Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-11-2019
Աբրահամ Խաշմանյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը
Վաստակաշատ հայ մասնագետի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թ. նոյեմբերի 30-ը։

Արդեն տեւական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկումներ էին ընթանում, թե Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ով կնշանակվի։ Արմեն Գյուլբուդաղյանցի հեռանալը հնարավորություն տվեց քննարկելու ոչ միայն Հայաստանում հաջողության հասած մարզիչների թեկնածությունը, այլեւ վեր հանելու արտասահմանցի որակավորված մասնագետի կարիքը։

Ամենից շատ քննարկվում էր Ռուսաստանում մարզչական կարիերայի ճանապարհ հարթած հայ մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանի թեկնածությունը։ Հայաստանյան մարզական լրատվական մի շարք կայքեր անգամ վստահ էին, որ Ալեքսանդր Գրիգորյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչի պաշտոնում նշանակումը հաշված ժամեր անց կհայտարարվի ՀՖՖ պաշտոնական կայքում։

Նոյեմբերի 6-ին, սակայն, ինչպես ամպրոպ անամպ երկնքում պայթեց լուրն այն մասին, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Աբրահամ Խաշմանյանի հետ։ Սոցիալական ցանցերում արագորեն տարածվել էր լուրը, թե ՀՖՖ նախագահը պայմանավորվածություն է ձեռք բերել հարգանք վայելող հայ մասնագետի հետ, վերջինս էլ գլխավորելու է Հայաստանի ազգային հավաքականը։

Ժամեր անց ՀՖՖ պաշտոնական կայքը հաստատեց շրջանառվող լուրերը։ ՀՖՖ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, թե Աբրահամ Խաշմանյանի նշանակումը կատարվել է մարզչի եւ ՀՖՖ նախագահի հանդիպումից ու առանձնազրույցից հետո։ Արթուր Վանեցյանը նաեւ հաջողություն էր մաղթել մասնագետին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում՝ նշելով, թե «նախապատվությունը տրվել է հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին». «2019 թ.-ի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»:

Հատկանշական է, որ Աբրահամ Խաշմանյանի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թ.-ի նոյեմբերի 30-ը։