Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-11-2019
Աշխարհն այսօր նշում է Ուսանողների միջազգային օրը
Նոյեմբերի 17-ն աշխարհի տարբեր երկրներում նշվում է Ուսանողների միջազգային օրը (International Students' Day)։ Հայաստանում Ուսանողների միջազգային օրը ՀՀ կառավարության որոշմամբ սկսել են նշել 2014 թ.:

Չնայած օրը տոնական է, սակայն, իրականում, տոնի հիմքում դառը և արյունալի դեպքեր են, որոնք պատմության մեջ իրենց անջնջելի հետքն են թողել։

Տոնի պատմության մեկնարկը տրվել է Չեխոսովակիայում։ 1939 թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը: Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, ինչի հետևանքով զոհվեց ուսանող Յան Օպլետալը:  Սա սակայն դեռ ամենը չէ։ Վերջինիս թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի։



Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները, ինչի արդյունքում շուրջ 1200 ուսանող ձերբակալվում է և ուղարկվում Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Նրանցից շատերը մահապատժի են ենթարկվում:

Մինչև պատերազմի ավարտը չեխական բոլոր ուսումնական հաստատությունները փակվում են՝ Հիտլերի հրամանով։ 



Իրադարձություններից 2 տարի անց՝ Լոնդոնում տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների նոյեմբերի 17-ն ամեն տարի նշել որպես Ուսանողի օր։ 

1946 թ. նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսն այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր։

Այսօր արդեն քչերն են հիշում այս արյունալի դեպքերը, շատերն էլ անգամ չգիտեն։ Սակայն մեկ բան հստակ է՝ հաղթանակաները դժվար են տրվում, երբեմն՝ կյանքի գնով։