատքով կարելի է բուժել, սնել, ամրացնել հոգին։ Եվ այս դեպքում իսկական, իրական և ուժեղ է նա, ով կմնա բարության և ներումի դիրքերում։ Ինձ ուժեղ են դարձնում ընկերներս, որոնց ես ընտրում եմ միայն ներքին զգացողությամբ. պետք է զգամ, որ նա իմ տեսակն է։ Ընկերությունն օրհնություն է։ Ընկերը կարող է մարտահրավեր նետել, երբ մենք ինքներս մեզ թույլ ենք տալիս մեր պատասխանատվությունը չկատարել։ Կարող է մեզ ոգեշնչել, երբ արդեն ուզում ենք պարտվել և կարող է մեր պատասխանատվությունը վերցնել իր վրա, երբ մենք շատ խորն ենք ընկած կյանքի հատակը։

- Ունե՞ք երազանքներ: Ի՞նչ եք կարծում արդյոք երազանքներն իրականանալու հակում ունեն։

Մենք բոլորս էլ ունենք մեր բացառիկ պատմությունները՝ լի հետաքրքիր փնտրտուքներով ու բազում փորձություններով։ Պետք է սիրենք այն, ինչ անում ենք։

Այո՛, երազանքներն իրականանալու հակում ունեն, պետք է միայն հավատալ, և չմոռանալ, որ երազանքները շոշափելի են դառնում, երբ չենք վախենում։ Բայցևայնպես, ամեն երազանք ունի իր կատարման պահը։ Ամենատաքուկ երազանքները դեռ առջևում են։ Աանհնարին ոչինչ չկա, եթե ցանկությունը մեծէ։

- Ի՞նչ եք մաղթում մարդկանց։

Մարդկանց սեր եմ մաղթում, կյանքը սիրո մասին է և հենց սերն է այս կյանքի միակ բացատրությունը։