Նյութը՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնից
Լուսանկարները՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնից
Տեղադրվել է 14-11-2019
Քայլ ընդդեմ պլաստիկի Գորիսում
Նոյեմբերի 12-ին Գորիսում անցկացվեց բնապահպանական քայլարշավ-աշխատաժողով։ ԵՄ համաֆինանսավորմամբ և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Երիտասարդների քայլը հանուն մաքուր Գորիսի» ծրագրի շրջանակում անցկացվող միջոցառման նպատակն էր բարձրացնել Գորիսի և Վարարակն գետի աղտոտվածության վերաբերյալ բնակիչների իրազեկության աստիճանը, ոլորտի դերակատաների հետ տեղում դիտարկել առկա խնդիրներն ու միասին քննարկել դրանց լուծմանն ուղված տարբերակները:

Հակապլաստիկ միջոցառումը կազմակերպել էր «Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ-ն, որը նաև ժամանակին Վարարակն գետը պլաստիկից մաքրելու նպատակով Գորիսում ստեղծել և այսօր էլ գործարկում է պլաստիկի վերամշակման սոցիալական ձեռնարկություն-արտադրամաս։

Միջոցառմանը մասնակից Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, ՏԻՄ ներկայացուցիչները, ոլորտի փորձագետները, դպրոցականները, երիտասարդներն ու ակտիվ քաղաքացիները քայլերթով անցան Վարարակն գետի երկայնքով, բաժանեցին պլաստիկ թափոնների վտանգի և աղբի տեսակավորման կարևորության մասին հուշող թռուցիկներ։ Քայլերթի ընթացքում պաշտոնապես բացվեցին նաև ծրագրի շրջանակում Վարարակն գետի երկայնքով տեղադրված իրազեկող ցուցանակները և պլաստիկ թափոնների համար նախատեսված 10 նոր աղբամանները: Պլաստիկի համար նախատեսված աղբամանի մեջ նետվեցին առաջին, խորհրդանշական պլաստիկ թափոնները։ 



«Գորիս համայնքը արժանացել է  2019 թվականի  «Տարվա լավագույն համայնք» անվանակարգով մրցանակի: «Մաքուր Գորիս» ՀԿ-ն իր լուման ունի այդ գործում , որովհետև համայնքում գործող այն ՀԿ-ներից  է, որ ապրում է նրա մաքրության ու բնապահպանական խնդիրների լուծմամբ»,-ասաց Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:  

Քայլերթից հետո  երիտասարդ բնապահպաններն այցելեցին «Պլաստիկից՝ պլաստիկ» արտադրամաս՝ ծանոթանալով սոցիալական ձեռնարակութան աշխատանքներին և քննարկեցին պլաստիկի վերամշակման զարգացման հնարավորությունները։ 



«Այսօր արդեն բնապահպանական խնդիրների մասին խոսելը բավարար չէ, մեզանից յուրաքանչյուրն իր տեղում իր գործով ու առօրյա կենցաղով պետք է առնվազն չխորացնի առկա խնդիրները։ Հույս ունենք, որ տեղադրված ցուցանակները կմեծացնեն մեր քաղաքի գետի մաքրության մասին մտածող և աղտոտվածությունը կանխարգելող գորիսցիների թիվը, իսկ աղբամանները կօգնեն այդ գործում»,- նշեց «Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ-ի նախագահ, վերամշակման արտադրամասի ղեկավար Նարեկ Մկրտչյանը։

Շրջայցից հետո քննարկումները շարունակվեցին աշխատաժողովի շրջանակում։ «Մաքուր Գորիս» ՀԿ-ի պատանի բնապահպանները ներկայացրին Վարարակն գետի աղտոտվածության առնչվող իրենց մոնիթորինգի արդյունքում արձանագրած խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված իրենց առաջարկությունները։

Քայլարշավ-աշխատաժողովն իրականացվում էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի «Երիտասարդների քայլը հանուն մաքուր Գորիսի» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում: