Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 2019-11-23 16:13
Փորձագիտական հանձնաժողովի այցը Գորիս
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ՀՀ 2020թ․ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին հայտ ներկայացրած 5 քաղաքների թվում է նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքը։

Փորձագիտական հանձնաժողովը նոյեմբերի 21-22-ը այց կատարեց նաև հայտատու Գորիս քաղաք։ Փորձագիտական խմբին ուղեկցում էին Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը։ 
 
Այցի շրջանակներում խոսվել է քաղաքի զարգացման ծրագրերի, տեսլականի, խնդիրների, երիտասարդական քաղաքականության, ինչպես նաև հնարավորությունների մասին։ Ներկայացվել են վերջին 1-2 տարիների աշխատանքները, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակները, համատեղ իրականացված ծրագրերն ու դրանց արդյունավետությունը։ 
 
Կարևորվել է հատկապես այն հանգամանքը, որ համայնքում բոլոր ոլորտներն ուշադրության կենտրոնում են։ Գորիսում նախորդ կիսամյակի ընթացքում իրականացվել է 80-ից ավել միջոցառում։ Համայնքում ոչ միայն բարեկարգման ծրագրեր են իրականացվում, այլ նաև կրթական, երիտասարդական, մշակութային և այլ։  Բացի այդ, ակտիվ պահպանվում է կապը համայնքապետարանի և հասարակական կազմակերպությունների միջև, ինչի մասին փաստում են համատեղ իրականացված ծրագրերը։ 
 
Համայնքապետարանը կազմակերպություններին աջակցում է նաև տարածքների հարցով, որը շատ հաճախ կրում է անվարձահատույց բնույթ։ ՏԻՄ-ն այդպիսով շահագրգռում և նպաստավոր պայմաններ է ստեղծում քաղաքացիական հասարակության ակտիվացման և էլ ավելի զագացման համար։
 
Նախկինում Գորիսը չի ունեցել ակտիվ գործող երիտասարդական կազմակերպություն, սակայն այս տարի ստեղծվել է նախաձեռնող խումբ, որին համայնքապետարանը տրամադրել է վերանորոգված տարածք։ Նախաձեռնությունը գրանցվել է որպես Գորիսի երիտասարդական կազմակերպություն։ Սա այլընտրանքային տարբերակ է երիտասարդության ակտիվությունը խթանելու համար, ինչը պսակվել է հաջողությամբ։ 
 
Նշենք, որ Գորիսն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է։ Այդ տիտղոսը կրելուց հետո սահմանված նշաձողը մինչև այսօր պահվում է, և պատահական չէ, որ այսօր Գորիսում ամեն շաբաթ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում։ 
 
Գորիսում շատ են նաև տարբեր պաշտոններ զբաղեցնող երիտասարդները։ Նրանց թվում է նաև քաղաքապետը՝ Առուշ Առուշանյանը։ Երիտասարդ կադրերին իհարկե առավելություն տրվում է, սակայն, միևնույն ժամանակ, կարևորվում ավագ և փորձառու սերնդի հետ ակտիվ համագործակցությունը։ Այս փոխգործակցության արդյունքում էլ Գորիսը բազմաթիվ հաջողություններ է գրանցում մի շարք ոլորտներում։ 
 
Փորձագետների՝ Գորիս այցը համընկել էր Սոցիալական ձեռնարկությունների օրվա հետ․ Գորիսի Կանանց «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ կազմակերպվել էր թեյախմություն։ Ներկա էին համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ղեկավարները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են  համագործակցության շրջանակները։ 
 
Փորձագետներն այցելել են նաև Գորիսի պետական քոլեջ և Գորիսի պետական համալսարան,Գորիսի Երիտասարդական կենտրոն, որտեղ  քննարկում է ծավալվել երիտասարդների հետ՝ կապված վերջիններիս հետաքրքրությունների, գաղափարների և տեսլականի հետ։
 
Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը նշեց, որ Գորիսն ունի բոլոր նախադրյալները 2020թ․ երիտասարդական մայրաքաղաք դառնալու համար, քանի որ ունի ակտիվ, տաղանդավոր երիտասարդներ, կրթական հաստատություններ, զարգացող IT ոլորտ, ինժեներական լաբարատորիաներ, գործում է 3D տպիչների արտադրություն․․․
 
«Գորիսը տարեկան 300 հազարից ավել զբոսաշրջիկ է հյուրընկալում։ Հատկապես վերջին տարիներին հետաքրքրությունը Գորիսի նկատմամբ մեծացել է։ Բոլոր պայմաններն առկա են, մնում է միայն ուժերը կենտրոնացնել, օգտագորել առավելագույն հնարավորություններն ու առկա երիտասարդական ներուժը»,-նշեց Իրինա Յոլյանը։

Եթե ցանկանում եք, որպեսզի Գորիսը դառնա 2020թ․ի երիտասարդական մայրաքաղաք, ապա մինչև նոյեմբերի 25-ն ակտիվ քվեարկեք 1041 համարին ուղարկելով EMGO կարճ հաղորդագրությունը։ 1 SMS-ի արժեքը 50 ՀՀ դրամ է։

Պատկերասրահ՝ Փորձագիտական հանձնաժողովի այցը Գորիս (2019 թ.)