Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-11-2019
Հրազդանը հյուրընկալեց փորձագիտական խմբին
Նոյեմբերի 15-ին մեկնարկեցին «ՀՀ 2020թ․ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին հայտ ներկայացրած քաղաքներ այցելությունները։ Հայտ ներկայացրած քաղաքների թվում են Հրազդանը, Արմավիրը, Գավառը, Գորիսը և Կապանը։

Մրցույթի կազմկոմիտեն և փորձագետները առաջին  այցը կատարեցին Կոտայքի մարզի Հրազդան քաղաք։ Փորձագիտական խմբին ողջ օրվա ընթացքում ուղեկցում էին Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Այվազյանը և համայնքապետարանի ծրագրերի պատասխանատու Վանուհի Բարեղամյանը։

Փորձագետներին առաջինը հյուրընկալեց քաղաքապետ Սևակ Միքայելյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև փոխքաղաքապետը,  աշխատակազմի քարտուղարը, կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը, ծրագրերի պատասխանատուն և այլք։ Քաղաքապետ Սևակ Միքայելյանը ողջունելով ներկաներին ներկայացրեց քաղաքի հնարավորություններն ու պատասխանեց փորձագետներին հուզող հարցերին։

Հաջորդիվ այց կատարվեց հայտատու՝ «Միասնական Հրազդան» երիտասարդական ՀԿ-ի և «Երեխաների աջակցության հիմնադրամ» ՀԿ-ի գրասենյակներ։ ՀԿ-ների ներկայացուցիչները պատասխանեցին փորձագետներին հուզող հարցերին, ներկայացրեցին իրենց կազմակերպությունների գործունեությունը, նպատակներն ու առաջիկա պլանները։ 

Հրազդանում գործում է նաև գորգագործական արտադրամաս, որը Մերգելյան կարպետի մասնաճյուղն է։ Փորձագետներն արտադրամաս այց կատարելու շրջանակներում ծանոթացան վերջինիս գործունեությանը։ Հատկանշական է, որ աշխատակիցների մեծ մասն այստեղ երիտասարդներ են, որոնք մեծ վարպետությամբ և սիրով են կատարում իրենց աշխատանքը։ Արտադրամասում գործում է նաև ուսուցում, իսկ լավագույն կադրերը հետագայում անցնում են աշխատանքի։ 

Իսկ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ այցելության շրջանակում փորձագետները հանդիպում ունեցան Հրազդանում գործող 3 քոլեջների ուսանողական խորհրդի, ուսանողների, ակտիվ երիտասարդների, 3 ավագ դպրոցների աշակերտների, ինչպես նաև «Միասնական Հրազդան» ՀԿ-ի կամավորների հետ։ Հանդիպման շրջանակներում փորձագետների և երիտասարդների միջև տեղի ունեցավ հարց ու պատասխան։ Երիտասարդները փորձագետների հետ կիսվեցին իրենց մտքերով, գաղափարներով, որոնք վերջիններս նպատակ ունեն իրականացնել Հրազդանի՝ երիտասարդական մայրաքաղաք դառնալու դեպքում։

Փորձագետներն այցելեցին նաև Հրազդանի երկրագիտական թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղ, Կոտայքի մարզային գրադարան, Հրազդանի դրամատիկական թատրոն, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող Առնո Բաբաջանյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոց, վերջերս բացված Կոտայք «ԻնֆոՏուն», Ապրիլյան պատերազմի հերոս, աշխարհի չեմպիոն Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն։ Փորձագետներին ներկայացվեցին քաղաքի տեսարժան և պատմամշակութային վայրերը, տրվեցին նաև տեղեկատվական բուկլետներ։ 

Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Այվազյանը նշեց, որ Հրազդանը բազմաթիվ առավելություններ ունի, որից ամենագլխավորը հենց երիտասարդական ներուժն է։ 

«Աշխատավայրերում հիմնական աշխատուժը երիտասարդությունն է։ Միայն համայնքապետարանում աշխատում է երիտասարդության 70%-ը, իսկ մոտ 60-65%-ը՝ համայնքապետարանին ենթակա հաստատություններում (նախադպրոցական, արտադպրոցական, մշակութային, սպորտային և այլ): Երիտասարդ կադրերին քաղաքում մեծ կարևորություն է տրվում, քանի որ վերջիններս կարողանում են իրենց ստացած գիտելիքներն իրացնել տարբեր ոլորտներում՝ զարգացնելով դրանք։ Քաղաքապետը, որը 1 տարի է ինչ պաշտոնավարում է, ևս երիտասարդ է, ուստի փորձում է հնարավորինս աջակցել երիտասարդ կադրերին՝ մոտիվացնելով նրանց»,-նշում է Արմեն Այվազյանը։ 

2019թ․-ը Հրազդանի համար հոբելյանական տարի է․ քաղաքը նշում է 60-ամյակը, ուստի ցանկություն կա, որպեսզի 2020-ը լինի 2019-ի շարունակությունը՝ նույնքան տոնական և միջոցառումներով լի։  Հրազդանն ինքնին յուրահատուկ քաղաք է, որը 60 տարի առաջ  ստեղծվել է նախկին 7 գյուղերի հիման վրա։ Դրանք այժմ դարձել են թաղամասեր։ 60-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ յուրաքանչյուր թաղամաս ներկայացվել է իրեն հատուկ կոլորիտով, ընդ որում՝ հենց երիտասարդների կողմից։ 

Արմեն Այվազյանի խոսքով՝ երիտասարդների շնորհիվ  այսօր ծաղկում է ապրում նաև 1956թ․-ից գործող Հրազդանի դրամատիկական թատրոնը։ Թատրոնը թատերական խմբերի է հյուրընկալում նաև Երևանից։ Թատրոնում ամիսը մոտ 2-3 միջոցառում է անցկացվում է։ 

«Քաղաքում անցկացվում են նաև բազմաթիվ համերգներ։ Վերջերս կայացած բարեգործական համերգին մասնակցություն են ունեցել հրազդանցի հայտնի երգիչները՝ Արսեն Սաֆարյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռազմիկ Բաղդասարյանը և այլք։ Համերգի ամբողջ հասույթը տրամադրվել է Հրազդանի դրամատիկական թատրոնին, ինչի շնորհիվ թատրոնը կունենա ջեռուցում և հանդիսատեսի առաջ իր հյուրընկալ դռները կբացի նաև ձմռան ամիսներին»,-նշում է Այվազյանը։ 

Նշենք, որ համայնքային ենթակայության տակ գործում է  20 ուսումնական հաստատություն՝ նախակրթարաններ, արվեստի և երաժշտական դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն` նախկին Պիոներ պալատ (անվճար), ինչպես նաև Վահե Զաքարյանի անվան ԵՄՈւԿ-ը (անվճար), մանկապատանեկան մարզադպրոցը (անվճար)։ 

Առավելություններից մեկը նաև այն է, որ ուսումնական խմբակներ կարող են այցելել 18 տարեկանից բարձր անձինք։ Քաղաքում գործում են նաև մասնավոր կենտրոններ՝ պարի, երգի և այլ։ Քաղաքապետարանն իր հերթին մշտապես աջակցում և խրախուզում է մարզական և մշակութային հաջողություններ գրանցած երիտասարդներին։ 

Արմեն Այվազյանի խոսքով՝ Հրազդանի երիտասարդներն իսկապես մեծ ներուժ ունեն, ուստի հնարավորինս ակտիվ քվերակելու են, որպեսզի Հրազդանը դառնա 2020թ․-ի երիտասարդական մայրաքաղաք։ 

Ի դեպ, եթե դուք ցանկանում եք, որպեսզի Հրազդանը դառնա 2020թ․-ի երիտասարդական մայրաքաղաք, ապա մինչև նոյեմբերի 25-ն ակտիվ քվերակեք՝ 1041 կարճ համարին ուղարկելով EMHR կարճ հաղորդագրությունը։ 1 SMS-ի արժեքը 50 ՀՀ դրամ է։ 

Պատկերասրահ՝ Փորձագիտական հանձնաժողովի այցը Հրազդան (2019 թ.)