Նյութը՝ Էմմա Մաթևոսյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-11-2019
Պառով Ստելար բենդի համերգը վերածվեց հայաստանյան ամենամեծ մեգափարթիի
Համաշխարհային ճանաչում վայելող Պառով Ստելար բենդը համերգով հանդես եկավ Հայաստանում: Մեծամասշտաբ իրադարձությունն անցկացվեց նոյեմբերի 8-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Խմբի երևանյան համերգը տեղի էր ունենում Silk Note Festival-ի շրջանակում, որը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։

«Առաջին անգամ ենք Հայաստանում ու շատ շնորհակալ ենք նման ջերմ ընդունելության համար»,-առաջին կատարումից հետո նշեց խմբի մեներգչուհի Ելենա Կարաֆիզին: 

Պառով Ստելար բենդի երևանյան համերգին հնչեցին խմբի՝ վերջերս հանրության դատին հանձնված և ճանաչում վայելող ստեղծագործություններ: Համերգը վերածվեց իսկական մեգափարթիի: 

Պառով Ստելարը և Պառով Ստելար բենդը Մարկուս Ֆյուրեդերի նախագծերն են: Վերջինս էլեկտրո-սվինգ երաժշտական ժանրի հիմնադիրն է, Ավստրիայի միջազգայնորեն ճանաչում վայելող ամենահաջողակ արտիստներից մեկը: Կոլեկտիվն ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, նրանց կատարումները բազում ֆիլմերի, հեռուստատեսային շոուների և գովազդների սաունդթրեքեր են: 

Պառով Ստելարը միջազգային էլեկտրոնային երաժշտության ասպարեզում ցնցում առաջացրեց հենց առաջին Kiss kiss մինի ալբոմի և 2004 թվականին Rough Cuts ալբոմի թողարկումից հետո: Եզակի ձայնը, երաժշտության հանդեպ առանձնահատուկ մոտեցումը և երաժշտական ժանրերի ինքնատիպ համադրությունը շուտով նրան դարձրեցին բեմի ծագող աստղ: Պառով Ստելարը մեծ պահանջարկ ունի համագործակցությունների և ռեմիքսների իրականացման ոլորտում: Նա աշխատել է Թոնի Բենեթի և Լեդի Գագայի, Լանա Դել Ռեյի, Լուկաս Գրեհեմի և բազում այլ արտիստների հետ:  

8 Amadeus Austrian Music Awards հաղթող է (դրանցից 5-ը՝ լավագույն էլեկտրոնային/պարային, 2-ը՝ լավագույն կենդանի կատարում և 1-ը՝ լավագույն ալբոմ անվանակարգերում):

Պառով Ստելար բենդն աշխարհում հանդես է եկել ավելի քան 1000 կենդանի կատարումներով, դրանցից են, օրինակ, Նյու Յորքի PlayStation Theater-ում, Լոնդոնի Alexandra Palace-ում, Փարիզի Zenith-ում և եվրոպական այլ սրահներում կայացած համերգները: 

Պատկերասրահ՝ Պառով Ստելար բենդի համերգը Երևանում