Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արծրուն Ասատրյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 2019-12-16 10:22
«Խաղալիքներին եւ բակային խաղերին փոխարինեցին թուղթը, մատիտը, նկարազարդ գրքներն ու գունավոր մատիտները»․ Արծրուն Ասատրյան
Արծրուն Ասատրյանը 26 տարեկան է, բայց հասցրել է իրեն գտնել այս կյանքում, ավելին՝ արվեստում։

Կուբիզմի ուղղությունը սիրող եւ իր գիտելիքները նոր սերնդին փոխանցող երիտասարդը Լոռու մարզի Սպիտակ քաղաքից է։ Այս անգամ Eritasard.am-ը զրուցել էր նկարիչ Արծրուն Ասատրյանի հետ։

«Մի շարք խոչընդոտներ բորբոքեցին սերը արվեստի հանդեպ․․․»

- Նկարչության տաղանդի բացահատումն ուղեկցվել է մի շարք խոչընդոներով, կարող եմ ասել, որ նախնական արտացոլումը եղավ դեռ դպրոցական տարիքից, հիմա ծիծաղելով եմ հիշում, որ տետրերիս հետնամասում իմ նկարները բազմաթիվ խնդիրների առիթ են եղել, բայց այդ խոչընդոտները բորբոքել են սերը մեծ արվեստի հանդեպ։ Ծիծաղելի կթվա,բայց այդ սովորությունը՝ տետրերի հետնամասում նկարելը ինձ համար բնավորություն եւ ավանդույթ էր դարձել, անգամ այս սովորության համար ես ստիպված եմ եղել փոխել դպրոցս։



«Ծառայության ժամանակ էլ չդադարեցի նկարել․․․»

- Նկարչությունը դարձավ ինձ համար ապրելակերպ, դպրոցին զուգահեռ սկսեցի հաճախել Սպիտակի դեկորատիվ եւ կիրառական արվեստի դպրոց, այնուհետեւ՝ Սպիտակի արվեստի դպրոց, ուստի արդեն պարզ էր, որ որպես կյանքի կարեւոր ուղղություն ընտրեցի նկարչությունն՝ ընդունվելով Փանոս Թերլեմեզյանի անվան  գեղարվեստի պետական քոլեջ։ Ի դեպ,  Զինված ուժերում եւս չեմ դադարել նկարել։ Ծառայությանս տարիներին երկու անգամ մասնակցեցի համաբանակային նկարիչների մրցույթին եւ երկու անգամ էլ զբաղեցրեցի առաջին տեղը։ Երբ ծառայությունից վերադարձա, շարունակեցի ուսումս, որից հետո անմիջապես եկա իմ հայրենի քաղաք, հոգուս պարտքը կատարելու, արդեն վերադարձա այն դպրոց, որտեղ ուսանել էի ինքս, բայց այս անգամ որպես ուսուցիչ՝ իմ գիտելիքներն ու փորձը փոխանցելու նոր սերնդին, այսօր ունեմ նաեւ իմ սեփական արվեստանոցը, այն ինձ համար ոգեւորիչ աղբյուր է․․․

«Արվեստն իմ մեջ սկսել է ապրել ծնվածս օրվանից...» 

- Կարծում եմ՝ արվեստն իմ մեջ սկսել է ապրել ծնվածս օրվանից, իսկ այն հայտնաբերելու համար պետք էր մի պահ, մի րոպե կամ պարզապես մի վայրկան։ Առաջին անգամ, երբ տեսա, իմ հորեղբորը՝ նկարիչ Արսեն Ասատրյանին իր արվեստանոցում նկարելիս, այդ պահը, այդ ներկապնակը իմ մեջ արթնացրեց սերը դեպի արվեստը եւ այդ օրվանից խաղալիքներին եւ բակային խաղերին փոխարինեցին թուղթը, մատիտը, նկարազարդ գրքներն ու գունավոր մատիտները։



«Ձեռագրի առանձնահատկությունը...» 

- Իմ նկարչության ոճի ուղղությունը կուբիզմն է, ինձ համար այդ ոճը դարձավ հոգեհարազատ եւ կլանեց իր մեջ, ձեռագրիս առանձնահատկություններից կցանկանայի նշել, որ կուբիզմը եւ առհասարակ՝ տաշվածքներով նկարելը առաջ է բերում մի շարք դժվարություններ եւ պետք է կարողանալ հստակ սիմետրիկ եւ «կոպիտ» տաշվածքներով ստանալ ներդաշնակ անցումներ, այս աշխատանքը բավական դժվար է․․․

«Ոգեշնչվում եմ յուրաքանչյուր օրով․․․» 

- Իմ նկարներում գերակշռում են կանացի դիմանկարները, ֆիգուրատիպ սյուժեները, քիչ եմ նկարում բնապատկերներ, բայց բնության դերը եւ նշանակությունը մեծ է իմ արվեստում։ Իրականում ինձ ոգեշնչում է յուրաքնչյուր օրը, յուրաքանչյուր առավոտն: Ու գիտեք ինչո՞ւ, որովհետեւ պետք է գիտակցել, որ ամեն օրը արարելու եւ ստեղծագործելու նոր հնարավորություն է․․․



«Երիտասարդ նկարիչները պետք է․․․․»


- Երիտասարդ նկարիչները պետք է կարողանան ստեղծել ազգային, մշակութային արժեքներ, որտեղ կներկայացվնի հայի ուժը, հայ արվեստագետի կարողությունը եւ նոր խոսքով նոր ջանասիրութամբ կնպաստի հայկական եւ համաշխարհային արվեստի զարգազմանը։ Ես այսօր մեծ սիրով եւ ջանասիրությամբ եմ փոխանցում այնամենին, ինչ ժամանակին ինձ են փոխանցել, սովորեցրել, բայց կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ սովորում եմ նաեւ ես՝ ինքս։

«...եւ դառնում ես գեղեցիկն արարող․․․»

- Յուրաքանչյուր օր հնարավորություն է ստեղծագործելու համար եւ այդ հնարավորությունը պետք է անպայման օգտագործել։ Նկարիչ լինելը կոչում չէ կամ էլ պիտակ, այլ՝ ապրելակերպ, որն իր մեջ արարչական բնույթ ունի, դա այն է, երբ ստեղծում ես, նկարում, ապրում, եւ դառնում ես գեղեցիկն արարող․․․