Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Սողոմոն Մաթևոսյանի
Տեղադրվել է 2019-12-03 00:59
Կոմիտաս վարդապետի մեծարման հանդիսություն՝ Մայր Աթոռում
Դեկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի հանդիսասրահում տեղի ունեցավ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանի առիթով հանդիսություն:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, պետական այրեր, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և այլ հրավիրյալներ:



Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեց «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, ապա ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:

Երեկույթին կատարվեց «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված նամականիշ-գեղաթերթիկի մարումը: Այնուհետև հանդիսության առիթով ներկաներին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը հղեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:



«Գոհունակ սրտով ողջունում ենք Կոմիտաս վարդապետի 150-ամյակի առիթով կազմակերպված այս համերգի մասնակիցներիդ: Մեր երաժշտության մեծ երախտավորի հոբելյանը այս տարվա մեջ նշվեց տարբեր միջոցառումներով, և այսօր մեկ անգամ ևս համախմբվել ենք մեծարելու մեր ժողովրդի երախտարժան զավակին, ներշնչվելու նրա ստեղծագործություններով, որոնք գրավում և հուզում են ճշմարիտ հայկական մեղեդայնությամբ ու բարձր արվեստով»,- նշեց Գարեգին Բ-ն:



Միջոցառման երկրորդ՝ համերգային հատվածում, կատարումներով հանդես եկան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան)



Համերգային ծրագիրը բաղկացած էր երեք մասերից` «Կոմիտաս վարդապետը», «Կոմիտասը և Եվրոպան», «Կոմիտասը և մենք»: Հնչեցին նաև ստեղծագործություններ, որոնք նախկինում չէին հնչել և քիչ հայտնի էին, քանի որ Կոմիտասի ստեղծագործական կյանքի վաղ շրջանի գործերից էին: