Նյութը՝ «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից
Լուսանկարները՝ «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից
Տեղադրվել է 08-11-2019
Վերանորոգվել է Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցը
Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցը, հուրախություն կրթական հաստատությունում սովորող սաների, վերազինվել է 32 նոր համակարգիչներով:
Աշակերտներն այսուհետ կկարողանան ինֆորմատիկա առարկայի շրջանակներում ստացած գիտելիքները գործանակում կիրառել` հագեցած տեխնիկական սարքավորումներով, դիզայներական հետաքրքիր լուծումներով վերանորոգված 4 դասասենյակներում: Համակարգիչներից բացի, դասասենյակները հագեցված են նաև համապատասխան գույքով` սեղաններ «աթոռներ, գրատախտակներ, անհրաժեշտ այլ պարագաներ:

Լուսավոր ու ընդարձակ սենյակներում փոխված են պատուհանները, անցկացվել է ջեռուցման նոր համակարգ: Իսկ միջանցքներում սպասող ծնողներին` հայկական չքնաղ բնաշխարհով, Սուրբ քաղաքի եկեղեցիներով պատկերված նկարները, ծաղիկներն ու հարմարավետ նոր նստարանները` ձանձրանալու առիթ չեն տա: Դպրոցի այս հարկաբաժնի վերանորոգումն ու ժամանակակից տեխնիկական միջոցներով կահավորումն իրականացվել է բարեգործական հիմունքներով` «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Համակարգչային նոր դասասենյակների հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր, որին ներկա էին նաև Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները, դպրոցի տնօրինությունն ու ուսուցչական անձնակազմը: Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աստղիկ Վիրաբյանի խոսքով` 2019թ.-ի փետրվարին, երբ սկսվեց սանհանգույցների վերանորոգման աշխատանքները, հիմնադրամի տնօրինությունը հանձն առավ ստուգել դպրոցի այդ մասնաշենքի սեյսմակայունությունը, և առաջարկեց այն դարձնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների դասասենյակներ:

«Փետրվարից սկսվեցին նաև դասասենյակների շինարարական աշխատանքները: Ընդհանուր առմամբ դպրոց է բերվել 32 համակարգիչ, որոնք տեղադրվել են 4 ընդարձակ սենյակներում: Մինչ ուսուցման հստակ ծրագիր ունենալը, երեխաներն առայժմ կանցնեն ինֆորմատիկա: Նախկինում ունեինք մեկ-երկու հին համակարգիչ, որոնք, կարելի է ասել, այլևս չէին ծառայում նպատակին»,-ասաց Վիրաբյանը:  Բարեգործական հիմնադրամի նախագահ Արթուր Ասատրյանը նշեց, որ վերանորոգվելու և նոր համակարգիչներ են ունենալու Էջմիածնի ևս 12 դպրոց: Ինֆորմատիկա առարկայի գործնական ուսուցումը զարգացման ծրագրի նախնական, առաջնային փուլն է:  Կազմակերպիչները նպատակ ունեն հետագայում դասավանդման կամ պարզապես փորձի փոխանակման համար դպրոցներ հրավիրել  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հմուտ մասնագետների:

«Սուրբ քաղաքն ունենալով հազարամյակների պատմություն, դպրոցներում չունի ուսման համար հարմարավետ պայմաններ: Էջմիածին քաղաքի կրթօջախները ոչ բարվոք վիճակում են: Այս ամենի հետ մեկտեղ, առաջնահերթություն է նաև երեխաների զարգացվածության մակարդակի բարձրացումը:

«Թումո» կենտրոնի մասնագետների հետ նախնական համաձայնություն  ունենք: Լսարանների բացումից հետո, առաջին մեկ տարին, ուսուցիչների աշխատավարձը կապահովի հիմնադրամը, որից հետո, եթե ԿԳՍՄ նախարարությունը, կամ Արմավիրի մարզպետարանը պատրաստակամ լինեն վճարել, շնորհակալ կլինենք: Իսկ, եթե ոչ` ֆինանսավորումը կշարունակի իրականացնել հիմնադրամը` արժանապատիվ աշխատավարձով` արժանապատիվ աշխատանք մատուցելու ակնկալիքով»,- նշեց հիմնադրամի նախագահը: Ասատրյանը բարեկիրթ չհամարեց ասել, թե որքան գումար է ծախսվել դասասենյակների շինարարության և գույքի գնման համար, շեշտելով` «Բարեգործությունը ցուցադրության համար չէ»:

Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանն ընդգծեց` դպրոցաշինության ոլորտում արվող ցանկացած ներդրում ողջունելի է. «Արված աշխատանքին գնահատանքի խոսք ասելու կարիք չկա: Ինչպես արդեն նշեց պարոն Ասատրյանը, այս գործն արվում է` կիրթ, բանիմաց և զարգացած սերունդ ունենալու հեռանկարով: Այն, որ մենք հետագայում կաջակցենք, հստակ է, իսկ թե ինչպես` պարզ կլինի մարզպետի հետ քննարկումներ ունենալուց հետո: Պետք է դեռ հստակեցնենք` ուսման գործընթացի կազմակերպումը, որպեսզի լինի արդյունավետ և հասանելի բոլորի համար»: Բուդաղյանը մտահոգություն հայտնեց մարզի մյուս դպրոցների վերաբերյալ` նշելով, որ բազմաթիվ կրթօջախներ այսօր գտնվում են վատթարագույն պայմաններում. «Այս տարի մարզի վեց դպրոցներում հիմնանորոգում պիտի իրականացվի: Դպրոցաշինությունը սկսվել է շատ մեծ թափով զարգանալ: Ունենք դպրոցներ, որոնք ընդգրկված են տարբեր ծրագրերի մեջ: Այս դպրոցը ևս առաջիկայում կընդգրկվի այդօրինակ մի ծրագրում, իսկ, թե երբ, հստակ չեմ կարող ասել»: