Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 17-11-2019
Անդրանիկ Օզանյանը՝ Վարդգես Ահարոնյանի հուշերում
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը ընթերցասեր հանրությանն է ներկայացնում Վարդգես Ահարոնյանի «Անդրանիկ. մարդը և ռազմիկը» գիրքը:

Մինչ գրքի վերահրատարակումը, այն լույս է տեսել 1957 թվականին Բոստոնում: 

«Համազգայինը, վերահրատարակելով Վարդգես Ահարոնյանի ստեղծագործությունները, մի կարևոր քայլ է անում, որպեսզի Վարդգես Ահարոնյանը մտնի հայստանյան իրականություն, և մեր ժողովուրդը ճանաչի իր ևս մի արժանավոր զավակին»,- նշեց արձակագիր Արտաշես Շահբազյանը:

Պատմագիտական տեսանկյունից գրքի մասին իր կարծիքը հայտնեց և արժևորեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը. «Մենք պարտավոր ենք հանրությանը ներկայացնել զորավար Անդրանիկի մասին հրատարակված ցանկացած աշխատանք, խոսել նրա և՛ մարդկային, և՛ ռազմական, զորավարական տաղանդի մասին:  Վարդգես Ահարոնյանի գրքում տրված է Անդրանիկի բնութագիրը, ով իր ամբողջ կյանքը հայության համար կռիվների մեջ անցկացրեց»:

Ըստ Մինասյանի՝ Անդրանիկ Օզանյանի մասին այս աշխատությունն առանձնանում է նրանով, որ հեղինակը զորավարին ներկայացնում է պարզ, հասարակ մարդու կերպարով, այնպիսին, ինչպիսին նա եղել է իրական կյանքում՝ մարդ, ռազմական գործիչ, նվիրյալ հայորդի և քաղաքացի:

Բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյանն ընդգծում է, որ Վարգգես Ահարոնյանն Անդրանիկի կյանքի մի կարևոր հատվածի զուտ վավերագրողը չէ: Այս գրքում նա տալիս է 20-րդ դարասկզբի հայ ժողովրդի պատմության, մաքառման, հաղթանակների ու պարտադրված պարտությունների իրական նկարագիրը՝ որպես պատերազմական գործողությունների, քաղաքական իրադարձությունների վկան և մասնակիցը: Այս առումով գիրքը պատմական վստահելի աղբյուր է՝ դեռևս խորապես չուսումնասիրված:

«Նկարագրելով Անդրանիկին տարբեր իրավիճակներում և գործածելով գեղարվեստագետի հմտություն՝ հեղինակին հաջողվում է պատում առ պատում ամբողջացնել նրա կերպարը: Գրքում քիչ չեն բնապատկերների հրաշալի նկարագրեր, որոնց կողքին ավելի են ընդգծվում դատարկված ու ավերված հայկական գյուղերի սահմռկեցուցիչ պատկերները: Դրանք դադարում են գեղարվեստական նկարագրեր լինելուց, այնքան իրական ու հավաստի են»,- նշեց Սարգսյանը:

Գիրքը գնահատելի է նաև նրանով, որ մեկտեղում և պահպանում է մի շարք հայ ֆիդայիների անուններ: 

Հավելենք, որ Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից տպագրվել է նաև Վարդգես Ահարոնյանի «Հովհաննես Թումանյան. մարդը և բանաստեղծը» գիրքը: Նախատեսվում է նաև, որ այս շարքի հաջորդ գիրքը կլինի Րաֆֆու մասին: 

Պատկերասրահ՝ «Համազգայինի» երկու նոր գրքերի շնորհանդեսը