Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-11-2019
ԵԱԴ-ը 20 տարեկան է
Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը, նշում է հիմնադրման 20-ամյակը։
Նոյեմբերի 10-ին` Երիտասարդության համաշխարհային օրը, Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնությունը նշում է ստեղծման ու պաշտոնական գործունեության 20 տարին։ Տոնական միջոցառումների շրջանակում ԵԱԴ-ի հին ու նոր ղեկավար կազմի ներկայացուցիչները, հիմնադիր անդամները, ներկայում ակտիվ գործունեություն ծավալող կամավորները հոբելյանը նշելու համար մեկտեղվել էին «Երազ» համալիրում։ Տոնական միջոցառմանը հյուրընկալվել էին անկախությունից հետո ակտիվ հանրային կյանքին մասնակցություն ունեցած գործիչներ:
 
Երիտասարդական ակումբների դաշնությունը վաղուց յուրօրինակ հարթակ է դարձել երիտասարդների ինքնադրսեւորման, ինքնակայացման եւ ինքնաարտահայտման համար: Տոնական օրն էլ բացառություն չէր. ԵԱԴ քարտուղարության անդամ, աշտարակցի Ինեսա Շահազիզյանի դիմանկարների եւ գեղանկարների ցուցադրությունն էր կազմակերպվել: Երիտասարդ նկարչուհու համար սա նոր ճանապարհի սկիզբ էր:
 
ԵԱԴ նախկին եւ ներկա անդամները սրահում տեղադրված էկրանին պարբերաբար հայտնվող լուսանկարների միջոցով հնարավորություն ունեցան հիշելու իրենց ակտիվ գործունեությունը, որն էլ արթնացրեց լուսավոր հուշեր: Հավաքույթի ընթացքում Երիտասարդական ակումբների դաշնության (#FYCA) անցած ճանապարհի մասին տեղեկություններ եւ հետաքրքիր փաստեր ներկայացվեցին:
 
Ներկաներին ողջունեց ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը: Նա ընդգծեց, որ կազմակերպությունը քսան տարի շարունակ քայլել է երիտասարդների հետ՝ նրանց պահանջներին համընթաց:
 
«Ընկերներս ասում են, որ ունեմ երեք երեխա՝ առաջին երեխաս ԵԱԴ-ն է»,- կատակեց Ատոմ Մխիթարյանը: Նա փաստեց, որ ամեն տարի Երիտասարդական ակումբների դաշնությունը հարյուրավոր երիտասարդների մասնակցությամբ իրականացնում է պատկառելի քանակությամբ տեղական ու միջազգային ծրագրեր, կրթական ու մշակութային միջոցառումներ:
 
Տոնական երեկույթի ընթացքում նշվեց նաեւ, որ կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը 1999 թ.-ի նոյեմբերի 10-ին՝ համախմբելով ընդամենը յոթ ուսանողական-երիտասարդական ակումբ, իսկ այժմ ակումբների թիվը հարյուրից ավելի է: ԵԱԴ նախագահը շնորհավորեց բոլորին եւ կոչ արեց հին ու նոր անդամներին շփվել միմյանց հետ. «Գուցե այսօր ծնվեն նոր ծրագրերի գաղափարներ»:
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանն էլ, շնորհավորելով ԵԱԴ-ի ծննդյան տոնի առթիվ միջոցառման ներկաներին, նշեց. «Ըստ իս, կազմակերպության քսանամյակ նշելը բավականին հաճելի է: Մենք տեսնում ենք, թե ինչպես են բացվում ու փակվում կազմակերպությունները, բայց դուք քսան տարի շարունակ ակտիվ գործունեություն եք ծավալել Հայաստանում ու նրա սահմաններից դուրս՝ միշտ լինելով երիտասարդների կողքին: Ըստ էության՝ մենք զբաղվում ենք նույն գործով, պարզապես դուք անում եք հասարակական, մենք՝ պետական մակարդակով: Տեսնելով այստեղ ներկա երիտասարդների վառ դեմքերը՝ համոզվում եմ, որ իմ դրական կարծիքն այս կազմակերպության մասին ավելի քան ճիշտ է»:
 
Երեկոն էլ ավելի գեղեցկացավ նորաստեղծ «FYCA band»-ի կատարումների շնորհիվ: Գեղեցիկ երաժշտական համարներով հանդես եկան Երիտասարդական ակումբների դաշնության քարտուղարության անդամներ Լիլիթ Հովակիմյանը, Անուշ Մնացականյանը եւ ԵԱԴ կամավոր Լյուբա Սահակյանը:

Բարեմաղթանքներով ներկաներին դիմեց նաեւ ԵԱԴ վաղեմի բարեկամ, մշակութային գործիչ Արամ Սուքիասյանը. «Ես շատ ուրախ եմ, որ ներկա եմ այստեղ, սրտանց շնորհավորում եմ բոլորին: Իմ գործընկեր Ատոմ Մխիթարյանը հաղթահարել է բոլոր դժվարությունները, որոնք ի հայտ էին եկել կազմակերպության առաջընթացի ճանապարհին: Մեր երկրի համար պատվաբեր է ունենալ միջազգային դրական իմիջով այսպիսի կազմակերպություն: ԵԱԴ-ի հաջողության գաղտնիքը համարում եմ այն, որ կազմակերպությունը ձեռնպահ է մնացել որեւէ կուսակցության արբանյակ լինելուց: Ուրախ եմ, որ այստեղ տեսնում եմ նոր դեմքեր եւ ինձ համար շատ հաճելի է գրանցել այն փաստը, որ այժմյան երիտասարդները շատ ակտիվ են այս ոլորտում»:

«FYCA band»-ի անդամների կատարումից հետո, շնորհավորական խոսք հղեց ԵԱԴ բարեկամ Գեւորգ Ներսիսյանը. «Ես Ատոմ Մխիթարյանի հին ընկերներից եմ: Որպես ընկեր շատ ուրախ ու հպարտ եմ կազմակերպության գրանցած հաջողությունների համար: Մաղթում եմ, որ կազմակերպությունը այնքան հզորանա, որ շատ միջազգային կազմակերպությունների համար պատվաբեր լինի ԵԱԴ-ի հետ համագործակցությունը»:

Միջոցառման ընթացքում մեկ այլ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ Երիտասարդական ակումբների դաշնության քարտուղարության անդամ Հրայր Պողոսյանը, ով հյուրերի համար ստեղծել էր ինտերակտիվ Kahoot Quiz ԵԱԴ-ի պատմության եւ գործունեության վերաբերյալ: Երեկոն շարունակվեց հյուրասիրությամբ, շնորհավորանքների տարափով, հետաքրքիր խաղերով, ինչպես նաեւ ԵԱԴ 20-ամյակի խորհրդանշական տորթի համտեսմամբ։

Առաջիկայում ԵԱԴ քսանամյակի միջոցառումները շարունակվելու են ե՛ւ առցանց հարթակում, ե՛ւ Երեւանում ու մարզերում գործող երիտասարդական ակումբներում։ 


Պատկերասրահ՝ ԵԱԴ-ը նշեց հիմնադրման 20-ամյակը