Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-10-2019
«Գանգսթեր Մաքը»՝ մութ կյանքի մասին կրիմինալ կատակերգություն Դրամատիկական թատրոնի բեմում
Երևանի դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրվեց նոր ու ժամանակակից, հակակարծրատիպային ներկայացմամբ: Թատրոնի դերասան և ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն, ով սիրում է էքսպերիմենտներ անել, որոշեց անդրադառնալ ամերիկյան ժամանակակից դրամատուրգ Ռոբին Հաուդինի «Կասկածելի բիզնես» պիեսին՝ դարձնելով այն «Գանգսթեր Մաքը»:

Ներկայացումը, Լոնդոնում հեղինակություն վայելող, մի շարք մութ պատմություններով հայտնի գանգսթեր Մաքի, նրա գիշերային ակումբում աշխատող աղջիկների և նրանց ընկերների մասին է: Ամերիկյան ոճով կոմեդիայի առանցքում սերն է, ընկերությունը, կրիմինալը և գանգսթերական կյանքը: 

«Ժամանակակից ու գերհագեցած իրականությունում անչափ դժվար է գտնել մի պիես, որը հաջողություն կունենա հանդիսատեսի շատ ավելի լայն շրջանում և նրա քիմքին համապատասխան կլինի»,- նշում է Գրիգոր Խաչատրյանը, հավելելով,- «այս պիեսը գրված է հենց բրոդվեյան ոճով և ես փորձել եմ ճիշտ ռեժիսորական լուծումներ տալ՝ ինչն էլ մեր մասնագիտության առանձնահատկությունն է»:

Ներկայացումն, ըստ ռեժիսորի բնորոշման, կրիմինալ կոմեդիա է, հագեցած ժանրին և բովանդակությանը համապատասխան տեսարաններով... Գիշերային կյանքի, մերկապարուհիների իրական կյանքի, նրանց զգացմունքների, թաքնված երազանքների մասին պատմող ներկայացումը զարգանում է ամերիկյան կոմեդիային բնորոշ լուծումներով, իսկ երկրորդ հատվածում անակնկալ՝ պարում են նաև տղաները:

Ներկայացման մեջ զբաղված Դրամատիկական թատրոնի դերասաններ Էմմա Մանուկյանը, Գագիկ Մկրտչյանը, Էմմա Մկրտչյանը, Դիանա Մալենկոն, Նիկոլայ Ավետիսյանը, Լևոն Հախվերդյանը, Լիդա Լևոնյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Նարեկ Քթոյանը: Ներկայացումը վարում է Սամվել Հարությունյանը:

Պիեսի թարգմանությունը, կոմպոզիցիան և բեմադրությունն իրականացրել է Գրիգոր Խաչատրյանը, նկարիչը ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Կարեն Գրիգորյանն է, զգեստները` Մերի Սարգսյանի, խորեոգրաֆիան` Աիդա Սիմոնի, երաժշտական ձևավորման վրա աշխատել է Աշոտ Փափազյանը, իսկ լուսային ձևավորման վրա` Մհեր Միսակյանը:

Պատկերասրահ՝ «Գանգսթեր Մաքը» ներկայացումը