Նյութը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 25-10-2019
«Իտալերենը՝ բեմում»
Աշխարհում իտալերենի շաբաթվա շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Դոլչե վիտա նոն ստոպ» համերգային ծրագիրը։ Այն կազմակերպել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Հայաստանում Իտալիայի դեսպանատունը և «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեն։
Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն‚ ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով երեկոյի բոլոր կազմակերպիչներին‚ ընդգծեց‚ որ այս տարի իրականացվող միջոցառումները կրում են «Իտալերենը՝ բեմում» խորագիրը։ Նա նշեց‚ որ ընտրված ձևաչափը տարբերվում է հաղորդակցության մյուս ձևերից‚ քանի որ երաժշտական հաղորդակցության պարագայում իտալերենի նրբերանգները փոխանցվում են ձայնի‚ հնչյունների տեսքով։ «Այս ծրագրի միջոցով իտալերենը ներկայացվում է հանդիսատեսին իր բազմազանությամբ։ «Իտալերենը՝ բեմում» խորագրով երեկոն ներկաներին կմատուցի բեմական հաղորդակցության բոլոր տարբերակները՝ ինտոնացիան‚ դիմախաղը‚ ժեստերը»‚- ասաց Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։

Մոտ 75 րոպե տևողությամբ համերգային ծրագրի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց Նինո Ռոտայի, Էնիո Մարիկոնեի, Նիկոլա Պիովանիի և իտալացի այլ կոմպոզիտորների՝ ֆիլմերի համար գրված մեղեդիները։ Ներկաները վայելեցին «Կնքահայրը», «Ռոմեո և Ջուլիետ», «Մեկ անգամ Ամերիկայում», «Դոլչե վիտա», «Մալենա» և բազմաթիվ այլ ֆիլմերի սաունդթրեքերը։ Երեկոյի ընթացքում էկրանին ներկայացվեցին հատվածներ սիրված կինոնկարներից‚ կատարվեց պատմական ակնարկ՝ անդրադառնալով իտալացի գրողներին‚ դասական կոմպոզիտորներին‚ արվեստագետներին։
 
Տեղեկացնենք, որ իտալերենի շաբաթն իրականացվում է ամբողջ աշխարհում։ Միջոցառումներին ավանդաբար միանում է նաև Հայաստանը։ Նախաձեռնության նպատակն է իտալերենի՝ որպես մշակութային լեզվի տարածումն է աշխարհում։