Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Գայանե Արամյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 2019-12-07 23:05
«Քան» ակադեմիա. կրթություն առանց սահմանների
Ցանկանում եք սովորել բայց օրինակ վճարունակ չեք կամ պարզապես ժամանակ չունեք այցելելու որեւէ ուսումնական հաստատություն, ապա այս նյութը Ձեզ համար է, քանի որ մենք այս անգամ անդրադարձել ենք այլընտրանքային կրթություն տրամադրող «Քան» ակադեմիային եւ զրուցել ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ղեղավարը Գայանե Արամյանի հետ:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում «Քան» ակադեմիան։

«Քան» ակադեմիան առաջարկում է վարժություններ, ուսուցողական տեսանյութեր և անհատական ուսուցողական հարթակ, որտեղ սովորողն ինքն է պլանավորում իր ուսումը և ունի կարգախոս՝ «Ապահովել անվճար, համաշխարհային մակարդակի անվճար կրթություն բոլորի համար և ամենուրեք»։ «Քան» ակադեմիայի առցանց հարթակը անվճար է և հասանելի բոլորին՝ անկախ սոցիալական, հասարակական հնարավորություններից և գտնվելու վայրից։ 

Հարթակի օգնությամբ սովորողները, ծնողներն ու ուսուցիչները և, ընդհանրապես, ինքնակրթությամբ զբաղվողները կարողանում են անվճար օգտվել աշխարհի առաջատար կրթական ռեսուրսներից մեկից և ստանալ 21-րդ դարին համահունչ հայալեզու կրթություն։ Մենք հավատում ենք, որ առցանց կրթության լուծումները հնարավորություն կտան հայ սովորողներին ծանոթանալու միջազգային լավագույն կրթական փորձին և դառնալու համաշխարհային կրթական շարժման մի մասնիկը։

Մեր թիմն արդեն հասցրել է ստեղծել ավելի քան 2800 հայերեն տեսանյութ youtube-ում և 12,000 հայերեն վարժություն ու հոդված։

-Ե՞րբ է այն հիմնադրվել, ովքեր են ստեղծողները։

«Քան» ակադեմիան հիմնադրվել է 2006 թվականին` Սալման Քանի կողմից: «Քան» ակադեմիայի նյութերը հայերեն են տեղայնացվում «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2017 թվականից։ 

-Այլընտրանքային  ուսման այս տարբերակը ընդունված է ողջ աշխարհում, հետաքրքրիր է՝ ինչպիսի՞ն է հայ հանրության արձագանքը։

«Քան» ակադեմիայի ծրագրի սկսվելու առաջին իսկ օրվանից հայ հանրության արձագանքը շատ դրական և ոգևորիչ է եղել: Հարթակի նյութերի վերաբերյալ մենք անընդհատ ստանում ենք տարբեր դրական մեկնաբանություններ: Համացանցում իսկապես քիչ են հայերենով դասավանդվող որակյալ առցանց նյութերը, և մենք հավատացած ենք, որ «Քան» ակադեմիայի կրթական նյութերը շատերի համար կարող են օգտակար լինել:  Պարզապես պետք է հնարավորինս շատ մարդու փորձել տեղեկացնել, որ կա նման հնարավորություն։



-Քանի որ «Քան» ակադեմիայում հնարավոր՛ է եւ դասավանդել, ե՛ւ սովորել, խնդրում եմ ներկայացնել՝ ովքեր կարող են  առհասարակ հայտնվել այս տիրությում։

«Քան» ակադեմիայում կարող է գրանցվել ցանկացած տարիքի սովորող, որևէ սահմանափակում չկա: Սովորողը, գրանցվելով կայքում, ընտրում է, թե որ առարկաններն է ցանկանում ուսումնասիրել և սկսում է լուծել տվյալ բաժնի վարժությունները, կարդալ հոդվածները և դիտել տեսանյութերը: Սա անհատականցված ուսման ու ինքնակրթության համար հրաշալի հնարավորություն է։  Ցանկացած գործողություն կայքում միավորների տեսքով պահպանվում է` սովորողին մատուցելով երկարաժամկետ ուսուցման առցանց գործիք: Հարթակում մի քանի հետաքրքիր գործիքներ կան նաև ծնողների և ուսուցիչների համար: Ծնողը գրանցվելով` կարող է այնուհետև իր երեխաներին գրանցել կայքում և հետևել իրենց ուսման առաջադիմությանը: Հարթակը ուսուցիչներին ևս տրամադրում է շատ տարբեր գործիքներ և լուծումներ: Իրենք կարող են բացել առցանց դասարան, գրանցել իրենց աշակերտներին և կազմակերպել ճկուն դասավանդում ՝ յուրաքանչյուր սովորողի կարիքներին համապատասխան: «Քան»-ի հարթակում փոքրերի համար նույնպես կա սովորելու հետաքրքրաշարժ մեթոդ՝ խաղային տարրերով։

-Խնդրում եմ ներկայացնել բաժինները, թեմաները եւ առարկաների ընտրության առանձնահատկությունները։

 «Քան» ակադեմիայում հայերենով հասանելի են հետևյալ բաժինները.
Մաթեմատիկա
Տարրականից մինչև բարձրագույն մաթեմատիկա
Համակարգչային գիտություն և ծրագրավորում
Համակարգչային հմտություններ, համացանց, ծրագրավորման լեզուներ
Արվեստներ
Արվեստների, մասնավորապես երաժշտության պատմություն
Ծանոթություն դասական երաժշտությանը, գործիքներին, քանդակագործությանը, լուսանկարչությանն ու ճարտարապետությանը
Ֆինանսներ և կապիտալի շուկա
Տեսանյութեր ֆինանսների և կապիտալի շուկայի վերաբերյալ
Ձեռնարկատիրություն
Աշխարհի հաջողակ ձեռնարկատերերի հետ հարցազրույցներ և նրանց փորձի ներկայացում
Կրթություն
Ծանոթություն համակցված կրթությանը և դրա տարբեր մոդելներին
Բնական գիտություններ
Քիմիայի հիմունքներ
Հումանիտար գիտություններ
Անգլերենի քերականություն

- Ո՞րն է հայ հանրութան ամենասիրելի  դասընթացը։

Ամենաշատ դիտված տեսանյութերից է բազմապատկման մասին տեսանյութը, ինչպես նաև «Պարագիծ և մակերես» թեմային առնչվող տեսանյութը։ Անգլերենը նոր բաժին է, վստահ ենք՝ այն նույնպես կունենա շատ հետևորդներ։





-Ի՞նչ է տալիս «Քան»-ի գործունեությունը գրանցված ուսուցիչներին եւ ուսանողներին։

Ուսուցիչներին և սովորողներին «Քան» ակադեմիայի կայքը տալիս է շատ տարբեր հնարավորություններ: Ուսուցիչները, գրանցվելով կայքում, կարող են աշակերտների համար բացել առցանց դասարան և ամբողջությամբ հետևել իրենց առաջընթացին: Կարող են ստանալ մանրամասն հաշվետվություն, թե ինչպես են աշակերտները կատարում վարժությունները, որտեղ են դժվարանում, արդյոք վարժությունները լուծելիս օգտվում են հուշումից, ինչպես նաև որքան ժամանակ են անցակացնում որևէ վարժություն, թեստ կամ ստուգողական լուծելիս: 

Ուսուցիչները շատ հաճախ մտածում են, որ նմանատիպ հարթակները իրենց փոխարինող գործիքներ են, սակայն ճիշտ հակառակը: Առցանց հարթակները հիմնականում հանդիսանում են աջակցող գործիքներ, և ուսուցիչն ինքն է ընտրում՝ ինչ մեթոդով և հաճախականությամբ օգտագործել այն: 

Ուսանողները կարող են իրենց նախընտրած պահին սովորել, պարապել, նաև՝ լրացնել ինչ-որ պահի բաց թողնված թեմաները։ Հատկապես կարևոր է, որ թեմաներն անընդհատ թարմացվում են։

- Հատկապես որպես ուսուցիչ գրանցվածների տրամադրած նյութերի ճշգրտությունը եւ ճշմարտությունը որքանո՞վ է ստուգվում։

Նյութերի թարգմանության, տեղայնացման աշխատանքները բավական երկար և բարդ գործընթաց է. կա ինչպես թարգմանչական, խմբագրական, այնպես էլ մասնագիտական ստուգման աշխատանք: Կայքում կատարվում է թարգմանչական, խմբագրական, տեխնիկական և մաթեմատիկայի լավագույն ուսուցիչների կողմից ստուգման աշխատանքեր: Այս պահին ակտիվ աշխատում ենք հասանելի դարձնել մաթեմատիկայի 1-8- րդ դասարանի նյութերը` պետական չափորոշիչների համապատասխան վարժություններ, հոդվածներ և տեսանյութեր հանրակրթական դպրոցներին: 



-Արդյո՞ք այն թիմային աշխատանքի արդյունք է։ 

Այս բոլոր տեսանյութերը, հոդվածներն ու վարժությունները թիմային մեծ աշխատանքի արդյունք են, և մեր հաջողության գրավականը հենց թիմային աշխատանքն է։ Ուշագրավ է, որ մեր թիմը շատ երիտասարդ է, և նրանցից շատերը կամավորության սկզբունքով են  օգնում ստանալ հայալեզու կրթական հարուստ բազա։

-Կարծում եմ՝ շատերին կհետաքրքրի, թե ինչպես է հնարավոր դառնալ «Քան» ակադեմիայի ուսանող։

Ակադեմին բաց, առցանց հարթակ է։ Ամեն ինչ շատ պարզ է. պարզապես անհրաժեշտ է այցելել hy.khanacademy.org, գրանցվել և սկսել սովորել «Քան»-ի հետ։ 

-Եվ արձագանքների մասին. նկատողություններ, առաջարկություններ արդեն ստացե՞լ եք։

Մենք ստանում ենք բազմաթիվ արձագանքներ կայքում և youtube-յան էջում: Հատկապես սիրում ենք youtube-յան անկեղծ մեկնաբանությունները մեր օգտատերերի կողմից. իրականում մենք խրախուսում ենք բոլորին տալ իրենց անկեղծ կարծիքը, քանի որ այդ կերպ կարող ենք նյութի որակն ու մատուցումը ավելի համապատասխան և մատչելի դարձնել սովորողների և ուսուցիչների համար: Հիմնական մեկնաբանությունները, որոնք մեզ շատ են ոգևորում, նյութերի օգտակարության մասին են, ստանում ենք նաև հարթակում նոր բաժիններ ավելացնելու անհրաժեշտություն։

Հույս ունենք՝ «Քան»-ի հետ ավելի ու ավելի շատ մարդ կստանա որակյալ կրթություն, կգտնի անհրաժեշտ նյութեր՝ դառնալով ողջ աշխարհում այս հարթակից օգտվող շուրջ 60 մլն մարդուց մեկը. սա կրթություն է ՝ առանց սահմանների։