Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 2019-12-12 23:57
«Մենք ենք, մեր մարզը»՝ մանկապատանեկան մարզային մշակույթի օրերը Երևանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվեց «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը:

Այս տարի ծրագրում ընդգրկված էին ՀՀ Լոռու մարզի մանկապատանեկան ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները` Վանաձորի «Հորովել» մանկապատանեկան պարային համույթը, Ստեփանավանի «Անի» պարային ստուդիան, Ստեփանավանի, Ալավերդու, Սպիտակի արվեստի և երաժշտական դպրոցների սաները՝ շուրջ 40 շնորհալի երեխա:



Մարինեն 16 տարեկան է։ Սովորում է Սպիտակի արվեստի դպրոցում։ Սիրում է գեղանկարներ անել և իր ստեղծած աշխատանքները ներկայացնել հանրությանը․ «Սիրում եմ նկարել, հատկապես՝ էտյուդների գնալ եւ կարծում եմ՝ նմանօրինակ միջոցառումները անչափ կարևոր են, ոչ միայն մարզի շնորհալի երիտասարդների բացահայտման համար՝ այլեւ պարզապես հաճելի է, երբ հնարավորություն է ընձեռվում ներկայացնել աշխատանքներդ, լսել կարծիքներ»։



Արծրուն Ասատրյանն էլ  դասավանդում է Սպիտակի արվեստի դպրոցում։ Մեզ հետ զրույցում երիտասարդ գեղանկարիչը նշեց, որ սա առաջին հերթին մարզի շնորհալիներին բացահայտելու, եւ հաշվելտու միջոցառում է, որի ընթացքում սաները հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց մեկ տարվա աշխատանքը, ինչը անչափ կարևոր է․«Ուրախ ենք, որ իրականացվում են այսպիսի ծրագրեր։ Ամենամյա այս ծրագիրն արդեն սիրվել է հանրության կողմից, մարզերում եւ մարզային երիտասարդների համար անչափ կարևոր են ու ոգևորիչ»։



2008 թվականից իրականացվող ամենամյա այս ծրագիրը միտված է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության զարգացմանը, ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, մանկապատանեկան մշակութային հաստատությունների շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը:



Ծրագրի շրջանակում մարզաբնակ երեխաների համար կկազմակերպվեն  նաև այցելություններ Երևանի մշակութային տարբեր օջախներ: