Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի և Կարեն Գիգոյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 09-12-2019
Ինչպե՞ս դառնալ աստղագետ
Մարդիկ հաճախ են նայում երկնքին, հիանում աստղաբույլ գիշերներով: Շատերին են հետաքրքրում աստղերը, մոլորակներն ու գալակտիկաները: Սակայն քչերն են նախասիրությունը սիրելի մասնագիտություն դարձնելու որոշում կայացնում:
Ինչպես փաստում են աստղագետները, աստղաֆիզիկան՝ որպես մասնագիտություն, ոչ միայն հեռանկարային է, այլ նաև կարևոր բացահայտումներ և հայտնագործություններ կատարելու հնարավորություն է ընձեռում: Սակայն այս ամենի մասին պետք է տեղեկացնել պատանիներին, որպեսզի նրանք իրազեկված լինեն և հնարավորություն ունենան որոշում կայացնելու՝ ուզո՞ւմ են դառնալ աստղագետ, ընտրե՞ն այս մասնագիտությունը, թե՞ ոչ: Ըստ ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու Էմիլյա Կարապետյանի՝ աստղագիտության մասին իրազեկման և տարածման առումով խնդիր կա. «Այս խնդիրը լուրջ հիմքեր ստացավ այն ժամանակ, երբ  հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրից հանվեց «Աստղագիտություն» առարկան: Դա է հիմնական պատճառներից մեկը, որ այս առարկայի օլիմպիադաններին մասնակցում են հատուկենտ դպրոցների աշակերտներ: Այդ բոլոր աշակերտներին միավորում է «Ֆիզմաթ» դպրոցը, որտեղ աշակերտներն անցնում են այս պարտադիր առարկան: Միակ դպրոցն է, որտեղ մենք կազմում ենք միջազգային օլիմպիական խումբը: Բոլոր դպրոցներում պետք է անցնեն «Աստղագիտություն» առարկան»: 

Աստղագիտության տարածման, պատանիների և երիտասադրների շրջանում հետաքրքրության մեծացման գործում մեծ է նաև Բյուրականի աստղադիտարանի ներդրումը: Պարբերաբար իրականացվում են գիտաճանաչողական այցեր, հանդիպումներ, էքսկուրսիաներ, որոնց մասնակցում են նաև դպրոցականներ: ԵՊՀ աստղադիտարանում, որը վերաբացվեց անցյալ տարի, նույնպես հյուրընկալվում են տարբեր դպրոցների աշակերտներ: Սակայն հաճախ աստղագիտության հանդեպ սերը մնում է որպես նախասիրություն: «Շատերը պարզապես չեն գիտակցում, որ աստղագիտությունը չի սահմանափակվում միայն տիեզերքը դիտարկելով: Ժամանակակից բոլոր խնդիրները կապված են տիեզերքի հետ: Բոլոր ժամանակներում տիեզերքը առաջադրել է խնդիրներ գիտությանը, իսկ այսօր դրանցից են աստղաքիմիան, աստղաինֆորմատիկան, աստղակենսաբանությունը և այլն»,- ընդգծում է Կարապետյանը:



ԵՊՀ աստղադիտարանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, ծառայում են որպես ուսումնական և գիտական բազա ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի համար:  Ամբիոնում կրթությունն իրականացվում է Բյուրականի աստղադիտարանի ողջ ներուժն օգագործելով: Դասախոսները գալիս են ԲԱ-ից, իսկ ուսանողներն այնտեղ անցնում են մասնագիտական պրակտիկա: Միջազգային համագործակցությունը նույնպես իրականացվում է աստղադիտարանի միջոցով: 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ուսանողները միայն երրորդ կուրսում հնարավորություն ունեն ընտրելու աստղաֆիզիկան՝ որպես մասնագիտացում: Մինչ այդ նրանք ուսանում են ընդհանուր ֆիզիկա: Բացի այդ՝ ամբիոնը պատրաստում է «Աստղաֆիզիկա» մասնագիտությամբ մագիստրոսներ։ Մեզ հետ զրույցում Էմիլյա Կարապետյանը, ով նաև ԵՊՀ-ում «Աստղաֆիզիկա» առարկայի դասախոս է, նշեց, որ նախորդ տարի «Աստղաֆիզիկա» մասնագիտությամբ մագիստարատուրայում ունեցել են հինգ մագիստրանտ: 

«Ուսանողների շրջանում կա հետարքրքություն, նրանք ընտրում են այս մասնագիտությունը: Դրա վառ օրինակն էլ այն հանգամանքն է, որ ամեն տարի մագիստրոսական ծրագրում ունենում ենք դիմորդներ»,- կարևորեց Կարապետյանը:

Կարեն Գիգոյանը սովորում է ԵՊՀ ֆիզկայի ֆակուլտետում՝ «Աստղաֆիզիկա» մասնագիտացմամբ: Բյուրականի աստղադիտարան առաջին անգամ այցելել է, երբ երկու տարեկան էր: Հենց այդ տարիքից էլ նրա մոտ առաջացել է սերը դեպի տիեզերքը: Նա փաստում է՝ աստղագետները շատ հնարավորություններ ունեն լավ կարիերա ստեղծելու համար: Այդ հնարավորություններից մեկն էլ միջազգային աստղագիտական ընկերությունների և աստղադիտարանների հետ գործակցությունն է:  

«Անձամբ ես համագործակցում եմ Մարսելի աստղադիտարանի հետ: Տարին 1-2 անգամ հնարավորություն կա մեկնելու և հենց Մարսելի աստղադիտարանում աշխատանք իրականացնելու: Այժմ, քանի որ սովորում եմ ԵՊՀ-ում, չեմ կարողանում հաճախ մեկնել, բայց երբ ավարտեմ, ծրագրում եմ աշխատանքս շարունակել հենց Մարսելում»,- պատմում է երիտասարդ աստղագետը: 



Ստորև ներկայացնում ենք մի քանի կարևոր խորհուրդ, որոնք օգտակար կլինեն այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են ընտրել աստղագիտությունը՝ որպես մասնագիտություն:
  • Սիրել մասնագիտությունը և պատրաստ լինել նոր հորիզոններ բացահայտելուն
Աստղագիտությունը, ինչպես մյուս բոլորը մասնագիտությունները, պետք է ընտրել գիտակցաբար, քանի որ միայն մասնագիտությունը սիրելու, աշխատանքին նվիրվելու դեպքում հնարավոր է գրանցել հաջողություններ:
  • Ստանալ մասնագիտական կրթություն
Մասնագիտական որակյալ կրթություն ստանալը աստղագետ դառնալու կարևոր նախապայմաններից մեկն է: Միայն մասնագիտական կրթության և հիմնարար գիտելիքների շնորհիվ կարելի է այս ոլորտում հասնել հաջողությունների:
  • Լինել աշխատասեր և համբերատար
Այն հարցին, թե ինչ հատկանիշներով պիտի օժտված լինի ապագա աստղագետը, ԵՊՀ դասախոսը Էմիլյա Կարապետյանը նշում է՝ համբերատար, որպեսզի երկարարտև դիտարկումներ կարողանա իրականացնել և ամենից կարևորը՝ աշխատասեր. «Մեր ժամանակ ասում էին՝ աստղագետ դառնալը շատ հեշտ է, քանի որ աստղագիտությունն այն բնագավառն է, որտեղ փոքր կարողություններով, բայց մեծ աշխատասիրությամբ օժտված մարդիկ կարող են լավ արդյունքների և հաջողությունների հասնել: Բացի այդ՝ տիեզերքը ահռելի նյութ է տալիս ուսումնասիրման համար: Պետք է աշխատասիրություն և համբերատարություն»:
  • Տիրապետել օտար լեզուների
Միջազգային աստղագիտական համայնքում ուրույն տեղ ունենալը՝ ապագա աստղագետի համար երազանք է, որը կարող է իրականություն դառնալ ոչ միայն մասնագիտական խորը գիտելիքների շնորհիվ: Աստղագիտությունը այն ոլորտներից է, որտեղ շփումը, համագործակցությունը այլ երկրների աստղագետների, օտարազգի մասնագետների, աշխատակիցների, փորձագետների հետ անհրաժեշտ է: Բացի այդ մասնագիտական գրականությունը Հայաստանում հասանելի է օտարալեզու բնագրերով: Հետևաբար՝ օտար լեզուների տիրապետելը պարտադիր է: Աստղագետը, եթե ցանկանում է մասնագիտական հաջողված կարիերա ունենալ, ապա պետք է տիրապետի առնվազն երկու օտար լեզվի: Հայ աստղագետների համար սովորաբար այդ երկու օտար լեզուները անգլերենը և ռուսերենն են: 



Կարևոր է նաև Հայաստանում և աշխարհում աստղագիտության պատմությունը ուսումնասիրելը և աստղագիտության ոլորտում կատարվող նորարարություններին, հայտնագործություններին հետևելը:

Աստղաֆիզիկան այն եզակի մասնագիտություններից է, որ համընդհանուր է միջազգային հանրության համար: Այստեղ չկան սահմաններ, քանի որ ուսումնասիրման առանցքում անպարագիծ տիեզերքն, որն էլ ապահովում է անսահմանափակ հնարավորություններ բազմաթիվ հետազոտությունների, ուսումնասիրությունների, մասնագիտական շարունակական աճի և վերելքների համար: